HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». անձն իր իրավունքները պաշտպանելու համար ոստիկանին լիազորագի՞ր պետք է տա

Օրեր առաջ «Հայաստան» առևտրի կենտրոնի տարածքը ենթավարձակալներից ազատելու և այն կնքելու գործառույթը, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, ստանձնել էր ոստիկանությունը: Փաստաբանը, հենվելով ՀՀ կառավարության 10.05.2007 թ. թիվ 797-Ն որոշման վրա, ոստիկաններից պահանջում էր (ընդ որում` այդ որոշման տեսանկյունից միանգամայն իրավացիորեն) լիազորագիր ներկայացնել, որը պետք է նրանց սահմանված կարգով տված լիներ դիմողը, տվյալ պարագայում` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Դեպքն իսկապես մտահոգիչ է: Հանրությունն իրավացիորեն պետք է ակնկալի, որ ոստիկանությունը զերծ մնա քաղաքացիաիրավական և, ընդհանրապես, իր իրավասությանը չառնչվող հարցերում միջամտություն, իր գործառույթներից դուրս գտնվող գործողություններ կատարելուց և մյուս կողմից` օժտված լինի իր գործառույթներն անարգել իրականացնելու իրավական հնարավորություններով: Մասնավորապես` նրանով, որ իր լիազորությունների իրականացումը պայմանավորված չլինի տուժողի կողմից տրված լիազորագրով կամ տարօրինակ, առողջ տրամաբանության մեջ չտեղավորվող ձևական այլ պահանջներով:

Իհարկե, տվյալ պարագայում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չէ տուժողը, և ոչ էլ ներխուժման դեպք կա «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ, նրա ներկայացուցիչների կամ հանրախանութի տարածքը վարձակալությամբ օգտագործողների կողմից: Սակայն եթե իսկապես ներխուժում եղած լիներ, մի՞թե լիազորագիր էր պետք, որպեսզի ոստիկանությունը կատարեր օրենքով նախատեսված իր պարտականությունը: Որքան էլ անհեթեթ է, 2006 թ. կատարված լրացմամբ այդպիսի դրույթ է նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 5-րդ մասով, որի ածանցյալն է կառավարության հիշյալ որոշումը: Եվ ինչ է ստացվում. եթե ինչ-որ մեկը ներխուժել է իմ բնակարան և հայտարարում է, որ չի պատրաստվում այնտեղից դուրս գալ, ես ոչ միայն պետք է դիմեմ ոստիկանություն, այլև պետք է գրեմ, սահմանված ձևաթղթի վրա լիազորագիր տամ, որ վերջինս վերջապես անցնի օրենքով սահմանված իր պարտականությունների կատարմա՞նը: Ավելին. եթե նույն անձը որոշի «այդ անմեղ» արարքը կրկնել ամեն օր, ապա իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար պետք է ամեն օր դիմում ներկայացնեմ և լիազորագի՞ր տամ, իսկ ոստիկանությունն էլ, ըստ հիշյալ օրենսգրքի և կառավարության որոշման, պարզապես պետք է բավարարվի ամեն անգամ այդ անձին բնակարանիցս հեռացնելո՞վ: Նույն տրամաբանությամբ շարունակելու դեպքում կարելի է ակնկալել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում մեկ այլ դրույթի ավելացում և կառավարության որոշում, որը կնախատեսի անձի կողմից լիազորագրի տրամադրում ոստիկանին, որպեսզի ոստիկանությունը ձեռնամուխ լինի ցանկացած այլ հանցագործության դեմ պայքարի և կանխման իր լիազորությունների ու պարտականությունների կատարմանը:

Ինչո՞ւ ենք խոսում հանցագործության մասին: Այն պարզ պատճառով, որ բնակարան (իսկ «բնակարան» եզրույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ մասում լայն իմաստ ունի, միայն բնակելի տարածքը չէ, այլ նաև աշխատասենյակը և այլն) ներխուժելն ուղղակի հանցագործություն է` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Նախ նկատենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը հստակորեն սահմանում է ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարում: Հարց է առաջանում` ի՞նչ իմաստ ուներ օրենսգրքում նման դրույթի ներմուծումը և կառավարության որոշման ընդունումը մի հարցի կարգավորման համար, որն արդեն իսկ դարձել էր օրենքի կարգավորման առարկա: Քաղաքացիական օրենսգրքի նշված դրույթը և կառավարության որոշումը ոստիկանության լիազորությունների իրականացումը կախվածության մեջ դնելով ձևական պահանջներից` հակասում են ոչ միայն «Ոստիկանության մասին» օրենքի, այլև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Ավելին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 5-դ մասով ներխուժում է կատարվել քրեադատավարական իրավահարաբերությունների ոլորտ: Ավելորդ չենք համարում հարցնել նաև` այդ ի՞նչ անհրաժեշտությամբ են պայմանավորված եղել հասարակական կյանքն էլ ավելի խճողող օրենսդրական հիշյալ դրույթի, ապա և իրավական ակտի ընդունումը:

Վերադառնանք «Հայաստան» առևտրի կենտրոնի հետ կապված միջադեպին: Լրագրողը հարց տվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչին. «Ներկայումս սեփականատերը դատական կարգով վիճարկում է իրեն սեփականությունից զրկելու հարցը, այդ դեպքում որքանո՞վ է իրավաչափ ոստիկանության միջամտությունը»: Պատասխանը հետևյալն էր` դա այս հարցի հետ կապ չունի:

Թերևս կարելի է չմեկնաբանել այս պատասխանը, սակայն գոնե երկու հարց տանք.

Հարգելիս, եթե անշարժ գույքի սեփականատիրոջ և գրավատուի միջև դատական վեճ կա, այն ինչպե՞ս կարող է կապ չունենալ հենց այդ անշարժ գույքի իրավական ռեժիմի կամ կարգավիճակի հետ: Անգամ եթե սեփականատերը փոխվել է, մի՞թե ձեզ հայտնի չէ, որ դա չի առաջացնում վարձակալության անխուսափելի դադարեցում, մի՞թե տեղյակ չեք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 1-ին մասին, մանավանդ որ իր խոսքում մյուս կողմի փաստաբանը «հուշեց» օրենսդրական այդ դրույթի գոյության մասին:

Ակնհայտ է, որ ոստիկանները թույլ են տվել նաև ՀՀ կառավարության հիշյալ որոշման 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների խախտում, որոնց համաձայն ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ գույքի տարածք մուտք գործող կամ գործած անձը (տվյալ դեպքում` անձինք) տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ անձը, գրավոր կնքված պայմանագրի համաձայն (տվյալ պարագայում` վարձակալական պայմանագրի), իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Կարծում ենք, առևտրային կազմակերպությունները նույնպես պարտավոր են ելակետ ընդունել այն, որ ոստիկանությունը պարտավոր չէ իրենց քմահաճույքներով շարժվել ու ներգրավվել իրենց քաղաքացիաիրավական վեճերին, ոստիկանության մարդկային ներուժը նախատեսված է բացառապես հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարն ու դրանց կանխարգելումն արդյունավետ իրականացնելու համար, ինչում մենք բոլորս պետք է առավել շահագրգռված լինենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter