HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կանգնակների դեմ «պայքարը» նման է սիգի որսի դեմ պայքարին. անարդյունավետ է

Ավելի քան մեկ տարի առաջ Ճանապարհային ոստիկանությունը սկսեց կամ գոնե ցույց տվեց, թե սկսել է պայքարել կանգնակների դեմ։

Ի՞նչ են կանգնակները: Դրանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կայանատեղիներում կամայականորեն դրված տարբեր իրեր են՝ կամրջակներ, ջեռուցման սարքեր, արկղեր եւ այլն, որոնց նպատակը մյուս վարորղների իրավունքների հաշվին՝ սեփական կազմակերպության, խանութի, վարսավիրանոցի կամ այլ օբեկտի հարակից տարածքները սեփական ավտոմեքենաների համար գրավելն է։

Դրանց առկայությունը քաղաքում ամենաթողության եւ անվերահսկելիության նշան է, խոսում է այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը, որոնք հայտարարել են կանգնակների դեմ պայքարելու վճռականության մասին, թերանում են։

Օրեր առաջ քաղաքապետարանը եւ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեցին կայանատեղիներում կանգնակները վերացնելու, ինչպես նաեւ ոչ օրինական «ստայանշիկների» գործունեությունը կասեցնելու վճռականության մասին։ Նույնն արել է ՃՈ-ն։ Բազմիցս։

Թե ինչու են քաղաքապետարանը, ՊԵԿ-ը կամ ՃՈ-ն քաղաքացիներից ահազանգերի սպասում, երբ ամեն ինչ լավ տեսանելի է, հարցի մյուս կողմն է։ Բայց ահա թե ինչպես է արձագանքում Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների ահազանգին։

Նախորդ շաբաթավերջին փորձեցինք «շատ սիմվոլիկ» ստուգել ՃՈ-ի զգոնությունը։ Երեւանի Վարդանանց փողոցում փոքրիկ շրջայցով պարզեցինք, որ մի քանի հաստատություններ, չնայած պետական մարմինների հայտարարություններին, շարունակում են կանգնակներով գրաված պահել փողոցները։ Ընդ որում, օրենքը խախտում են նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները՝ կանգնակներ տեղադրելով կոմիտեի շենքի առջեւ, վրան էլ հպարտությամբ գրված՝ ՋՏՊԿ։

Հարեւանությամբ տեղակայված ID բանկը, Երեւանի քաղաքապետարանին վճարած լինելով երկու-երեք մեքենա ընդգրկող տարածքի համար, բանկի շրջակայքը շրջափակել է կանգնակներով։ Ճանապարհային ոստիկանության թեժ-գծին կատարած ահազանգին, որ Վարդանանց փողոցում գործող հաստատությունները փողոցը կանգնակներով գրավել են, ոստիկաններն արձագանքեցին այս կերպ․ «Հիմա կմոտենանք»։ Անցավ 35-40 րոպե, ՃՈ-ից այդպես էլ հերթապահ ավտոմեքենա չմոտեցավ։ Երկրորդ զանգին ի պատասխան՝ հերթապահը վստահեցրեց, որ շուտով գործընկերները կլինեն Վարդանանց փողոցում։

Արդեն հաջորդ առավոտյան, Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ID բանկի կանգնակները ոչ միայն շարունակում էին տեղում լինել, այլեւ նրանց թիվն ավելացել էր։

Երեւանի յուրաքանչյուր փողոցում կարելի է կանգնակներ տեսնել։ Ուշագրավ է, որ պետական մարմինները օրենք խախտելու հարցում հետ չեն մնում մասնավոր կազմակերպություններից։ Փողոցը կանգնակներով գրավել են, օրինակ, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Փաստաբանների պալատը, Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ Հարկային ծառայությունը։

Մեկ տարում՝ ոչ մի արդյունք

2017 թվականի հոկտեմբեր ամսին ՃՈ-ն շրջայց էր իրականացրել Երեւան քաղաքում եւ զգուշացրել երթեւեկելի գոտում կանգնակներ տեղադրած կառույցներին։ Ոստիկանությունն այն ժամանակ վստահեցնում էր, որ կանգնակների դեմ պայքար կա, եւ որ չենթարկվողներին 30 հազար դրամի չափով տուգանք է սպառնում։

Այդ շրջայցից ուղիղ մեկ ամիս անց ՀԵՏՔ-ը պարզել էր, որ ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ ոստիկանության կողմից զգուշացված տնտեսվարողները շարունակում էին կանգնակների միջոցով գրավել փողոցները։

Անցել է արդեն մեկ տարի։ ՃՈ-ն հաջողություն չի գրանցել ոչ միայն կանգնակների դեմ պայքարում։ Ճանապարհային ոստիկանության աշխատանքից դժգոհությունները շատ են։ Վարորդները կամ նրանց իրավունքներով զբաղվող մարդիկ նշում են, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո ճանապարհային ոստիկաններն աշխատում են «սիրո, թավշյա, ոչ բռնի եւ հանդուրժողականության» մթնոլորտում։ Այս դեպքում նրանք շատ քիչ են միջամտում կարգազանցների գործողություններին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է կայանումների դեպքերին։

Երեկ Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման բաց հրավեր է արել։ «Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր մտահոգություն են հայտնում ճանապարհային երթևեկության վիճակի կապակցությամբ և բողոքում Ճանապարհային ոստիկանության աշխատանքից։ Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթեւեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին», - նշված է ՃՈ հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը վարորդների մի մեծ խմբի կողմից անխնա քննադատության է ենթարկվում։ Նախ, քաղաքացիներին զայրացրել է բողոքների անփաստարկ լինելու մասին հատվածը։ Հայտարարության տարածումից հետո ֆեյսբուքում վարորդները տեղադրում են խախտումների մասին փաստարկող լուսանկարներ ու տեսանյութեր։

Կանգնակների դեմ Ճանապարհային ոստիկանության «պայքարը» նման է Բնապահպանության նախարարության եւ ոստիկանության համատեղ օպերացիային՝ ընդդեմ սիգի ապօրինի որսի։ Պայքար կա, բայց յուրաքանչյուր շուկայում ազատորեն սիգ է վաճառվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter