HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վալերիյ Օսիպյանի եղբորորդու վերաբերյալ գործը վերաբացվել է. տուժողի հարազատները հրաժարվում են Սեդրակ Օսիպյանի դեմ տված ցուցմունքներից

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի վերաբերյալ գործը վերաբացվել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գործով վկայի կարգավիճակ ունեցող Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ 2014 թվականի հունիս ամսին Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր երեք օր անց, շուտով Սեդրակ Օսիպյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Օսիպյանի եղբորորդին իրավապահներին ներկայացել էր միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց էր ընտրվել:

Այն բանից հետո, երբ արդեն հայտնի էր դարձել վերը նշված միջադեպի մասին, Սամվել Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, բարձրաձայնել  էր,  որ 2014-ին Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը փորձել է համոզել, որպեսզի մյուս որդին՝ Սարգիս Հովհաննիսյանն, իր վրա վերցնի դանակահարությունը: Վալերիյ Օսիպյանի վերաբերյալ մամուլում արված հայտարարության հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվել է, իսկ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի վերաբերյալ գործը մինչև վերջերս կասեցված էր:

4 տարի անց, փաստորեն, Օսիպյանի եղբորորդու վերաբերյալ գործը վերաբացվել է: «Հետք»-ին դիմել է Սուսաննա Հովհաննիսյանի որդին՝ Սամվել Հովհաննիսյանը. վերջինս նշում է, որ տեղի ունեցածի սլաքները կրկին փորձում են ուղղել դեպի իր եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանը:

Սամվել Հովհաննիսյանի խոոսքով՝ դեպքից 4 տարի անց երկու նոր վկա է հայտնվել, որոնք Սեդրակ Օսիպյանի ընկերներն են և պնդում են, թե դեպքի գիշերն իր եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանը զանգահարել է իրենց ու ասել, թե դանակահարությունն ինքն է արել, բացի այդ՝ տուժող Վանուշ Ալեքսանյանի ծնողներն ու եղբայրը` Վիգեն Ալեքսանյանը, որոնք Սեդրակ Օսիպյանի դեմ նախկինում մանրամասն ցուցմունքներ են տվել, այսօր «մոռացել են», թե ինչ է տեղի ունեցել, ասում են, թե «շոկի մեջ են եղել»:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ եղբայրը Սեդրակ Օսիպյանի հետ շփում է ունեցել, երբեմն միասին ժամանակ են անցկացրել, ինչ-որ տեղ գնացել, ճանաչել է նաև այն երկու նոր վկաներին, որոնք այժմ իր դեմ ցուցմունքներ են տալիս:

«4 տարի առաջ ո՞ւր էին այդ վկաները»,- հարցնում է Սամվել Հովհաննիսյանն ու նշում, որ միջադեպի մեղքը փորձում են բարդել եղբոր վրա, քանի որ հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն՝  վերջինս միջադեպին հաջորդող ժամանակահատվածում զանգահարել է այդ երկու անձանց:

Սամվել Հովհաննիսյանի եղբայրը՝  Սարգիս Հովհաննիսյանը, այս պահին գործով վկայի կարգավիճակ ունի, Հայաստանում չի գտնվում, նրա անունով ծանուցագրեր են բերվում՝  Քննչական կոմիտե ներկայանալու պահանջով:

Հունիսի 2-ին տեղի ունեցած ու դրան հաջորդած իրադարձություններն՝ ըստ Սամվել Հովհաննիսյանի պատմածի

Սամվել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց հունիսի 2-ին տեղի ունեցած ու դրան հաջորդած իրադարձությունների մասին: Ըստ Հովհաննիսյանի՝ ինքն ու եղբայրն իրենց ավտոտնակի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացնելիս եղել, երբ Սեդրակ Օսիպյանը զանգել ու եղբորը կանչել է իրենց տուն, եղբայրը չի ցանկացել գնալ, և տեսնելով, որ Սարգիսը ոչ մի կերպ չի համաձայնում՝ Սեդրակ Օսիպյանը եկել է իրենց մոտ: Ի վերջո, Սեդրակին հաջողվել է Սարգիսին տանել իր հետ, իսկ ինքը՝ Սամվել Հովհաննիսյանը, գնացել է քնելու:

«Երբ եղբայրս գնում է իրենց տուն, այնտեղ մի աղջիկ է լինում ու վերջինիս երեխան: Սեթոն ոչ սթափ վիճակում իրեն ավելորդ բաներ է թույլ տալիս, ցանկանում երեխային օղի խմեցնել և սիգար տալ, որից եղբայրս բարկանում ու դուրս է գալիս տանից: Սաքոն դուրս է գալիս, Սեդրակը՝ նրա ետևից»,- պատմեց Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ տուժող Վանուշ Ալեքսանյանի եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը, գործի քննության ընթացքում ցուցմունք, ինչպես նաև հարցազրույցներ է տվել այն մասին, որ այն պահին, երբ Սարգիս Հովհաննիսյանը շքամուտից դուրս է եկել, ինքը թքել է գետնին, ինչից հետո Սեդրակ Օսիպյանն արձագանքել է՝ «մի  հատ էլ վրաս թքեիր»: Վիգեն Ալեքսանյանը պատասխանել է՝ դու ի՞նչ կապ ունես, որ թքեի, որից հետո, ըստ Վիգեն Ալեքսանյանի, Սեդրակ Օսիպյանը խփել է իրեն ու հայհոյել: Այս ընթացքում, ըստ Հովհաննիսյանի խոսքի՝ իր եղբայրը տվել է Սեդրակ Օսիպյանի անունը՝ նրան Սեթոյով դիմելով ու ասել, որ «հանգստանա»: Վիգեն Ալեքսանյանն, ըստ Սամվել Հովհաննիսյանի, այսպես է իմացել, որ իրեն հարվածողի անունը «Սեթո» է, նա զանգել ու տան անդամներին ասել է, որ իրեն ծեծի են ենթարկում ու օգնություն կանչել:

Ժամը 22:00-ի սահմաններում, Հովհաննիսյանի խոսքով, մայրը զանգել է իրեն ու ասել, որ իրենց շենքից քիչ հեռու կռվի ձայներ են գալիս, որ ընկերուհին իրեն զանգահարել ու ասել է, որ Սարգիսն ու Սեդրակ Օսիպյանն այնտեղ են:

Դրսում, երբ Հովհաննիսյանը լսել է վիճաբանության ձայները, գնացել է այդ ուղղությամբ, ապա եղբորը վերցրել, որ գնան, քանի որ միայն Սեդրակ Օսիպյանի ներկայությունն, ըստ նրա, «բավական էր՝ մտավախություն ունենալու համար, որ եղբայրը շառի մեջ կընկնի»:

Հովհաննիսյանը պատմեց, որ երբ եղբորը վերցրած՝ գնալիս են եղել, Սեդրակ Օսիպյանը եկել է նրանց ուղղությամբ, ցանկացել իր հետ խոսել ու ասել, թե ինչ է եղել, սակայն ինքը չի ցանկացել լսել Օսիպյանին ու ասել է, որ իրեն հետաքրքիր չէ այդ ամենը:

Երբ հասել են իրենց շենքի մոտ, Սամվել Հովհաննիսյանը եղբորն ասել է, որ գնա տուն, իսկ ինքը ցանկացել է գնալ մոտակա խանութի ուղղությամբ: Այս ընթացքում, այն բանից հետո, երբ Վիգեն Ալեքսանյանը զանգահարել էր ընտանիքի անդամներին ու կանչել օգնության, վերջիններս դուրս եկած են եղել:

Տեսնելով Սեդրակ Օսիպյանին՝ Վիգեն Ալեքսանյանը նրան մատնացույց է արել ու ասել, որ երկար մազերով տղան է խփել: Ապա Սամվել Հովհաննիսյանը տեսել է, թե ինչպես են Ալեքսանյանի ընտանիքի անդամները գցում գետնին ու հարվածում Սեդրակ Օսիպյանին:

«Նա ցանկանում էր վեր կենալ բայց չէր կարողանում, ես գնացի, որ օգնեմ, Վանուշի հայրը ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ տղա ջան, հեռու մնա, շառի մեջ չընկնես»,- պատմեց Սամվել Հովհաննիսյանն ու նշեց, որ եղբայրը` Սարգիս Հովհաննիսյանը, ցանկացել է կռվողներին բաժանել, ու արդյունքում ինքը ևս հարված է ստացել ու ընկել գետնին:  Շուտով Սամվել Հովհաննիսյանն, ըստ իր պատմածի, լսել է, թե ինչպես է Վանուշի մայրը բղավում, «կապույտ աչքերով, երկար մազերով տղան խփեց, բռնե՛ք»: Ըստ Հովհաննիսյանի՝ ինքը հարվածի պահը չի տեսել:

Ըստ Սամվել  Հովհաննիսյանի՝ Վալերիյ Օսիպյանը փորձել է համոզել, որ  եղբայրն իր վրա վերցնի մեղքը

Տեղի ունեցածից քիչ հետո, Սամվել Հովհաննիսյանի խոսքով, եղբայրը՝ Սարգիսը, զանգահարել է իրեն, ինքը ճշտել է տեղը, գնացել նրա ետևից և տեսել, որ Սեդրակ Օսիպյանը Վալերիյ Օսիպյանի հետ է զրուցում, պարբերաբար կրկնում՝ հոպար:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ ինքը լսել է, թե ինչպես է Սեդրակ Օսիպյանն ասում, «որ ասում եմ ես եմ, ուրեմն ես եմ», դրանից հետո, նրա հետ խոսող անձը, Սամվել Հովհաննիսյանի ընկալմամբ, նրան նախատել է, որին հաջորդել է Սեդրակ Օսիպյանի հետևյալ խոսքը. «դե ուրեմն ես չեմ»:

Քիչ անց Սեդրակ Օսիպյանի հետ խոսող անձը ճշտել է, թե ով կա նրա հետ և իմանալուց հետո ասել, որ Սեդրակը հեռախոսը փոխանցի Սարգսին: Ըստ Հովհաննիսյանի՝  եղբորն առաջարկել են, որ իր վրա վերցնի արարքը, ինչին նա չի համաձայնել:

Դրանից հետո Սարգիս Հովհաննիսյանն, ըստ եղբոր պատմածի, բարկացած հեռախոսը տվել է Սեդրակ Օսիպյանին, ասել՝ «հորեղբայրդ ուզում ա սարքի գլխիս», իսկ երբ Սամվել Հովհաննիսյանը նրան ցանկացել է տուն տանել, հրաժարվել է գնալ՝ նշելով, որ եթե տուն գնա, «գլխին սարքելու են»:

Դեպքի օրը՝ վաղ առավոտյան, Սամվել Հովհաննիսյանը, հասկանալով, որ եղբոր համար կարող են ավելորդ խնդիրներ առաջանալ, նրան Հայաստանից դուրս է ուղարկում:

Սամվել Հովհաննիսյանը հանդիպել է Վալերիյ Օսիպյանի հետ

Ըստ Հովհաննիսյանի՝ դեպքի առավոտյան Վալերիյ Օսիպյանը զանգահարել է իրեն ու առաջարկել հանդիպել  ու «տղավարի զրուցել»: Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն ներս են թողել առանց անցագրի, հանդիպել են Օսիպյանի աշխատասենյակում, այնտեղ է եղել նաև Հարութ անունով մի մարդ, ում Օսիպյանը ներկայացրել է որպես իր ընկեր:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի, Վալերիյ Օսիպյանն իրեն ասել է, որ Սեդրակը երրորդ անձի միջոցով փոխանցել է, որ եթե ցանկանում է ճշմարտությունն իմանալ, ապա կանչի և իրեն հարցաքննի: Հետո, Հովհաննիսյանի խոսքով, Օսիպյանն իրեն ուղիղ ասել է, որ ցանկանում է, որպեսզի եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանը, իր վրա վերցնի դանակահարությունը՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում Սարգսին կկարողանա օգնել, իսկ եթե Սեդրակին օգնի, ապա դա շահարկումների առիթ կտա: Մեր զրուցակցի խոսքով՝ Օսիպյանն իրեն ասել է նաև, թե իր մոտ ապացույցներ կան՝ ձայնագրություն, որում եղբայրը՝ Սարգիսը, ասում է, որ ինքն է հարվածողը: Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած իր պնդումներին՝ Օսիպյանն այդպես էլ չի միացրել այդ ձայնագրությունը:

Դրանից հետո, ըստ Հովհաննիսյանի, Օսիպյանի աշխատասենյակում եղած անձինք իրեն առաջարկել են, որ գնա տուժողին այցելության, և ինքը գնացել է, որպեսզի ապացուցի, որ վախենալու ոչինչ չունի:

Հովհաննիսյանը պատմում է, որ այն ընթացքում, երբ ինքը Օսիպյանի աշխատասենյակում է եղել, վերջինս պարբերաբար հարցրել է, թե արդյոք ինքը ճանաչո՞ւմ է տուժողին, ու ինքը պատասխանել է, որ չի ճանաչում: Հետո, երբ իրենք գնացել են հիվանդանոց, մտել են ոչ թե տուժող Ալեքսանյանի, այլ մեկ այլ անձի հիվանդասենյակ, որտեղ ինքը հարցերի միջոցով պարզել է, որ չեն այցելել այն անձին, ում դանակահարել են:

Հիվանդասենյակից դուրս գալուց հետո, ըստ Հովհաննիսյանի, Հարութ անունով անձը զանգել է ինչ-որ մեկին ու ասել «չէ, չկպավ»: Դրանից ինքը հասկացել է, որ վերը նշված գործողությունները ծրագրված են եղել: Հովհաննիսյանը կարծում է, որ այս գործողությունների նպատակը եղել է այն, որ ինքն ասեր, թե  հիվանդասենյակում գտնվողը դանակահարված անձը չէ, և այսպիսով «պարզվեր», որ ինքն իրականում տեսել է տուժողին:

Սամվել Հովհաննիսյանն այցելել է տուժողի տուն

Հիվանդանոց այցից հետո Սամվել Հովհաննիսյանը  նույն անձանց հետ գնացել է տուժող Վանուշ Ալեքսանյանի տուն, իր խոսքով՝ դարձյալ ապացուցելու համար, որ վախենալու ոչինչ չունի: Ալեքսանյանի ծնողներն, ըստ Սամվել Հովհաննիսյանի, իր ներկայությամբ ասել են, որ Սեդրակ Օսիպյանն է հարվածել  Վանուշ Ալեքսանյանին, ապա սկսել դժգոհել, որ կարող էր ձեռքերով հարվածել, այլ ոչ թե դանակով:

Սամվել Հովհաննիսյանն առերեսվել է Սեդրակ Օսիպյանի, տուժողի հարազատների, ինչպես նաև Վալերիյ Օսիպյանի հետ

Հատուկ քննչական ծառայությունում Վալերիյ Օսիպյանի վերաբերյալ քննվող գործի շրջանակներում Սամվել Հովհաննիսյանը առերեսվել է Վալերիյ Օսիպյանի հետ ու նրան հարցեր ուղղել: Մասավորապես` Օսիպյանին հարց է տվել, թե ինչո՞ւ դեպքից հետո, երբ ինքը զրուցել է Սեդրակի հետ, իմացել նրա  և մյուսների գտնվելու վայրը, բոլորին չի ձերբակալել ու տաք հետքերով փորձել պարզել իրողությունը, ինչին ի պատասխան Օսիպյանը նշել է, թե նրանց գտնվելու հստակ վայրը չի իմացել, մինչդեռ, Հովհաննիսյանի պնդմամբ` ինքը ձայնագրություն ունի, որտեղ Օսիպյանն ասում է, որ իրենց գտնվելու վայրը գիտի:

Առերեսման ժամանակ Օսիպյանը պնդել է նաև, թե Սամվել Հովհաննիսյանին իր աշխատասենյակ չի հրավիրել, ինքն իր ցանկությամբ է եկել, մինչդեռ ինքը ձայնագրություն ունի, որտեղ Օսիպյանն ասում է, որ ինքն է կանչել:

Հովհաննիսյանը Օսիպյանին հարցրել է նաև, թե վերջինս եղբորորդու գործով նախաքննությամբ զբաղվե՞լ է, եղե՞լ է դեպք, որ Օսիպյանը խառնվի այս գործի քննությանը, ինչին վերջինս բացասական պատախան է տվել, մինչդեռ Հովհաննիսյանը պնդում է, որ կա ձայնագրություն, որտեղ Օսիպյանը տալիս է անձանց անուններ, փորձում ճշտել, թե նրանք ովքեր են, ինչպես պիտի գտնել նրանց:

Հովհաննիսյանի խոսքով՝ միջադեպից հետո, երբ ինքը եղբոր և Սեդրակ Օսիպյանի հետ է եղել, վերջինս իրեն ձայնագրել է, և տեսնելով, որ իրենց որևէ բան չեն ասում, ինչն ի վնաս իրենց կարելի է օգտագործել՝ սկսել է հարցեր տալ:

Սեդրակ Օսիպյանի վերաբերյալ գործի վերաբացվելուց հետո Հովհաննիսյանն առերեսվել է նաև տուժողի կարգավիճակ ունեցող Վանուշ Ալեքսանյանի ծնողների և եղբոր՝ Վիգեն Ալեքսանյանի, Սեդրակ Օսիպյանի հետ՝ հաշվի առնելով նրանց և իր ցուցմունքներում եղած էական հակասությունները:

Մասնավորապես՝ Վիգեն Ալեքսանյանի՝ նախկինում տված ցուցմունքի ընթացքում քննիչը նրան հարցրել է՝ Վանուշի դեմ կռվող տղաներից մեկը, թե՞ մի քանիսն են վնասվածք ստացել, ինչին նա պատասխանել է, որ վնասվածքը պատճառել է Սեթոն, այսինքն՝  Սեդրակ Օսիպյանը: Քննիչի հարցին՝ դուք տեսա՞ք, թե նա շողացող առարկայի հետ ի՞նչ արեց հարվածելուց հետո, վկան պատասխանել  է՝ «ձեռքը վերցրած՝ թռավ, վիճաբանության վայրում չի գցել»:

Հովհաննիսյանը նկատում է, որ դեպքից անմիջապես հետո տուժողի հարազատները Սեդրակ Օսիպյանի դեմ հստակ ցուցմունքներ են տվել, սակայն հետագայում հիվանդանոցում գտնվող Վանուշ Ալեքսանյանին այցելել են ու բուժման ծախսերը հոգացել, նրան սովորական պալատից տեղափոխել են լյուսք պալատ: Լյուսք պալատից հետո արդեն, ըստ Հովհաննիսյանի, որոշակիորեն փոխվել է Ալեքսանյանների ցուցմունքների բովանդակությունն՝ ի նպաստ Սեդրակ Օսիպյանի:

Հովհաննիսյանը հարցնում է՝ ինչո՞ւ են անձինք, որոնք ասում են, թե նախկինում ուղղորդված ցուցմունքներ չեն գրել, այսօր հանկարծ փոխում իրենց ցուցմունքներն ու անարժանահավատ հայտարարություններ անում այն մասին, թե «շոկի մեջ են եղել», մոռացել են, թե ինչ է կատարվել:

Նշենք, որ Հովհաննիսյանի ու Սեդրակ Օսիպյանի միջև տեղի ունեցած առերեսման ժամանակ Օսիպյանն ասել է, որ ինքը չի տեսել, թե ով է դանկահարությունը կատարել, բայց գիտի, որ կատարողը Սարգսին է: Սեդրակը ասել է նաև, որ դանակահարությունից հետո ինքն ու Սամվել Հովհաննիսյանը սկսել են դանակը փնտրել, սակայն, ըստ Սամվել Հովհաննիսյանի, Սեդրակ Օսիպյանի ասածը չի կարող իրականություն լինել միայն այն պատճառով, որ տուժողի հարազատները դեպքից հետո բացականչել են, որ կապույտ աչքերով, երկար մազերով տղան է դանակահարողը, հետևաբար Օսիպյանը, որ նման արտաքին ուներ, չէր կարող հանգիստ դանակ փնտրել մարդկանց մեջ:

Նշենք, որ մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վալերիյ Օսիպյանի հետ: Վերջինս մեկնաբանություն չտվեց:

«Ես համոզված եմ, նաև վստահ, որ քննության ավարտից հետո հանրությունն արդեն կասկածներ ու թյուրիմացություններ չի ունենա»,- ի պատասխան մեր հարցերին՝ նշեց Վալերիյ Օսիպյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter