Ոստիկանությունը ներկայացնում է չարաշահման նոր դեպքեր
«Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր»: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը՝ ներկայացնելով վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:
Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Կարմրավան գյուղի հիմնական դպրոցի տնօրենն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2012-13 թվականերին դպրոցում պահակ է հրամանագրել իր մտերիմներին, որոնք 2015-ից մինչև 2017-2018 թվականները չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը` ընդհանուր շուրջ 3 մլն դրամ, յուրացվել են: Պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի` յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Պաշտոնեական դիրքի չարաշահման մեկ այլ դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում: Ոստիկանները պարզել են, որ 2016 թվականի հոկտեմբերին Վերիշենի համայնքապետարանի նախկին քարտուղարը, հանդիսանալով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, կեղծել է նախկին ղեկավարի ստորագրությունը և հետին` 2016 թվականի հուլիսի ամսաթվով կազմել հողահատկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր: Արդյունքում` 2018 թվականին նա իր ազգականին, Վերիշեն գյուղում, առանց համապատասխան մրցույթի, սեփականության իրավունքով, հատկացրել է 1125 քմ հողատարածք, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի վճարվել 1 մլն դրամ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Յուրացման մի դեպք էլ գրանցվել է Արմավիրի մարզում: Ոստիկանության ծառայողները համատեղ պարզել են, որ ատոմային էլեկտրակայանի տարածքում տեղակայված հրդեհային անվտանգությունն ապահովող Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, հունիսից մինչև օգոստոս յուրացրել են իրենց պատասխանատվության տակ գտնվող հրշեջ ջոկատի դիզվառելիքը:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հիշյալ դեպքերի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել