HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայավտոճան»-ը վերազինվում է ճանապարհների որակի վերահսկողության սարքավորումներով. նախարարություն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի, իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։ Նախարարությունը հայտնում է, որ վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։

Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով:

Հարթությունը չափող 3 նոր մեքենաներից 1-ը վերազինված է 6, 2-ը՝ 1 լազերային ընդունիչներով։

Երբ մեքենան անցնում է նորոգված ճանապարհով, վեց լազերները հասցնում են վայրկյանում 20 հազար հարված  կատարելով գրանցել և մեքենայում տեղադրված համակարգչին փոխանցել ճանապարհի պատվածքի հարթության միջին ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 մ–ի համար։ Ըստ սահմանված չափորոշիչների՝ միաշերտ ասֆալտի դեպքում հարթության միջին ցուցանիշը պետք է լինի մինչև 3,5 մմ, երկշերտի դեպքում՝ 2,5 մմ։

Նորոգված ճանապարհների հարթությունը չափվում է բացառապես չոր եղանակային պայմաններում, քանի որ անձրևի դեպքում լազերային հարվածները ոչ թե ճանապարհի, այլ ջրի մակերևույթի շերտից են կատարվում և ճշգրիտ ցուցանիշ չեն ապահովում:

Ընկերության հաշվեկշռում ամրագրված ինտենսիվության հաշվիչներն առայժմ 30-ն են։ Դրանք տեղադրված են միջպետական նշանակության մի շարք ճանապարհահատվածներում։ Այդ սարքերի միջոցով չափվում և տեսակավորվում են տվյալ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցները, որոշվում է ճանապարհային ծածկի վրա դրանց ներգործության չափը:

Ընկերությունում տեղադրված համակարգչին միացված սարքերի միջոցով փոխանցվում են գրանցված տվյալները, նաև առցանց եղանակով հնարավոր է հետևել տվյալ ճանապարհների երթևեկությանը։

Մուտքագրված տվյալների հիման վրա մշակվում է ճանապարհների վերականգնման ռազմավարությունը, մայրուղիների զարգացման և կառավարման տնտեսական մոդելը, ըստ այդմ՝ որոշվում են ճանապարհների հիմնանորոգման և նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները։

Հիմնանորոգվող ճանապարհների որակը ստուգելու համար իրականացվում է նաև հանուկի բաղադրության ստուգում, որը ներառում է ճանապարհածածկի տարբեր բաղադրանմուշների, այդ թվում՝ նաև հանուկի փորձարկումներ։ Դրանց հիման վրա որոշվում է ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և եթե շեղումներ են հայտնաբերվում, շինարարն իր միջոցներով նորից ասֆալտապատում է։

Բացի ճանապարհաշինական որակի հսկողությունից, իրականացվում է նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային սպասարկում:

Ձմռանը, երբ ճանապարհաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է, «Հայավտոճանի» կարևորագույն գործառույթներից է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպումը։

Հայաստանի միջպետական 1759 կմ և հանրապետական նշանակության 1964 կմ երկարությամբ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է 34 ճանապարհաշինական ընկերությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter