HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի մեղադրանքից մինչև արդարացում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Արդարության մասին լուրերն ամենասպասվածն են ու ամենացանկալին: Շնորհակալություն, սիրելի ընթերցողներ, որ ինձ հետ կիսեցիք ուրախությունս: Կարդացել եմ Ձեր հազարավոր շնորհավորանքները իմ արդարացման դատավճռի առթիվ:

Դեկտեմբերի 20-ին փախուստի նախապատրաստության գործով իմ դատավճիռը բեկանվեց. 13 տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, ինձ անմեղ ճանաչեց ու տվեց արդարացվածի կարգավիճակ: Փաստացի ապացուցվեց, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը դեռ չի նշանակում, որ ժամանակին կայացվել է արդար ու օրինական դատական ակտ:

Իմ արդարացումն իրականություն դարձավ դատական սխալների վերաբերյալ իմ ու Զարուհու ստացած իրավաբանական գիտելիքների շնորհիվ: Մեր գիտական աշխատանքները մենք կիրառեցինք պրակտիկայում՝ ապացուցելով, որ 2005-ին հինգ իրավաբան՝ հետաքննիչ, քննիչ, դատախազ, փաստաբան ու դատավոր, քրեական իրավունքի այբուբենին անգամ չեն տիրապետել: Իսկ եթե միտումնավոր ինչ-որ հրահանգով են ինձ առանց հանցակազմի դատապարտել, էլ ավելի վատ է:

Մենք գործնականում ապացուցեցինք, որ իմ նկատմամբ անօրեն քրեական հետապնդում և դատապարտում է եղել: Ես հանցանք չեմ գործել, հանցանք գործել է դատարանն իմ նկատմամբ՝ կայացնելով ակնհայտ անարդար դատական ակտ: Այսինքն՝ ստացվում է՝ եթե մենք չդառնայինք իրավաբաններ, ինքս չգտնեի այս անօրեն դատավճռի հիմնարար խախտումը, այդպես էլ պիտի մնար մեղադրական ակտը, ու ես անհիմն համարվեի մեղավոր: Ստացվում է՝ յուրաքանչյուր քաղաքացի դատական համակարգի հետ առնչվելիս պիտի իրավաբանի մասնագիտություն ձեռք բերի:

Գիտեմ, որ այս գործով դատավոր Ռեհանյանն այլևս չկա, փաստաբան Գ. Խաչատրյանին էլ բանտում դատական նիստի օրն առաջին անգամ էի տեսել, մի կին էր, ում դեմքը նույնիսկ չեմ հիշում: Բայց նրանցից որևէ մեկը չասաց՝ ա՛խր այս գործում հանցակազմ չկա, ա՛խր չէր կարող քրեական գործ անգամ հարուցվել փախուստի նախապատրաստության գործով:

Հիմա պատմեմ ամեն ինչ սկզբից.

Արդարության հասնելու մեր համառ պայքարի ճանապարհին էր, երբ իմ ընկեր ու խցակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ հուսահատ կատարեցինք մեր երկու անհավանական, աննկատ, ոչ բռնի փախուստները: Գորիսի բանտից 2004 թ-ի մեր առաջին փախուստից հետո, երբ մեզ ձերբակալեցին, բերեցին «Նուբարաշեն» բանտ: Ինձ ստիպողաբար պահում էին մի խցում, որտեղ հոգեպես անառողջ մարդիկ էին`տիեզերական նավատորմի տիրակալ ու գդալներ ջարդողը: Այս մասին բանտային նամակներիցս մեկում պատմել եմ ձեզ: Անկախ անօրեն ճնշումներց ես համառորեն շարունակում էի իմ պայքարը գործի վերաբացման համար: Հենց այդ ժամանակ էր, որ բանտ եկավ ՔԿ վարչության այն ժամանակվա պետը և հագուստիցս բռնած՝ քաշքշեց ու ասաց.

- Հանգիստ նստի՛ տեղդ, դու մնալու ես է՛դ խցում ու ոչ մի դիմում մի՛ գրի` քո գործը չի՛ վերաբացվի: Նայի՛, հա՛, թե չէ ընտանիքիդ վնաս կտամ:
Այս նույն պետը, երբ դեռ ազատության մեջ էի, մտել էր մեր տուն ու ծնողներիս աչքի առաջ հանել ատրճանակը ու օդում ճոճել.

- Որտեղ բռնեմ Մհերին, իմ ձեռով եմ գնդակահարելու:
Հենց այս պայմաններում էի, երբ արգելել էին որևէ կապ ընտանիքիս հետ` ո՛չ հեռախոսազանգեր, ո՛չ տեսակցություններ, չէին թույլատրում նույնիսկ դիմում գրել գործիս վերաբացման պահանջով: Ստիպված փախուստի նախապատրաստության իմիտացիա արեցի` պատից ծեփեր քանդելով ու լավ իմանալով, որ հենց խցակիցներս էլ մատնելու են: Լավ գիտեի, որ նման իրավիճակում բանտի ադմինիստրացիան ստիպված կփոխի իմ խուցը ու այլևս խելագարների հետ չեմ լինի: Շաբաթ ու կիրակի օրերին այն ժամանակ խցի ստուգում չէր իրականացվում, բայց քանի որ արդեն մատնել էին ինձ` կիրակի օրով ներս մտան աշխատակիցներ ու հայտնաբերեցին քանդած ծեփերը: Անմիջապես ասացի, որ ես եմ արել:

Հիմա, որպես իրավաբան, գիտեմ՝ առավելագույնը ինձ կարող էին ենթարկել վարչական տույժի, բայց… մեկուսարանի պետի հրահանգով ինձ տարան բոքսեր կոչված մութ, խոնավ խցերից մեկը և 7 հոգով սկսեցին ծեծել, այն էլ ձեռքերս հետևից շղթայած: Առնվազն 20 րոպե շարունակում էին ամբողջ ուժով ոտքերով, ձեռքերով, մահակներով հարվածել մարմնիս տարբեր մասերին: Նրանցից մեկը նաև դանակ հանեց և ցանկանում էր կտրել ոտնաթաթիս ջլերը, որ այլևս չկարողանամ փախչել, բայց հենց այդ պահին լսվեցին Կարմիր խաչի աշխատակիցների ձայները: Պատահականություն էր, նրանք ուղղակի անցնում էին այդ հատվածով, որ բարձրանան այլ հարկ: Իմ բերանը պինդ փակեցին, որ չկարողանամ գոռալ, ու երբ Կարմիր խաչի աշխատակիցներն անցան, շարունակեցին անմարդկային ծեծը: Հետո տարան ու փակեցին պատժախցում: Հաջորդ օրը հարազատներս իմացան կատարվածի մասին, մեծ աղմուկ բարձրացրին: Ինձ այցելեցին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմից, Հելսինկայն կոմիտեից, Դիտորդական խմբի ներկայացուցիչներից և արձանագրեցին խոշտանգման փաստը, արեցին նաև մարմնիս վնասվածքների լուսանկարներ:

Հաջորդ օրը հենց բանտի դատական նիստերի դահլիճ կոչվածում պետք է կայանար նիստ Գորիսի բանտից փախուստի գործով: Երբ սև սպեցովկան հագած և այլանդակված դեմքով ինձ տանում էին, միջանցքում կանգնած մայրս անգամ չճանաչեց դեմքս: Երբ հավասարվեցինք, մայրիկիս նայեցի, հասկացա, որ չի ճանաչում.

- Մա՛մ, ե՛ս եմ:
Պատկերացրեք, թե ինչ օրն էին գցել ինձ անաստվածները, որ օրենքի ծառաներ են կոչվում: Նրանք էին իմ նկատմամբ հանցագործություն կատարել` խոշտանգում, այլ ոչ թե ես էի հանցանք գործել:

Երբ եղբայրս ինձ տեսավ այդ վիճակում, հայհոյեց բանտի աշխատակիցներին: Եղբորս արձագանքը շատ բնական էր: Նրան ցանկանում էին ձերբակալել` հայհոյելու համար: Այսինքն՝ փոխարենը քրեական հետապնդում սկսեին և պատասխանատվության ենթարկեին բանտի աշխատակիցներին, ինձ տարան առանձնասենյակ, և պետն ու տեղակալը, թե՝

- Մհե՛ր, արի դու մեր վրա մի՛ բողոքի, թե չէ ախպորդ վրա քրեական գործ կհարուցենք:
Անմիջապես հիշեցի 1996 թվականը, երբ քննիչ Քարիմյանն ասում էր.

- Նայի՛, հա՛, եթե սկսես անուններ տալ, ախպորդ կձերբակալենք:
Սա էր ոստիկանության, դատախազության, քննիչների գործելաոճը` սպառնալ հարազատների հետ հաշվեհարդար տեսնելով ու լռեցնել մարդուն:

Զավեշտալի է, բայց 2005-ին փախուստի նախապատրաստության մեջ իմ դատապարտումը տևեց 20 րոպե, 2 նիստով էլ ինձ մահապատժի են դատապարտել: Իսկ արդարացման հասանք 13 տարի անց:

Իրավաբանի կրթություն ունեցողների համար ասեմ, որ 2005-ին ինձ դատապարել էին քրեական օրենսգրքի 35-355 հոդվածի 1-ին մասով՝ փախուստի նախապատրաստություն: Այնինչ անգամ գործ չէին կարող հարուցել, քանի որ միջին ծանրության հանցագործությունների պարագայում նախապատրաստություն չի լինում, այլ միայն՝ ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում: Իսկ 355-ի 1-ին մասը միջին ծանրության հանցագործություն է:

Ակնհայտ հիմնարար խախտումներ կան նաև 22 տարի առաջվա գործով, որով ինձ մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի 4-5 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինով դատապարտեցին մահապատժի: 22 տարի պնդում եմ, որ ինձ անարդար՝ առանց որևէ ապացույցի դատապարտել են մահապատժի, 22 տարի համառորեն պայքարում եմ այդ անօրեն դատավճռի վերանայման համար:

Ու հասարակությունը վաղուց գիտի, թե ինչ կոռումպացված էր դատական համակարգը, ինչպես էին դատավորները նախագահականից եկող անօրեն հրահանգներ կատարում, ինչպես էին մեծ փողեր և իշխանական կապեր ունեցող հանցագործներին ազատ արձակում և հակառակը` դառնում վրեժխնդրության գործիք փողատեր տուժողների ձեռքում, հաճախ էլ մի անտերի գլխին ջարդում գործը, որպեսզի տուժողին ցույց տան, թե, իբր, բացահայտել են հանցագործությունը: Նաև մինչ օրս կան դեպքեր, երբ տուժողը չի ցանկանում ճշմարտության բացահայտում, որովհետև ինչ-ինչ պատճառներով շահագրգռված չէ, որ իրական հանցագործները բացահայտվեն:

Մենք շարունակում ենք մեր համառ պայքարը` անօրեն, անարդար մահապատժի դատավճռի բեկանման համար և հուսով ենք, որ անցել են ռեժիմի ժամանակները, ու հեղափոխությունը թույլ չի տա, որ դատարանի վրա այսօր նորից ճնշում գործադրվի` միջամտելով գործի արդար քննությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter