HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր

Դեկտեմբերի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ` ողջունելով դեսպանին՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնեց նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: «Աղետներին դիմակայելու առումով մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, և կարծում եմ, որ մեր համագործակցությունն առավել սերտացնելու նախադրյալներ կան: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր պատրաստ է դիմակայել աղետներին: Երբ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին նշվում էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակի օրը, հարց հնչեց, թե ինչ կարողություններ ունի այսօր ԱԻՆ-ը, և ես ասացի, որ եթե 1988 թվականին Հայաստանն ունենար նույն կարողությունները, ինչ ունի այսօր, երկրաշարժի կորուստները շատ ավելի քիչ կարող էին լինել»,- ասաց պրն Ցոլակյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝  արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում Մեղրիում, փորձի փոխանակման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Այս առումով ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դեկտեմբերի 17-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակը՝ այն դարձնելով տարածաշրջանային խոշոր ուսումնական կենտրոն: ԱԻ նախարարի պաշտոնակատարը առաջարկել է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև Սիրիայի և Իրանի մասնագետների՝ մասնավորապես սակրավորների, լեռնափրկարարների և ջրասուզակների համար:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հաստատեց ԱԻ նախարարի պաշտոնակատարի կողմից նշված համագործակցության ուղղությունները: Իր խոսքում դեսպանը նշեց, որ ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը ծավալվում է Իրանի Ներքին գործերի նախարարության և «Կարմիր մահիկի» ընկերության հետ համատեղ աշխատանքի միջոցով, և հույս հայտնեց, որ նախանշված փոխգործակցությունը առավել կընդլայնվի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև բուժօգնության և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:

Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանը նաև անդրադարձավ Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին՝ նշելով, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները հաճախ խնդիրների են հանդիպում այս ճանապարհին: Դեսպանն առաջարկեց ճանապարհի անբարեկարգ հատվածներում տեղակայել փրկարարական ջոկատների հենակետեր՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններ իրականացնելու համար: «Մեզ համար ընդունելի է Ձեր առաջարկը: Կմտածենք, և եթե հնարավոր լինի, ճանապարհի այն հատվածներում, որտեղ բնակչություն չկա, որպես մեկնարկ կփորձենք զբոսաշրջային սեզոնների համար ապահովել հենակետերով: Հանձնարարել եմ Սյունիքի մարզային վարչությունում աշխատանքի ընդունել պարսկերեն իմացող փրկարարների՝ առնվազն 3 հոգու, որպեսզի յուրաքանչյուր հերթապահության ժամանակ տեղում աշխատող մասնագետ ունենանք: Բացի այդ, առաջարկում եմ Մեղրիով Հայաստան ժամանողներին փոխանցել ԱԻՆ-ի 911 հեռախոսահամարը. հարկ եղած դեպքում մեր փրկարարները կհասնեն օգնության»,-ասաց ԻԻՀ դեսպանը:   

ԱԻ նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ իր հանձնարարականով մինչև դեկտեմբերի 27-ը Սյունիքի մարզի Գորայք համայնքի, ինչպես նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ և Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրերի վրա կստեղծվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներին անվտանգ տարածք տեղափոխելու և հարկ եղած դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետևողական աշխատանք տանել նախանշված ուղղություններով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter