Ավագանին ընդունեց Երևանի զարգացման 2019-2023թթ. ծրագիրը
Ավագանին այսօր գումարված նիստում հավանություն է տվել Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին:
Ծրագրի հիմնական նպատակն է իրականացնել համակարգային բարեփոխումներ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը: Որոշման նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ ծրագրի իրականացմամբ նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր և ժամանակակից լուծումներով:
Առաջնային և անհետաձգելի քայլերից են քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումը և քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը: Ծրագրով նախատեսված է նաև իրականացնել հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխում՝ ապահովելով ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման եղանակների ներդրումը: Քաղաքային տնտեսության մյուս ոլորտների զարգացման նպատակով ևս կիրականացվեն ծավալուն աշխատանքներ:
Ավագանու անդամները մի շարք ոլորտների առնչվող իրենց նկատառումներն են ներկայացրել զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրերի մշակման համար նախատեսված կարճ ժամանակահատվածը և ոլորտների առկա վիճակի գնահատման համար անհրաժեշտ մանրամասն գույքագրման, վերլուծության, հիմնախնդիրների ձևակերպման, գերակայությունների և առաջնահերթությունների սահմանման, համապատասխան ֆինանսական գնահատականներ տալու անհրաժեշտությունը՝ նախատեսվում է հաջորդ տարի լրամշակել հնգամյա ծրագիրը և ներկայացնել ավագանու հաստատմանը:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի 2019թ. զարգացման ծրագրի որոշման նախագծին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել