HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանը ցանկանում է, որ իր գործը դռնփակ քննվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:

Դատարանում գտնվող Վարդանյանը մինչև նիստի մեկնարկը լրագրողներից պահանջում էր իրեն չնկարել, իսկ մեկնարկին նրա պաշտպան Լուսինե Սահակյանը առարկեց նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ, ավելին՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ ինքը միջնորդություն ունի նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Դատարանն այս միջնորդության լուծումը հետաձգեց, ինչ վերաբերում է նիստը տեսանկարահանելուն, ապա գործի նախապատրաստման փուլում որոշակի ժամկետով թույլատրվեց տեսանկարահանումը, սակայն վերապահումով, որ ամբաստանյալները չհայտնվեն կադրերում:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ տուժող կողմի շահերը ներկայացնող Արայիկ Պապիկյանն, ով նոր է ներգրավվել գործում, հայտնեց, որ նյութերին ամբողջությամբ ծանոթ չէ: 

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանն, ըստ մեղադրանքի, կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։

Գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը մեղադրվում է Բագրատունուն առևանգելու մեջ:

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, առևանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին հայտնի է դարձել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Գործի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, թե գործով տուժողը 2018-ի ապրիլին վերադարձել է Հայաստան, և դրանից հետո է, որ ցուցմունք է տվել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի դեմ:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և տուժողին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` նրա առևանգումը կազմակերպելու համար: 

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Վարդանյանի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են տուժողին ու տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Վարդանյանը ծեծի է ենթարկել նրան, զենքով սպառնացել սպանել նրան:

Ըստ մեղադրանքի՝ տուժողին շուրջ 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո Վարդանյանը սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, և 2017 թվականի հուլիսի 7-ին տուժողը մեկնել է Հայաստանից, ու վերադարձել, ինչպես արդեն նշեցինք, 2018-ի ապրիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter