HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սաթենիկ Հարությունյան. «Մեր սխալը տարիներ առաջ ստացած տունը վաճառելն ու դոմիկի մեջ մնալն էր»

«Ամեն Աստծու օր տնից դուրս գալուց կմտածեմ, թե տեսնիս կեղնի օր հետ դառնալուց ոչ թե էս դոմիկի դուռը բանամ, այլ՝ բնակարանի»: Սաթենիկ Հարությունյանին այդ միտքը հետապնդում է հատկապես թոռների ծնվելուց հետո: 119/042 տնակում Անահիտն ապրում է որդու, հարսի եւ երկու՝ 3 եւ 5 տարեկան թոռների հետ: Ամուսինը՝ Արցախյան ազատամարտի մասնակից, երկաթուղային դեպոյի մեքենավար Մարտիրոս Սահրադյանը, մահացել է 2006թ-ին: Նախքան երկրաշարժը Սահրադյանների 5 հոգանոց ընտանիքն ապրել է Իսահակյան փողոցի 9 հարկանի շենքերից մեկում:

«8-րդ հարկում կապրեինք: Աղջիկս հենց տանն էլ զոհվել է. երկրաշարժի օրը դասի չէր գնացել: Տղաս դպրոցում է զոհվել, թիվ 16-ը փլվել էր, երեխես ընդեղ էր մնացել, մենակ փոքրս փրկվեց, Դավիթս 1 տարի 7 ամսական էր, ինքը մսուրում էր, որովհետեւ ես աշխատող էի, երեխուն պահող չկար, տվել էի մանկապարտեզ»,- պատմում է Սաթենիկ Հարությունյանը՝ նշելով, որ եթե աշխատանքի գնացած չլիներ ու մնար տանն, ապա կզոհվեին նաեւ ինքն ու փոքր տղան:

Satenik-Harutyunyan.jpg (130 KB)

Կորուստներ ունեցած կնոջը դեկտեմբերի 7-ի դեպքերը մանրամասն վերհիշելու խնդրով չեմ դիմում՝ ավելորդ սթրեսի չենթարկելու նպատակով: Զրույցի ընթացքում տիկին Սաթենիկը միայն հիշում է, որ երբ ինքն ու ամուսինը զբաղված են եղել ավագ զավակների որոնմամբ, փոքրիկ Դավիթին մանկապարտեզից բերելու ցանկություն է հայտնել հորաքույրը: «Գլխարկը նմանեցնելով՝ ուրիշ երեխայի էր բերել,- պատմում է զրուցակիցս,- ասի՝ վա՜յ, հորքուր, էս ու՞մ երեխուն ես բերել, ըսիկ Դավիթս չէ: Հետո վազել, գնացել ենք մսուր, նոր երեխուն գտել ենք, բերել»: Դեկտեմբերյան խառնաշփոթում կորած ու նորից գտնված Դավիթ Սահրադյանն արդեն 31 տարեկան է: 2011թ-ին ամուսնացել է՝ կին բերելով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից: Դավիթի ընտանիքում երկու տղա է մեծանում:

30-years-after-earthquake_Satenik-Harutunyan.jpg (101 KB)

Երկրաշարժից հետո Սաթենիկն ու փոքրիկ Դավիթը աղետյալ Լենինականից տարհանվող ընտանիքների հետ հայտնվում են Սոչիում: Փետրվարին ամուսինը զանգահարում է, թե՝ դեպոյից դոմիկ են տվել, հետ արի: Ղանդիլյան փողոցի հարեւանությամբ գտնվող ճահճային տարածքում ձեւավորվում է երկաթուղային կայարանում աշխատողների ընտանիքներից կազմված տնակային թաղամասը: «Ըստեղ ճահիճներ էին, կբերեին շիբինը կլցնեին, դոմիկները կդնեին վրեն: Էս խոնավ գետնի վրա արդեն 30 տարի կմնանք, չնայած էն ժամանակ կըսեին երկու տարի է, դիմացեք երկու տարուց տուն կուդանք, դրա համար էլ շատ մեծ ուշադրություն չէին դարձնե մարդիկ, թե դոմիկն ուր կդրվեր, մենակ թե իրանց շենքին մոտիկ էղներ կամ իրանց հարազատների դոմիկներին»,- ասում է տիկին Սաթենիկը: 1991թ-ին Սահրադյանների ընտանիքում աղջիկ է ծնվում, կոչում են երկրաշարժին զոհված ավագ դստեր՝ Սոֆյայի անունով: Դստեր ծնունդից մեկ-երկու տարի անց բնակարան են ստանում Շիրակացի թաղամասում: Սաթենիկ Հարությունյանի պատմելով՝ երբեք չեն գնացել այդ տանն ապրելու, ասում է՝ հեռու էր, հարմար չէր մեքենավար ամուսնուն, նաեւ տղայի դպրոցի հարցը կար, ինքն էլ կրկին անցել էր աշխատանքի, ու ցանկություն չկար՝ տեղափոխվելու ծայրամաս: Նորակառույց թաղամասը բուն քաղաքից բավական հեռու էր՝ Մարմաշենի խճուղու հարեւանությամբ:

