
Չափը, այնուամենայնիվ, նշանակություն ունի
Դեկտեմբերի 25-ին Արմավիր քաղաքի ավագանու նիստում դրված էր Մանվել Գրիգորյանին «պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը: Նիստի ընթացքում պարզվել է, որ Արմավիրը, գեներալից բացի, այլ պատվավոր քաղաքացիներ ևս ունի, որոնց «պատվավոր» լինելը ևս վիճարկելի է՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և այլք: Հարցը ժամանակավորապես առկախվել է:
Ինչո՞ւ է այսօր գեներալի, քաղաքական, պետական շատ այլ գործիչների «պատվավոր» լինելու փաստը վիճարկվում: Թերևս պատճառն այն է, որ ժամանակին, մասնավորապես՝ Ղարաբաղյան պատերազմից հետո, հաղթանակի պտուղները բաշխվեցին մի քանի հոգու միջև, սեփականաշնորհվեց անկախ Հայաստանի պատմության ամեն մի դրվագը:
Նման վտանգներ կան նաև հետհեղափոխական Հայաստանում: Հեղափոխությունն անձնավորելը, հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» դաշինքի անդամների մենաշնորհը համարելը վտանգավոր է:
Ինչպես տեսանք, Արցախյան պատերազմից հետո հերոսներից շատերը չափազանց թանկ վաճառեցին իրենց զոհողությունները: Սամվել Բաբայանը 1994-ի զինադադարից հետո Արցախի ահուսարսափն էր, ամենաթողության խորհրդանիշը: Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստան եկավ նախ՝ որպես վարչապետ, ապա երկու ժամկետով՝ նախագահ, ՀՀ քաղաքացիների հիշողության մեջ մնաց սառնասիրտ մարդասպանի իմիջով: Վազգեն Սարգսյանը խաղաղ կյանքում հանկարծ դարձավ բռնակալ, հայտարարեց, որ եթե ընդդիմության թեկնածուն 100 տոկոս ձայն էլ հավաքի, միեւնույն է, չի անցնի: Պատերազմի ժամանակ իրենց քաջությամբ աչքի ընկած Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանըև էլի որոշ գեներալներ դարձան հանրապետության հարուստ ու վտանգավոր մարդիկ:
Կոշտ ուժ ցուցադրողների հանդեպ Հայաստանի քաղաքական «էլիտան» չափազանց զգայուն ու վախվորած է բոլոր իշխանությունների ժամանակ:
Ուժի հանդեպ վախն էլ պատճառ է դարձել, որ նրանցից շատերին զանազան կոչումներ ու պաշտոններ տվեցին, նրանց անուններով փողոցներ ու շինություններ անվանակոչեցին: Այն դեպքում, երբ պատմությունը, ժամանակը դեռ չեն գնահատել նրանց գործունեությունը:
Ահա բնորոշ օրինակներից մեկը:
2015 թվականին, Էջմիածին քաղաքի 2700-ամյա հոբելյանի առիթով, քաղաքում բացվեց Վազգեն Սարգսյանի արձանը՝ նրա իսկ անվան փողոցում: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, այդ օրն ասաց. «Նման հուշարձաններ տեղադրվում են գրեթե ամեն տարի, ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այնպես էլ Արցախում»:
Չանդրադառնալով Վազգեն Սարգսյանի քաղաքական ոչ այնքան միանշանակ գործունեությանը, հասկանանք՝ ինչո՞ւ պետք է ֆետիշացվի նրա անձը, «գրեթե ամեն տարի» նրա հուշարձանը բացվի հանրապետության որեւէ քաղաքում կամ գյուղում: Եթե ցանկանում են գնահատել Արցախյան պատերազմի հերոսներին, արդեն իսկ կան բազում հուշարձաններ: Եթե խնդիրը կոնկրետ այս քաղաքական գործչին մեծարելն է, ապա պիտի տրամաբանական բացատրություն լինի՝ ի՞նչ միտք ունի այդքան արձանների տեղադրումը: Հաշվենք, թե, մասնավորապես, մայրաքաղաք Երևանում Վազգեն Սարգսյանի անունով քանի հաստատություն, փողոց ու արձան կա:
Վազգեն Սարգսյանի անունն են կրում Հանրապետական մարզադաշտը, Սպայի տունը, ռազմական ինստիտուտը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Հանրապետության հրապարակից Մովսես Խորենացու փողոց ձգվող հատվածը: Այդ փողոցում տեղադրված է նրա կիսանդրին: Եռաբլուրում եւս կանգնեցված է նրա մահարձանը:
Հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանին անգամ սրբադասելու առաջարկներ եղան: Գտնվեցին սթափ մարդիկ, որոնք առաջարկեցին սրբադասման գործը թողնել պատմությանը:
Նույն կերպ վարվեցին նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ՝ հետմահու: Նրա մահարձանն այսօր Պանթեոնում ստվերում է անգամ Կոմիտասի գերեզմանը:
Եվ հանկարծ, նրանց մահից հետո կամ անգամ հենց կենդանության օրոք, պարզվում է, որ նրանք այնքան էլ «պատվավոր» չէին, որքան թվում էին:
Հնարավո՞ր է կրկնել այս սխալը արդեն նոր Հայաստանում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեղինակությունից ամուր կառչած՝ իշխանության գոնե երկու օղակը՝ կառավարությունն ու ԱԺ-ն, համալրվել են իրենց երջանկության համար բացառապես Փաշինյանին պարտական հարյուրավոր մարդկանցով:
Ֆազիլ Իսկանդերի «Ճագարներ և վիշապներ» ուտոպիայում այնքան դիպուկ է նկարագրված հիերարխիան, որն այնքան բնորոշ է նաև այսօրվա իշխանությանը. թագավորն իրեն շրջապատում էր նախևառաջ Սեղանին մոտենալու թույլտվություն ունեցողներով: Քիչ ներքեւում` Սեղանին մոտենալու թույլտվություն ունենալուն ձգտողներն էին: Արդեն ջրափոսի մոտ տեղ էին զբաղեցնում շարքային ճագարները:
Ստացվել է այնպես, որ Փաշինյանը գրեթե ազգային «բրենդ» է. վարչապետին նվիրված արձան կա, գրվել են նրան ձոնված արձակ ու չափածո գործեր, կիրառական արվեստի նմուշներ են ստեղծվում նրա սիմվոլիկայով, անգամ «Դուխով» ու «Վարչապետ» օղի է արտադրվում նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանի գործարանում:
Իսկ սրանք սթափ աշխատանքին խանգարող ատրիբուտներ են:
Մեկնաբանել