HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ

Երևանի քաղաքապետարանը «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի` շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ գրություն է ուղարկել ոստիկանություն:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանը, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։

Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու արտոնագիր ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, անհայտ աղբյուրներից ձեռք է բերել շինանյութ, առանց աշխատանքային պայմանագրի վարձել անհատ շինարարների, և փաստացի՝ կազմակերպել ու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը, որի տարածքները հետագայում պետք է վարձակալությամբ տրվեին տարբեր տնտեսվարողների:

Արդյունքում՝ ընկերության տնօրենը առանց հատուկ թույլտվության իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական՝ կառուցապատման գործունեություն։

Շինարարատեխնիկական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 44 391 000 դրամի չափով վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ «Անի-97» ընկերությունն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներից սկսած Գյուրջյան փողոց 1/3 հասցեում առանց թույլտվության իրականացնում էր շինարարություն:

«Ընկերությունը, անտեսելով քաղաքապետարանի նախազգուշացումները, իրեն սեփականության իրավունքով պատկանող 972 քմ և Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 160 քմ մակերեսներով հողատարածքների վրա կառուցել էր հասարակական նշանակության երկհարկանի ապօրինի շինություն: Արդյունքում պետությանը և համայնքին պատճառվել էր խոշոր չափերի վնաս: Երևանի քաղաքապետի որոշմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ շինությունը քանդվել էր: Ընկերության սեփականություն հանդիսացող տարածքի շինարարությունը կասեցված է»,- գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter