HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքն այսօր լրացվել է: Այս մասին «Հետքի»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ մեղադրանքը լրացվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Օհանջանյանը հայտնեց նաև, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ի կողմից կայացված որոշումների մասին տեղյակ չէր: Քիչ առաջ մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ-ն իրեն պաշտոնապես տեղյակ չի պահել վերը նշված որոշումների մասին:

«Դուք ավելի լավ տեղեկացված կլինեք, քանի որ, կարծես թե մամուլում ավելի շատ տեղեկություն կա, քան ես եմ տիրապետում: Մեզ հետ որևէ պաշտոնական, դատավարական քննչական գործողություն չի իրականացվել, ես տեղեկացված չեմ, թե ինչ որոշման մասին է խոսքը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նշեց, որ եթե Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ապա իրեն՝ որպես նրա պաշտպանի, պարտավոր են տեղյակ պահել այդ մասին:

«Քրեական  դատավորության օրենսգիրքը հստակ պահանջ ունի, որ եթե քրեական գործին հետախուզման մեջ  գտնվող մեղադրյալի պաշտպան է մասնակցում, ապա դատական նիստը պետք է պաշտպանի պարտադիր մասնակցությամբ տեղի ունենա, այս պահի դրությամբ մենք պաշտոնապես որևէ գործողության մասին տեղեկացված չենք»,- ասաց Հարությունյանն ու նշեց, որ եթե անգամ հենց նույն պահին Հարությունյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, ապա միանգամից դատարան են ուղարկել, հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով են դիմել դատարան, ի՞նչ փաստական տվյալների են տիրապետում, ի՞նչ գործողություններ են կատարել մեղադրանքի որոշումը կայացնելուց հետո:

Նշենք, որ մինչ այս Վահագն Հարությունյանը մեղադրվում էր Մարտի 1-ի գործով ապացույց կեղծելու մեջ, և այս մեղադրանքի շրջանակներում ևս նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը բավարարել էր, սակայն Վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել էր:

Դատախազությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Հարությունյանին չկալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի: Ստացվում է, որ թեև այս որոշումը չի բողոքարկվել, սակայն նոր հիմքով կալանքի միջնորդություն է ներկայացվել:

«Ընդհանրապես այս ամբողջ որոշումը խոսում է այն մասին, որ ՀՔԾ-ի հիմնական նպատակը ոչ թե օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ նախաքննություն իրականանցնելն է, այլ Վահագն Հարությունյանի կալանքի որոշումն ամեն կերպ դատարաններից ստանալը»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter