HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Զարդեր՝ ստեղծված բաց աչքերով․ հաշմանդամություն ունեցողները ֆեյսբուքում «տոնավաճառ» են բացել

Ֆեյսբուքում ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց ձեռագործ իրերի «տոնավաճառ»՝ խումբ, որտեղ վաճառքի են հանված տարբեր խանգարումներ ունեցող ստեղծագործողների աշխատանքներ։

Հիմնադիրը մասնագիտությամբ բանասեր Մարիկա Սիրադեղյանն է։ Նա պատմում է, որ հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների համար հարթակ ստեղծելու գաղափարը հարկադրված էր, պայմանավորված իրավիճակով։ Մարիկան ունի թույլ տեսողություն, եւ սեփական փորձով գիտի՝ հաշմանդամություն ունեցողներին գործատուները մերժում են։ Մնում է ձեռագործ աշխատանքի միջոցով գումար վաստակել։

«Երբ մարդ ունի ֆիզիկական խնդիր, չի կարողանում բակ դուրս գալ, կամ կարողանում է, բայց ծաղրում են, մի տեսակ ցանկություն է առաջանում սովորելու, կարդալու, կենտրոնանալու մի ուրիշ երեւույթի վրա, խորանալու այդ ամենի մեջ։ Այս առումով ստեղծագործելը մեծ խթան է։ Օրինակ, շատերին կարող է թվալ, թե չտեսնող մարդը չի կարող ասեղնագործել։

Ելնելով սեփական փորձից, որ աշխատանքի հարցում ամեն տեղ մերժում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, իհարկե շատ փոքրիկ բացառություններով, որոշեցի գումար աշխատելու այլընտրանքային միջոց մտածել։ Քանի որ ճանաչում էի մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն ու նաեւ ձեռագործ աշխատանքի շնորհ, սկսած փայտամշակումից, մինչեւ բիժուտերիա, ասեղնագործություն, նկարչություն, քանդակագործություն, մտածեցի՝ լավ կլինի համախմբվենք, մեզ ներկայացնենք, մեր աշխատանքները նույն հարթակում վաճառենք»,-ասում է Մարիկան։

Խումբը կոչվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքներ»։ «Հաշմանդամություն» բառը նշվել է միայն այն պատճառով, որպեսզի խմբում ներգրավված այլ անձինք, որոնք հաշմանդամություն չունեն, հարթակը չօգտագործեն իրենց իրերի վաճառքի համար։ Խմբին կարող են միանալ բոլորը, սակայն վաճառք կարող են իրականացնել միայն հաշմանդամություն ունեցող անձինք։

«Հնարավոր է՝ անունը հետագայում փոխվի։ Բայց հստակ գրել ենք, որպեսզի մարդիկ, ովքեր խմբին միանում են առանց կանոները կարդալու, այնտեղ վաճառք չիրականացնեն»,- մեկնաբանում է Մարիկա Սիրադեղյանը։

Խումբը մեկ ամիս առաջ է ստեղծվել։ Խմբում ներկայացված ստեղծագործողները Երեւանից ու մարզերից են։ Դեռ մեծ վաճառքներ չկան։ Մարիկան համարում է, որ հուսահատվելու համար դեռ շուտ է։ Ժամանակ առ ժամանակ մամուլի միջոցով կհիշեցնեն իրենց մասին, գոնե այդպես կգովազդեն։

Ռուզաննա Չատոյանն ասեղնագործում է, պատրաստում ուլունքներ, ապարանջաններ։ Ռուզաննա փոքր տարիքից սիրել է ասեղնագործել։ «Երբ տեսողություն եմ ունեցել, սովորել եմ, սիրել եմ մանր դետալների հետ աշխատել։ Ավելի մեծ տարիքում սովորել եմ ուլունքագործություն, մաքրամե։ Բայց այն ժամանակ չէի մտածում, որ դրանով գումար եմ վաստակելու»,- ասում է մասնագիտությամբ հոգեբան Ռուզաննան։

«Երբ իմացան, որ գործողը հաշմանդամ է, պատվերից հրաժարվեցին»

Քրիստինե Աղաջանյանը բարձրագույն կրթություն չի ստացել։ Հիմնական զբաղմունքը բացառապես ասեղնագործությունն է։ Քրիստինեին հերակալ պատվիրեցի, ձմեռային վազքի ժամանակ գլուխս ու ականջներս պաշտպանելու համար, մեկ օր անց հերակալը գործել էր։ Բացի ֆեյսբուքյան խումբը, նրա գործվածքները վաճառվում են նաեւ բակի խանութում։

«Սկսել եմ գործել փոքր տարիքից։ Որոշ բաներ դպրոցում եմ սովորել, իսկ ավարտելուց հետո՝ շատ բաներ տատիկից, շատ բաներ ինքնուս, համացանցից։ Գործում ու նվիրում էի։ Վաճառքի մասին չեմ էլ մտածել։

Վերջերս մի փոքրիկ փորձ ունեցա, որն ինձ տհաճ ելք ունեցավ։ Համացանցով պատվեր ունեի՝ երեք հատ հերակալի պատվեր, երեքն էլ մարզերից։ Պատվիրատուները խնդրել էին գործվածքները տանել Կենտրոնական ավտոկայան։ Քույրս աշխատում է, չէր կարող տանել, ես էլ չէի կարող, որովհետեւ իմ բնակավայրից այդտեղ ուղիղ մեկնող տրանսպորտ չկա։ Պետք է երկու տրանսպորտ նստեի, բայց ես ավտոբուսների համարները չեմ տենսում։ Իմանալով, որ նման խնդիր կա, գործ ունեն տեսողական խնդիր ունեցող անձի հետ, պատվիրատուները հրաժարվեցին հերակալներից»,- պատմում է Քրիստինեն։

Հարցին՝ դա ձեզ հուսահատեցնու՞մ է, զրուցակիցս պատասխանեց․ «Եվ այո, եւ՝ ոչ։ Մի քիչ բարկացա։ Իրենց համար ի՞նչ տարբերություն, թե ով է գործում։ Մտածում եմ, որ Մարիկայի մտահղացումն այդ առումով շատ լավ է, որովհետեւ ֆեյսբուքյան խմբի մեր գնորդներն արդեն գիտեն, որ գործ ունեն հաշմանամ անձի հետ։ Հուսամ առաքումը, վայրն ու ժամը խնդիր չեն լինի»։ Ի դեպ, Քրիստինեն իմ պատվիրած հերակալն անձամբ էր բերել՝ Խարբերդից «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարան, ուղիղ մեկնող ավտոբուսով։

Ռուզաննան մեկնաբանում է Քրիստինեի հետ տեղի ունեցածի հոգեբանական պատճառները։ Նա մարդկանց երեք խմբի է բաժանում. առաջին՝ որ անտարբեր են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, երկրորդ՝ որ հաշմանդամներին որպես կոմպանիոն չեն տեսնում, չեն վստահում, «նրանք չեն տեսնում» շարքից, եւ երրորդ՝ որ անխուսափելի գնումների դեպքում նախընտրում են գնումներ անել հաշմանդամներից, փորձելով օգտակար լինել։ Ամենափոքրը երրորդ խումբն է։

Ստեղծագործել փակ աչքերով

Իմ հերոսները չզլացան պատմել հաշմանդամության իրենց պատմությունները։

Մարիկայի հաշմանդամության պատճառները երկու վարկած ունեն։ Մարիկայի ձեւակերպմամբ՝ համազոր վարկածներ։ «Մեկը՝ որ հիվանդանոցում գցել են, մյուսը՝ որ այսպես եմ ծնվել։ Ես մի աչքով եմ տեսնում, 10 տոկոսով, բայց կարծում եմ, որ տեսողությունս օգտագործում եմ լիարժեք։ Կան մարդիկ, որոնց 2 աչքն էլ հարյուրտոկոսանոց տեսողություն ունեն, բայց շատ բաներ չեն նկատում։

Ինձ չի խանգարում, ես չեմ նեղվում, երբ աշխատանք եմ փնտրում, կարողանում եմ ճիշտ գնահատել՝ դա իմ ուժերից վե՞ր է, թե ոչ։ Ուղղակի որպես կանոն՝ գործատուներից մերժում եմ ստանում»։

«Ես 1,5 տարեկանում հիվանդացել եմ գրիպով, բարձր ջերմությամբ տարել են հիվանդանոց, մեկ ամիս մնացել եմ այնտեղ, բժիշկները չեն հասկացել՝ ինչ է տեղի ունենում։ Գրիպի բարդությունից առաջացել է կատարակտ։ Բժիշկները ծնողներիս ասել են, որ պետք է մեծանամ, որպեսզի կարողանան վիրահատել։ 2,5 տարեկանից սկսել են տանել բժշկի, բուժել։ Բժիշկները որոշել են ինձ մոտ ուվեիտի հիվանդություն է, բայց հետո պարզվել է, որ ախտորոշումը սխալ է։ Սխալ բուժման արդյունքում առաջացել է աչքի ճնշում։ Մինչեւ 15 տարեկան ես ավելի լավ էի տեսնում, քան հիմա Մարիկայի տեսողությունն է։ Մինչ այդ ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Բակում չեն ծաղրել, դաժան մարդիկ չեն հանդիպել։ 15 տարեկանից կորցրել եմ տեսողությունս»,- սա Ռուզաննա Չատոյանի պատմությունն է։

Քրիստինե Աղաջանյանի տեսողությունը թույլ է ի ծնե։ Ցանցաթաղանթը թերի է զարգացած։ «Իմ տեսողությունն ի ծնե ինչպես եղել է, այդպես էլ մնացել է։ Թույլ տեսնում եմ։ Բայց մինչեւ հիմա բժիշկները չեն կարողանում ճշգրիտ որոշել, թե որքան է իմ տեսողությունը»,- ասում է Քրիստինեն։

Բարդությունները, որ առաջանում են աշխատանքի ընթացքում, տարբեր են։ Ռուզաննայի մոտ բարդությունները կապված են գույների հետ։ «Եթե այդ պահին գունավոր թելերը խառնվել են, տանը մեկին կխնդրեմ, կօգնի։ Երբեմն պատահում է, որ մի քիչ հաստ թելով եմ աշխատում, բայց բարակ ասեղ է պետք թելել, դա է, ուրիշ խնդիր չունեմ»,- ծիծաղում է Ռուզաննան։

Աղջիկները պատմում են, որ օգնում են իրար։ Եթե մեկը գնում է դետալներ գնելու, մյուսներից ճշտում է՝ ինչ է անհրաժեշտ։ «Դրանով հեշտացնում ենք մյուսների գործը, որ տնից լրացուցիչ դուրս չգան, չհասնեն խանութներ»,-պարզաբանում է Մարիկան։

Մարիկան եւ Ռուզաննան որոշ տարաձայնություններ ունեն ֆեյսբուքյան խմբի անվան հետ կապված։ Ռուզաննան կարծում է, որ «հաշմանդամություն» բառը կարող է առաջին հայացքից վանել շատերին, ինչպես Քրիստինեի պատվիրատուներին։

Մարիկան բացատրում է, թե ինչում է «հաշմանդամություն» տերմինն օգտագործել․

«Յուրաքանչյուր ոք, ում կհետաքրքրեն մեր աշխատանքները, պետք է իմանա` ում հետ գործ ունի, եւ մենք չառնչվենք էնպիսի պատմության, ինչին առնչվեց Քրիստինեն օրեր առաջ։

Ես ինքս երբ որեւէ բան եմ գնում, մտածում եմ գնել այնպիսի մեկից, ում ավելի շատ օգուտ ունեմ։ Կգնեմ այնպիսի մարդուց, ում եկամտի միակ աղբյուրն այդ վաճառքն է»։

Մարիկա Սիրադեղյանը պարզաբանում է եւ պնդում՝ «հաշմանդամություն» բառը պետք էր օգտագործել, բայց միանշանակ՝ ոչ խղճահարություն առաջացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter