HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գևորգ Մելքոնյանը հայտնել է, որ ՊՊԾ գնդից իր հետ փախուստի դիմած անձը կապ է ունեցել փոխոստիկանապետի հետ

ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդի տարածքից փախուստի դիմած Գևորգ Մելքոնյանն այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ, և դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որոնցում վերջինս մանրամասներ է հայտնում այն մասին, թե ինչպես են խմբի անդամները մուտք գործել գնդի տարածք:

Գևորգ Մելքոնյանը բնակվել է Սպիտակ քաղաքում, մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք է տվել այն մասին, որ հուլիսի 16-ի երեկոյան ընկերներով հավաքված՝ քեֆ անելիս են եղել, ժամը 21:00-ի սահմաններում իրենց մոտ են եկել գնդի գրավման գործով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը, Տիգրան Սարգսյանն, իսկ մոտ կես ժամ անց՝ Արմեն Բիլյանն ու «Բեղերով Արամը» (խոսքն, ամենայն հավանականությամբ, ամբաստանյալ Արամ Հակոբյանի մասին է), իրենց հետ են եղել նաև հորեղբոր որդին՝ Արթուր Մելքոնյանը, Էդգար և Արթուր Սողոմոնյանները, իր մեկ այլ ընկեր՝ Գառնիկ Հովակիմյանը և այլ անձինք:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝ Արմեն Բիլյանը, Արամը, Տիգրանը խոսակցության ընթացքում դժգոհում էին Հայաստանի իշխանություններից՝ ասելով, որ նրանց ցանկանում են հանձնել Արցախի հողերը, լավ չեն աշխատում, որ իրենց ընկերոջը՝ Ժիրայր Սեֆիլյանին անհիմն կալանավորել են, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի նա ազատ արձակվի:

«Խոսակցության ընթացքում Լամբարյանն ասաց, որ պատրաստվում են գնալ Երևան և բերդի մոտ ցույց անել՝ նրան ազատ արձակելու պահանջով: Ասեմ, որ Ժիրայր Սեֆիլյանին ես անձամբ չէի ճանաչում, լսել էի, որ պատերազմի ժամանակ եղել է մարտական գնդի հրամանատար»,_ գրել է Մելքոնյանն ու նշեց, որ Լամբարյանն ասել է նաև, որ Երևանում՝ կալանավայրի մոտ 300-ի չափ մարդիկ կան, և պետք է գնան և միանան իրենց:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝ իր հորեղբոր տղան՝ Արթուր Մելքոնյանը, մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմեն Լամբարյանի հետ, ինքն իմացել է, որ նա էլ էր գնալու, որոշել է ինքն էլ գնալ: Մելքոնյանի խոսքով՝ ինքը նախկինում երբևէ ցույցի չի մասնակցել, «Հիմնադիր խորհրդարանի» մասին, որի անդամ է Ժիրայր Սեֆիլյանը, լսել է միայն ՊՊԾ գնդում։ Անկուսակցական է, այդ օրը խմած է եղել, դրա համար է որոշել մասնակցել ցույցի:

«Եթե ես իմանայի, որ ինձ ոստիկանության ՊՊԾ գունդ են տանում, Սպիտակից նրանց հետ չէի գա», - ցուցմունքում գրել է Գևորգ Մելքոնյանը:

Ըստ մեղադրյալի՝ Երևան գալու ճանապարհին մեքենան վարել է Արմեն Բիլյանը, վերջինս մի պահ կանգնեցրել է մեքենան, մի քանի հոգով դուրս են եկել, խոսել ինչ-որ մարդկանց հետ, ապա սպիտակ պարկով ինչ-որ բան դրել մեքենայի բեռնախցիկում ու շարունակել ճանապարհը: Մելքոնյանը կարծիք է հայտնել, որ պարկի մեջ զենք է:

Այնուհետև Մելքոնյանը նկարագրել է ՊՊԾ գունդ մուտք գործելու դրվագները: Ըստ մեղադրյալի՝ բեռնատարով հարվածել են դարպասին, բայց դարպասը չի քանդվել, քանդվել է պատը:

«Մարդիկ զենքերով իջան մեքենայից ու քանդված պատի վրայով մտան ներս: Ես չհասկացա, թե որտեղ էինք, մեզ չէին ասել, որ զենքով մարդիկ կարող են լինել, միայն ասել էին, որ գուցե հրավառություն, կրակոցներ լինեն, սակայն հանկարծակիի գալ և վախենալ պետք չէ», - գրել է Մելքոնյանը:

Ըստ Գևորգ Մելքոնյանի ցուցմունքի՝ այն բանից հետո, երբ զինված մարդիկ մտել են գնդի տարածք, կրակոցի ձայներ են լսվել, այս ու այն կողմ վազվզող մարդիկ է տեսել:

«Ես շատ վախեցա, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, շոկի մեջ եմ եղել։ Ակնհայտ էր, որ ներս մտած մարդիկ փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանների հետ», - գրել է Մելքոնյանն ու նշել, որ միայն վերը նկարագրված իրադարձություններից հետո է հասկացել, որ մտել են ոստիկանության զորամաս:

Մելքոնյանի ցուցմունքի համաձայն՝ ՊՊԾ գնդի տարածք մտած տղաները մոտեցել են ՊՊԾ-ի եռահարկ շենքին ու ցանկացել դուռը բացել, և բացվելուց հետո իրենք բոլորը մտել են ներս: Գնդի տարածք են մտել առավոտյան 05-06-ի սահմաններում, այնուհետև, ըստ ցուցմունքի, տղաները ցանկացել են զինանոցի դռան բանալիները գտնել, բայց չկարողանալով գտնել՝  ջարդել են դուռը:

Զինանոցի դուռը բացելուց հետո իրենց զենքեր են տվել, իրեն տվել են ինքնաձիգ, որն ինքը կրել, սակայն երբևէ չի օգտագործել:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝ խմբի տղաներից Սմբատը կրել է զենք, որի վրա օպտիկական սարք է եղել։ Մելքոնյանը նշել է նաև, որ իրենք խմբերով հսկել են շենքի հարակից տարածքը:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝  ինքն ու Լամբարյանի հետ Երևան եկած բոլոր անձինք հերթապահություն են իրականացրել երրորդ հարկում, իսկ ինքը՝ Արմեն Լամբարյանը, գնացել_եկել է, իրենց բոլորին տվել են նաև կապի միջոց՝ ռադիոկապ:

«Ներսի գործողություններն ընդհանուր ղեկավարում էր Պավել Մանուկյանը: Ղեկավար դիրքերում էին նաև Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը, իսկ կոնկրետ սպիտակցիների խմբի ղեկավարն Արմեն Լամբարյան էր», - գրել է Գևորգ Մելքոնյանը:

Վերջինս պատմել է նաև, որ ինքն օգնել է, որպեսզի սպանված ոստիկան, գնդապետ Արթուր Վանոյանի մարմինը դուրս տարվի գնդի տարածքից: Մելքոնյանի խոսքով՝ սպանված գնդապետի մարմինն ինքը տեսել է գնդի տարածքում տղաներից մեկն ասել է, որ եթե կա մարդ, ով չի վախենում, շտապօգնության բժիշկներին օգնի, սպանվածի մարմինը դուրս տանել, և ինքը շտապօգնության բժշկի հետ Վանոյանի մարմինը դուրս է տարել:

«Ես տեսել եմ, որ ոստիկանության մի քանի աշխատակիցների պատանդ են պահել գնդի տարածքում, պատանդ են պահել նաև բժիշկներին, որոնցից գիտեմ միայն Սալվադորի անունը»,- գրել է Մելքոնյանն ու շարունակելով նշել, որ թեև բժիշկները կապված  չեն եղել, հնարավորություն ունեցել են գնդի տարածքում ազատ տեղաշարժվելու, բայց  գնդի տարածքից չեն կարողացել դուրս գալ: Նա կարծիք է հայտնել, որ բժիշկներին գերի էին պահում, որպեսզի տղաներին բուժեին, քանի որ վերջին օրերին կրակոցներ հաճախակի էին լինում:

Էդգար Սողոմոնյանի խոսքով՝ ինքն ու գնդի տարածքից փախած Ռուբեն Գևորգյանը կարողացել են դա անել՝ ոստիկանների հետ համագործակցելու շնորհիվ և նրանց օգնությամբ:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝ իրենք ի սկզբանե էլ գնդի տարածքում մնալու մտադրություն չեն ունեցել, բայց Արմեն Լամբարյանը պարբերաբար իրենց մոտ է եղել, և  փախուստի դիմելու քայլեր չեն ձեռնարկել, բացի այդ՝ վախեցել են, որ եթե փորձեն դուրս գալ, ապա ոստիկաններն իրենց կվնասեն կամ խնդիրներ կունենան գնդի տարածքում գտնվող տղաների հետ:

«Բայց ես գիտեի, որ Ռուբենը հեռախոսով կապ էր հաստատել  բարձրաստիճան ոստիկանի, մասնավորապես՝ ոտիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի, ինչպես նաև տարածքում գտնվող ոստիկանների հետ, և հենց այդ տղաների օգնությամբ էլ մեզ հաջողվեց դիմել փախուստի»,- գրել է Մելքոնյանը: Ըստ Մելքոնյանի՝ իրենք ոստիկաններին փոխանցել են գունդը լքելու իրենց ցանկության մասին: Վերջինս նշել է նաև, որ գնդի տարածքում վիրավորված անձինք են եղել՝ Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Սմբատ Բարսեղյանը, և ինքը լսել է, որ Բարսեղյանը վիրավորումը ստացել է գնդապետ Վանոյանի հետ փոխհրաձգության ժամանակ:

Մելքոնյանը նշել է նաև, որ ինքը լսել է, որ գնդապետ Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը, իսկ թե կոնկրետ ովքեր են այդ մասին խոսել, չի կարող ասել:

Քննիչի հարցին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կոտրվել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող  բանկոմատը, ի՞նչ գիտի Մելքանյանն այդ մասին, վերջինս պատասխանել է, որ բանկոմատ չի տեսել:

Հարցին՝ ինչ կասեք այն մասին, որ ՊՊԾ գնդի եռահարկ շենքի երրորդ հարկի հատակին պատռած թղթադրամներ են հայտնաբերվել, Մելքոնյանը պատասխանել է, որ ինքը նման բան չի տեսել, հավանաբար իրենց՝ ՊՊԾ գնդի տարածքից գնալուց հետո է դա եղել:

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ  խմբի կողմից ոստիկանական մի քանի ավտոմեքենա է վառվել: Ի պատասխան քննիչի հարցի՝ Մելքոնյանը նշել է, որ ինքը վառվող մեքենաներ տեսել է, բայց դրանց քանակը չգիտի, ինչպես նաև տեղյակ չէ, թե տղաներից ով է դա արել:

Յուրի Տեփանոսյանի մահվան մասին ևս, ըստ ցուցմունքի, Մելքոնյանն իմացել է այն ժամանակ, երբ արդեն դուրս եկած է եղել գնդի տարածքից:

Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մելքոնյանին հարցեր է ուղղել Սարի թաղում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ՊՊԾ-ում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Նկարագրելով իրենց՝ ՊՊԾ-ում գտնվող անձանց գտնվելու կոնկրետ վայրերը՝ Մելքոնյանը նորից նշել է, թե ով որտեղ էր, ինչ տարածք հսկելու պարտականություն ուներ ու ցուցմունքում հայտնել, թե Սմբատ Բարսեղյանը գտնվելիս է եղել շենքի տանիքում:

Հուլիսի 30-ին Սարի Թաղի ուղղությամբ կրակոցներ էին արձակել: Քննիչը հետաքրքրվել է, թե ովքեր են կրակ արձակել, և Մելքոնյանը, վերլուծելով մյուս տղաների գտնվելու վայրի մասին իր ունեցած տեղեկությունները, եզրահանգել է, որ կրակել կարող էին Թորոս Թորոսյանը, Արմեն Բիլյանը կամ Վարդան Գերավետյանը:

Ըստ Մելքոնյանի՝ այն բանից հետո, երբ Սարի թաղում  ձայնային նռնակներ են պայթեցրել, ինքը  ռադիոկապով լսել է «կրակեք» հրահանգը, ապա քիչ անց արդեն չկրակելու հրահանգ է տրվել:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Մելքոնյանը սկսեց հակասական բացատրություններ տալ դրանց վերաբերյալ: Նախ հայտարարեց, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում, ապա նշեց, թե դրա որոշ դրվագներ ճիշտ չեն՝ կոնկրետ օրինակներ նշելով, հետո հայտարարեց, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել, հետո հայտարարեց, թե ինքը շատ ծանր հոգեվիճակում է եղել գնդից դուրս գալուց հետո:

Մելքոնյանն ասաց, որ ինքը սպիտակ պարկը մեքենայի բեռնախցիկի մեջ դնելու դրվագը չի տեսել, որովհետև Երևան գալու ամբողջ ճանապարհին քնած է եղել:

Նշեց նաև, որ ճշմարիտ չէ ցուցմունքն այն մասին, թե լսել է, որ Սմբատն է սպանել գնդապետ Արթուր Վանոյանին:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ինչո՞ւ է ստորագրել համակարգչային շարվածքով շարադրված ցուցմունքի տակ, եթե հասկացել է, որ դրա բովանդակությունն իրականությանը չի  համապատասխանում, Մելքոնյանը պատասխանեց, թե այն ժամանակ Հայաստանում այլ մթնոլորտ էր տիրում:

Հարցին՝ ի՞նչ մթնոլորտ էր տիրում, արձագանքեց ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը՝ նշելով, թե սահմանադրական կարգը տապալվել էր, և Մելքոնյանը նույնությամբ կրկնեց նրա խոսքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter