
Շիրակի մարզն ամփոփում է 2018թ-ը. «ծույլիկը» Անի համայնքն է՝ եկամուտների 67,6 տոկոս հավաքագրումով
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշով այս տարի Շիրակի մարզը չի փայլում: Սեփական եկամուտները դեկտեմբերի 25-ի դրությամբ, մարզում կատարվել է 87,3 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը համայնքներից գրանցել է Անի խոշորացված համայնքը՝ 67,6 տոկոս:
Մարզպետ Կարեն Սարուխանյանը կարծիք հայտնեց, որ համայնքապետերի կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշն ուղիղ համեմատական է նրանց լեգիտիմությանը: Սակայն նկատենք, որ անցած տարի՝ այս նույն ժամանակահատվածում, համայնքը գրանցել էր բավական բարձր ցուցանիշ՝ եկամուտների 85,3 տոկոս հավաքագրում:
Օդի մեջ առկախվեց նաեւ հարցը, թե գուցե վատ հարկահանությունը կապ ունի Մարալիկում մոտ երեք շաբաթ տեւած ընդվզման հետ, երբ օրեր շարունակ փակված էր համայնքապետարանի դուռն, ու խաթարված բնականոն աշխատանքը: Նիստի ժամանակ պատճառներն ու հետեւանքները խորությամբ չքննարկվեցին: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը խոստացավ երկու օրում հավաքագրումն ավելացնել: Թե ինչպես, ինչ եղանակով պետք է ապահովվեր նախաամանորյա այդ «հրաշքը», չհստակեցվեց:
Անի խոշորացված համայնքին հետեւում է Մարմաշեն խոշորացված համայնքը 69,9 տոկոս ցուցանիշով, 3-րդ «պատվավոր» տեղում Ախուրյան խոշորացված համայնքն է՝ 75,1 տոկոս ցուցանիշով: Աշոցք խոշորացված համայնքն առաջին հնգյակի 4-րդ հորիզոնականում է՝ 75,6 տոկոս ցուցանիշով:
Նախկին համայնքապետ, անկուսակցական Արթուր Ալոյանը, որ 13 տարի ղեկավարել էր Աշոցք համայնքը, իսկ խոշորացումից հետո կրկին վերընտրվել, նոյեմբերի 6-ին սեփական դիմումի համաձայն հրաժարվել էր համայնքապետի պաշտոնից՝ կատարած քայլը պատճառաբանելով համայնքում հարկահանության ցածր ցուցանիշով:
Վերջինս, ըստ մամուլում եղած հրապարակումների, հայտնել էր, որ չի ցանկանում գլուխը կախել ղեկավար այրերի մոտ: Իսկ ահա ամենացածր ցուցանիշն ապահոված, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանն, ում պաշտոնաթողությունը պահանջում էին մարալիկցիները, ոչ միայն չհրաժարվեց պաշտոնից, այլեւ մարզխորհրդի նիստի ժամանակ խոստացավ շտկել արձանագրված արդյունքները:
Մարզի քաղաքային համայնքներից Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 94,7 տոկոսով, իսկ Արթիկը՝ 87,2 տոկոսով: Մարզի 30 գյուղական համայնք չեն ապահովել 2018թ-ի 12 ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը՝ 87,3 տոկոսը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքներում հարկահավաքության ցուցանիշներն իջնում են հատկապես «ընտրական» համարվող տարիներին, կարեւոր չէ՝ համապետական եւ տեղական նշանակության ընտրություններ են լինում նշանակված:
Մեկնաբանել