
Ստեղծվել է քաղաքական նոր կուսակցություն` «Ազգային օրակարգ» անվանումով
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ՝ Ավետիք Չալաբյանի, Արա Հակոբյանի և Իգոր Զարգարյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ժամանակ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները հայտարարեցին քաղաքական նոր ուժի` «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկի մասին` ներկայացնելով կուսակցության ստեղծման հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:
Հայտարարվեց, որ նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։ Խոսելով կուսակցության հիմնադիրների և ակնկալվող քաղաքական և սոցիալական հենարանի մասին, հիմնադիր հանձնախմբի անդամները հայտարարեցին. «Մեզանից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ և ձեռք բերել ճանաչելիություն, և իր կարողությունների զգալի մասը ներդրել հանրային գործունեության մեջ։ Մեր ջանքերը մշտապես ի սպաս ենք դրել ազգային զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանը և հայրենադարձությանը։ Այսօր մենք բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգը, և կերտելու ազգային պետություն։ Այս ճանապարհին կոչ ենք անում մեր համախոհներին՝ միանալ մեզ, համատեղ ձևավորել ժամանակակից ազգային օրակարգը և միասին իրականություն դարձնենք մեր հավաքական իղձերը»:
Հայտարարվեց նաև, որ արդեն սկսվում է կուսակցություն անդամներ հավաքագրելու գործընթաց։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ
Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: Նախկինում աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ: «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության՝ Մոսկվայի գրասենյակի ավագ տնօրեն է: Ներկայումս համակարգում է ընկերության միջազգային մետալուրգիական ոլորտի գործունեությունը, որի վերաբերյալ բազմաթիվ հետազոտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է։
Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր է և հոգաբարձու, Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունների շուրջ բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։
Արա Գասպարյանը ծնվել է 1970 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ու իրավունքի բաժինը, ՌԴ սոցիալական հարաբերությունների և աշխատանքի ակադեմիան, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության մագիստրոսական ծրագիրը: Պատմական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ:
Արա Գասպարյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրենն է։ 2009 թվականից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում` վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը: «5165» ակումբի հիմնադիրներից է:
Արա Հակոբյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով տեսական ֆիզիկոսի որակավորում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում։
Արա Հակոբյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Մալայզիայում և Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչությունում որպես տնտեսական հարցերով մասնագետ, «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։
Ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում հանդիսացել է 1990թ․ ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ, 1989-1990թթ․ եղել է «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամ և «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին։
Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թվականին։ Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում (RANEPA) ստանալով իրավաբանի որակավորում։ 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության լավագույն 1000 թոփ մենեջերներից։ 2012-2014 թվականներին արդյունաբերական քաղաքականության զարգացման ոլորտում զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։
Իգոր Զարգարյանը «Սոյուզ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Արար» հիմնադրամի հոգաբարձու է և անդամակցում է «5165» ակումբին։
Հայկ Շեկյանը ծնվել է 1976 թվականին։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է տնտեսագիտական և կառավարման գիտությունների թեկնածուի կոչում ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում: Նախկինում աշխատել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնւմ որպես ֆինանսական աջակցության ծրագրերի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել ղեկավար պաշտոններ հայկական առևտրային բանկերում:
Հայկ Շեկյանը «ՇՏԻԳԵՆ» ընկերության հիմնադիրն է, «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ:
Վարդան Մարաշլյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆինանսական ակադեմիան մասնագիտանալով միջազգային տնտեսագիտության մեջ։ 2000 թվականին Մոսկվայի պետական համալսարանում ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հասարակական, պետական և մասնավոր ոլորտներում։ Մասնավոր սեկտորում նրա փորձառությունը ներառում է բանկային և անշարժ գույքի ոլորտը։ Աշխատել է Ռուսաստանում գործող մի շարք ընկերություններում` «Սեվերստալ Գրուպ», «Պրոմսվյազբանկ», «Գազպրոմբանկ» և «Norman Asset Management»։ Եղել է նաև տնտեսական գծով խորհրդական Ռուսաստանում գործող Բրիտանական միջազգային զարգացման գործակալությունում (DFID)։ Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը՝ ղեկավարելով հատկապես հայրենադարձության, ԱՊՀ երկրների և երիտասարդական ծրագրերը։ 2012 թվականին դարձել է Repat Armenia («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն։
Վարդան Մարաշլյանը «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ է, ինչպես նաև «Աջակցենք մեր պաշտպաններին» ու «Երևան Կիսամարաթոն» նախաձեռնությունների ակտիվ մասնակից և աջակից։
Մեկնաբանել