30-years-after-earthquake_Satenik-Harutunyan_07.jpg (163 KB)

1995թ. Սահրադյանները երեք սենյականոց բնակարանը, որ ստացել էին կորցրածի դիմաց, վաճառում են 2300 ԱՄՆ դոլարով: Ստացած գումարով մեկ այլ բնակարան ձեռք բերելու փորձ չի արվել, զրուցակիցս այդ թեմային չի անդրադառնում, մնում է ենթադրել, որ պարզապես ծախսել են կամ պարտքեր են ունեցել: «Ես շատ լավ գիտեի, օր մեզի էլ տուն չի հասնի ու ոչ մի անգամ չեմ էլ մտածել էդ ուղղությամբ: Տուն ստանալու հարցով սկսել եմ հետաքրքրվել, երբ լսեցի, որ Պաշտպանության նախարարությունը Արցախում կռված ազատամարտիկների ընտանիքներին, որպես պայմանների բարելավում, բնակարան է տալիս կամ դրամական աջակցություն: Սկսեցի հետաքրքրվել՝ պարզվեց մեզի չի հասնի»,- ասում է տիկին Սաթենիկը:

30-years-after-earthquake_Satenik-Harutunyan_04.jpg (126 KB) 30-years-after-earthquake_Satenik-Harutunyan_05.jpg (112 KB)

Կառավաության 947 N որոշումը վերաբերել է ոչ թե պարզապես Արցախում կռվածների ընտանիքներին, այլ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցությանը: Մարտիրոս Սահրադյանը սպանվել էր ՌԴ Տոլյատի քաղաքում: Սաթենիկ Հարությունյանը պատմում է, որ ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի: Սպանության օրը ստացած էր եղել մի քանի ամսվա աշխատավարձը: Նույն օրը՝ երեկոյան, նրան դուրս էին կանչել տնից ու կացնահարել: «Բայց փաստը կա, որ ամուսինս կռվել է Ղարաբաղում, պարգեւներ ունի, արդեն 12 տարի է՝ մահացած է, լավ մի՞թե հնարավոր չէ էդ որոշման մեջ փոփոխություններ կատարել, որ հայրենիքի համար կռված, բայց անարդարացիորեն կյանքից զրկված մարդկանց ընտանիքն էլ ստանա աջակցություն»,- հարցնում է զրուցակիցս:

Սահրադյանների ընտանիքը, երկրաշարժից հետո՝ 90-ականներին, պետության կողմից ստանալով իր հասանելիք բնակարանը եւ վաճառելով, 20 տարուց ավելի է՝ զրկված է պետական որեւէ այլ տեսակի աջակցությունից: «Մեր սխալը տարիներ առաջ ստացած տունը վաճառելն ու դոմիկի մեջ մնալն էր»,-խոստովանում է տիկին Սաթենիկը՝ նշելով, որ 30 տարի ապրելով տնակային պայմաններում՝ երբեք չի դադարել հուսալ, որ մի օր կտեղափոխվի ավելի բարվոք բնակարան:

30-years-after-earthquake_Satenik-Harutunyan_02.jpg (126 KB)

«Հիմի արդեն հույսս բարեգործական հիմնադրամներն են՝ պետությունն իրա պարտքը մեր հանդեպ կատարել է ու մեղավոր չէ, որ մենք անփույթ ենք գտնվել: Մյուս կողմից էլ կյանքն էնքան է բարդացել, օր մենք չենք կարող ինքնուրույն տուն գնել կամ կառուցել: Էս տան միակ աշխատողն ես եմ՝ դպրոցում հավաքարար եմ, 63 հազար դրամ փող կստանամ, էդ դարդից թոռներիս նպաստ էլ չեն տա,- ասում է տիկին Սաթենիկը,- տղես կայուն աշխատանք չունի, հարսս չի աշխատի, եթե չաջակցեն՝ մնալու ենք էստեղ, բայց հավատացեք ինձ, ոչ մի դոմիկատեր չի երազե, օր սաղ կյանք դոմիկ ապրի: Ես էլ գուզեմ, օր գոնե թոռներս նորմալ տան մեջ մեծնան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter