HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մանկապիղծ Սերոբը կարող է նույնիսկ արտասահման մեկնել և այնտեղ շարունակել իր սիրած գործը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի, 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը հայտնի կդառնա միայն առաջիկա օրերին նախատեսված վիրահատությունից հետո:

Եթե հիստոլոգիական հետազոտության արդյունքում պարզվի, որ Ս. Տեր-Պողոսյանի ուռուցքը չարորակ է, ընդ որում` այդ նորագոյացությունն արդեն 3-րդ աստիճանի է (տվյալ հիվանդությունը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում է` անկախ նորագոյացության տեղակայումից), ապա դժվար չէ կանխատեսել, որ նա, օգտվելով ՀՀ կառավարության 26.05.2006 թ. թիվ 825-Ն որոշման ընձեռած հնարավորությունից, ի վերջո կհայտնվի ազատության մեջ: Իսկ դրանից հետո` հայդե արտասահման, ամենայն հավանականությամբ, Ամերիկա, ուր, ասում են, այդ հիվանդության պատճառով 2010 թ. վիրահատվել է:

Ի պատասխան մեր այն հարցի, թե ազատության մեջ հայտնվելու պարագայում մանկապիղծն իրավունք ունի՞ Հայաստանից մեկնելու, օրենսդրությամբ նրա այդ իրավունքը որևէ կերպ սահմանափակվա՞ծ է, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ օրենսդրությամբ այդ խնդիրը բաց է մնում: Այսինքն` եթե անձին հիվանդության պատճառով պատժից ազատ են արձակում, օրենքով նրա կողմից որևէ պարտավորություն` Հայաստանից չմեկնելու վերաբերյալ, սահմանված չէ: Ասում են, թե, օրենսդրության համաձայն, հետագայում առողջանալու դեպքում համապատասխան կարգով կարելի է վերանայել նրան ազատազրկման վայր` քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու հարցը: Ինչպե՞ս, երբ տվյալ անձը կարող է արդեն Հայաստանում չլինել:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` պատժից ազատելու հիմքերից է նաև պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը: Ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 119-րդ հոդվածի («Պատժից ազատված անձանց իրավական դրությունը»)` «Պատժից ազատված անձինք օգտվում են այն իրավունքներից և կրում են այն պարտականությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, բացառությամբ դատվածություն ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար օրենքով նախատեսված սահմանափակումների» (ընդգծումը մերն է): Իսկ ազատ տեղաշարժի, Հայաստանից մեկնելու վերաբերյալ սահմանափակում, ինչպես արդեն նշեցինք, չկա:

Հիմա անդրադառնանք մյուս խնդրին. հնարավո՞ր է արդյոք, որ Ս. Տեր-Պողոսյանի մոտ նշված նորագոյացությունը, ասենք, 2-րդ աստիճանի լինի, սակայն բժշկական համապատասխան հանձնաժողովն իր եզրակացության մեջ այդ աստիճանը բարձրացնի-հասցնի 3-րդի` շատ բարձրաստիճան և ազդեցիկ պաշտոնյայի պահանջով կամ, օրինակ, 1 մլն դոլարի դիմաց: Մի երկրում, ուր նույնիսկ երկրի թերևս հենասյունը համարվող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից ոմանք են իրենց թույլ տվել կաշառակերություն, դավաճանություն և այլ հանցանքներ, անձամբ ես, ցավոք, չեմ կարող բացառել վերը նշվածի հնարավորությունը: Մանավանդ որ, դատելով ամենից, մանկապիղծը մեծ փողերի տեր է, զորեղ հովանավոր կամ հովանավորներ ունի: Նույնիսկ խոսակցություններ կան, թե մասոն է, և մասոնները, ամեն ջանք գործադրելով, նրան պատժի կրումից ազատելու են:

Հենց նորագոյացության աստիճանի թվանկարչության հնարավորությունը նվազագույնի հասցնելու, իրականությանը չհամապատասխանող եզրակացության վերաբերյալ մտահոգությունը հնարավորինս փարատելու համար էլ անհրաժեշտ է, օրինակ, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի և այլ մասնագետներով համալրել համապատասխան բժշկական հանձնաժողովը, առանց հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու, փորձաքննությունը վերցնել պետական ամենախիստ վերահսկողության ներքո: Եթե, իհարկե, վիրահատությունից հետո պարզվի, որ Ս. Տեր-Պողոսյանի հաստ աղիքի նորագոյացությունը չարորակ է և 3-րդ աստիճանի, հետևաբար փորձաքննության ու բժշկական համապատասխան հանձնաժողովի եզրակացության խնդիր կա:

Դժվար չէ պատկերացնել, թե հակառակ պարագայում որն է լինելու հասարակության արձագանքը և վերաբերմունքը Հայաստանում արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների և ընդհանրապես իշխանության նկատմամբ, եթե մանկապիղծը, ազատության մեջ հայտնվելով, մեկնի արտերկիր, այնտեղ արդյունավետ բուժում ստանա ու նույնիսկ շարունակի իր սիրած զբաղմունքը` ներգրավվելով արևմտյան որոշ երկրներում գործող մանկապիղծների «համքարություններից» մեկի մեջ կամ ղեկավարելով այն:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter