HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սեռավարակներ, ուշացած բուժում և գիտելիքի պակաս. վերարտադրողական առողջության խնդիրներն Ալավերդիում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ վերարտադրողական առողջությունն այն է, երբ մարդիկ կարողանում են պատասխանատու և անվտանգ սեռական կյանք վարել՝ պահպանելով սերունդ տալու կարողությունն ու ունենալով երեխա ունենալու կամ չունենալու հնարավորությունը։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն օր աշխարհում ավելի քան 1 միլիոն մարդ ձեռք է բերում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն, 900 000-ից ավելի հղի կին ունի սիֆիլիս, և նրանց կեսի մոտ դա հանգեցնում է պտղի մահվան:

«Հետք»-ն ուսումնասիրում է Հայաստանում տարածված վերարտադրողական առողջության խնդիրները: Այս անգամ մենք եղել ենք Լոռու մարզում, մասնավորապես ՝ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, որտեղ ևս բարձր է սեռավարակների, չբերության և չզարգացող հղությունների թիվը, ընդ որում՝ միայն գրանցված տվյալներով: Տեղի բժիշկների պնդմամբ՝ կա գիտելիքի պակաս և համապատասխան մասնագետին ճիշտ ժամանակին դիմելու բարդույթ:

Առողջապահության նախարարությունն այս թեմայով Լոռու մարզում ուսումնասիրություններ չի կատարել:

 

Ուրոլոգ. «Յուրաքանչյուր 10 տղամարդուց 9-ը հիվանդ է»

Ալավերդու հիվանդանոցում ընդամենը վերջին 3 տարին է, ինչ կա մասնագետ՝ ուրոլոգ-անդրոլոգ: Սիրիահայ Կոմիտաս Մարտիրոսյանն է: Նա փաստում է, որ սեռավարակներն իրենց քաղաքում շատ տարածված են։ Թեև հստակ թվեր չունի, սակայն իր անձնական փորձից նշում է, որ 1000-ից մոտ 600-ն ունի նման խնդիր, իրեն դիմողներն էլ երիտասարդներն են՝  20-35 տարեկան տղամարդիկ:

«Ստատիստիկա չունեմ, բայց այս 3 տարվա մեջ ունեմ մոտավոր 1000 հիվանդ, որից 600-ը սեռավարակ ունի։ Եթե դրանք չեն բուժվում, կարող են տարբեր հիվանդությունների վերածվել, բացի այդ, բոլոր ինֆեկցիաները կարող են բերել չբերության»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ 3 տարվա մեջ ընդամենը 2 հոգի է դիմել այդ հարցով:

Հիմնականում դիմում են պոտենցիայի հետ կապված խնդիրների համար կամ արդեն բարդացած դեպքերում. այստեղ սկզբնական փուլում դիմելու «մշակույթ չկա»:

Սրա պատճառով էլ բժիշկը հաճախակի է հանդիպում դեպքերի, երբ սեռավարակներն արդեն խրոնիկական փուլում են, և առաջացրել են պրոստատիտներ, ուրետրիտ, էպիդիդիմիտ և այլն, որոնք, ըստ ուրոլոգի, ժամանակի ընթացքում ազդում են և՛ «տղամարդկության», և՛ «պտղաբերության» վրա։

«Սեռավարակները շատ են, բայց, չգիտես՝ ինչու, հիվանդներից ոչ մեկ չի բարձրաձայնում դրա մասին։ Իսկ բարձրաձայնողն ուզում է՝ ամեն ինչ գաղտնի արվի,- ասում է Կ. Մարտիրոսյանը:- Դա երևի դրդված է տեղային նախապաշարումներից։ Ես կարող եմ ասել՝  յուրաքանչյուր 10 տղամարդուց 9-ը հիվանդ է»։

Բժիշկը չկարողացավ նշել սեռավարակի՝ հաճախակի հանդիպող կոնկրետ հարուցիչը՝ ասելով, որ իրենք Ալավերդիում համապատասխան լաբորատորիա չունեն և հաճախ «հույսը դնում են» միայն փորձառության և «բժշկական հոտառության» վրա: Նա նշում է, որ 3 տարվա աշխատանքի ընթացքում ինքը դեռ ոչ մի վարակ չի որոշել, այլ հիմնական տարածված սեռավարակների հարուցիչների նկատմամբ բուժում է նշանակել, որ բոլորն էլ բացառվեն։

«Սա մեր պայմաններում ճիշտ է, մենք ուրիշ ելք չունենք,- հայտնեց բժիշկը:- Մինչև հիմա, բոլոր դեպքերը, ինչքան որ ունեցել ենք, դրական ելք ենք ունեցել՝ առողջացում»:

Այս պայմաններում էլ, սակայն բժիշկը նախընտրում է իր հիվանդներին չուղղորդել Երևան.

«Եթե ես մեկին ուղարկեմ Երևան, ինչ ունի, չունի կթափի էնտեղ։ Ես Երևանում էլ եմ աշխատել, այդ լաբորատոր բիզնեսն ահավոր վիճակ է։ Պատեպատ են զարնում՝ մինչև դատարկեն մարդուն, մզեն, նոր ուղարկեն։ Այդ աշխատելաոճը, որ կա հիմա Երևանում, ահավոր բիզնես է՝ պետք է, պետք չի՝ անում են: Պարզ է, որ հիվանդն իր առողջության համար կանի ամեն ինչ»,- ասում է Կ. Մարտիրոսյանը:

Բժիշկը նշում է, որ երբ նոր էր եկել, իր մոտ գրեթե մարդ չէր գալիս, իսկ այժմ սկսել են դիմել, և տարեցտարի դիմողների թիվն ավելանում է.

«Ժողովուրդը գնում է խոպաններ, դրսից «ներմուծում են» վիրուսներ ու մաքս չեն վճարում,- կատակով ասում է Կ. Մարտիրոսյանն ու ավելացնում, որ ոչ ոք սեռավարակից ապահովագրված չէ, և դրանք «ամոթ չեն»:

«Սեքսուալ մշակույթի պակաս կա երկու սեռերի մոտ. մեր երիտասարդների համար, մանավանադ՝ չամուսնացած,  հենց հիվանդանոց մուտքն արդեն «մինուս է»։ Ցանկացած մարդ կարող է մի անգամ սխալվելով՝ ընկնի այնպիսի խնդրի մեջ, որ մի քանի ամիս քաշի, մինչև բուժվի»։

Գիտելիքի պակաս էլ կա. ըստ Կոմիտաս Մարտիրոսյանի՝ շատերը սեռավարակների առկայությունը համարում են բնական երևույթ և չեն բուժում։

Կա նաև հիվանդանոցի վերազինման կարիք. հիվանդանոցը առաջիկայում կունենա ուրոլոգիական էնդոսկոպ։

Մաշկաբան-վեներոլոգ. «Սեռավարակների թիվը մեզ մոտ նախորդ տարիների համեմատ զգալի նվազել է»

Միանգամայն հակառակ տեսակետ է ներկայացնում Ալավերդու հիվանդանոցի փոխտնօրեն, մաշկաբան-վեներոլոգ Սերոբ Նազարեթյանը: Նա հրաժարվեց իրենց մոտ գրանցված սեռավարակների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ տրամադրելուց՝ ասելով, որ դա «գաղտնի ինֆորմացիա» է, սակայն նշեց, որ սեռավարակները նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են:

«Եթե օրինակ 1994-95 թվականներին, մինչև 2002 թիվը մենք տարեկան ունենում էինք 30 և ավելի սիֆիլիս, հիմա չունենք։ Վերջին հիվանդը եղել է մոտ 8 տարի առաջ,- ասում է Ս. Նազարեթյանը:- Ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ հանրապետությունում զգալի նվազել է (սիֆիլիսը, հեղ.Տրիխոմոնոզը, գոնորեան բավականին նվազել են, որովհետև մարդիկ դարձել են գիտակից, չէի ասի, թե չեն չարաշահում պատահական հանդիպումները, բայց օգտագործում են համապատասխան միջոցներ»,- ասում է մաշկաբան-վեներոլոգը:

Ըստ նրա՝ մարդիկ վաղ թե ուշ դիմում են բժշկի, քանի որ մի օր հիվանդությունը «գլուխ է բարձրացնում»: Դիմողների թվում են հավասարապես թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:

«Տարբերակ չկա. այսօր չգա, նա վաղը կգա, որովհետև հետագայում բարդություններ են առաջանում։ Կանանց և տղամարդկանց մոտ տարբեր հիվանդություններ է առաջացնում»,- ասում է նա՝ նշելով, որ երբեմն էլ մարդիկ դիմում են բժշկի՝ չկասկածելով անգամ, որ ունեն սեռավարակ, դա հայտնաբերվում է «պատահական»։

«Մենք էնտեղ ունենք ցիտոմեգալովիրուսներ, հերպեսներ, խլամիդիա, ուրեապլազմա, որոնք որ գրեթե կլինիկա չեն տալիս, ու հայտնաբերում ենք պատահական։ Ասենք, դիմում են ուրիշ պատճառով, մենք դա հայտնաբերում ենք։ Դրանք հիմնականում բերում են չբերության, դա հիմնավորված պատճառ է»:

Մարզում առավել տարածված սեռավարակից բժիշկն առանձնացրեց տրիխոմոնոզը, սունկը (կանդիդոզ), միզասեռական կանդիդոզն, գարդներելան։

Խոսելով սեռավարակների առաջացման պատճառների մասին՝ բժիշկն ընդգծեց, որ մեծ ազդեցություն ունի դրանց տարածման վրա հատկապես միգրացիան:

«Մի ժամանակ շատ էին գնում արտերկիր ու բերում իրենց հետ, քանի որ բուժումն էնտեղ թանկ է, չէին դիմում։ Հիմա քիչ են հանդիպում դրսից եկածներ։ Դա հիմնականում ՄԻԱՎ-ի դեպքեր են լինում, որոնք մեզ մոտ չեն հաշվառվում, այլ ՄԻԱՎ-ի կենտրոնում»։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ մեզ տրամադրած տվյալների՝ 2014-2017թթ Լոռու մարզից մեկնել և հետ է վերադարձել միգրացիոն գործընթացում ներառված մարդկանց 15.3 %-ը, ինչն էականորեն չի տարբերվում նախորդ տարիների նույն կտրվածքով ժամանակահատվածների (2011-2014թթ, 2012-2015թթ, 2013-2016թթ․) ցուցանիշներից: 

 

Սերոբ Նազարեթյանը պնդում է, որ իրենց մոտ «բոլոր ստուգումներն արվում են», և իրենք ունեն «բոլոր հնարավորությունները»:

Բժիշկը ևս նշում է, որ մարդկանց մոտ կա գիտելիքի պակաս: Նա դեպքեր է հիշում, երբ տղամարդիկ բուժվել են, սակայն իրենց կանանց չեն բերել բուժման, վարակի կրկնման դեպքերում էլ զարմացել են, թե կինն ինչու պետք է բուժվի՝ «հո ման եկո՞ղ չի»:


Գինեկոլոգ. այս տարի գրանցվել են չբերության շատ դեպքեր

Ալավերդիում այս տարի հղիների թիվը 40-ով նվազել է՝ կազմելով 372 հոգի: Գինեկոլոգ Ռոզա Մաճկալյանն ասում է, որ նմանատիպ վիճակագրություն կարելի է տեսնել ոչ միայն իրենց մոտ, այլև Հայաստանի բոլոր մարզերում: Հիմնական պատճառներից մեկը, ըստ նրա, դարձյալ միգրացիան է՝ արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց թվի աճը:

«Շատ է բարձրացել այն կանանց թիվը, ովքեր ունենում են 3-րդ, 4-րդ երեխային՝ մի ընտանիքից։ Այսինքն՝ ով տեղում է, իրենց մոտ ծնելիությունը շարունակվում է»,- նշում է Ռ. Մաճկալյանը:

Անդրադառնալով կանանց մոտ եղած վերարտադրողական առողջության խնդիրներին՝ Ռոզա Մաճկալյանը ասում է, որ այս տարի գրանցվել են չբերության բավականին շատ դեպքեր:

Թեև դրանք լիովին ուսումնասիրված չեն, սակայն բժիշկը հիմնական պատճառ է նշում սեռավարակների առկայությունն ու դրանց ոչ ճիշտ կամ ոչ ժամանակին բուժումը:

«Ամենավտանգավորը գոնորեան է, որը տալիս է արգանդափողի կպումներ, բայց տարեցտարի մենք դա արդեն չենք ունենում»:

Միաժամանակ Ռ. Մաճկալյանն նշում է, որ կան շատ տարածված սեռավարակներ, որոնք ոչ հետևողական բուժման դեպքում իսկապես կարող են լուրջ վնաս հասցնել կնոջ վերարտադրողկան համակարգին: Դրանցից են՝ գոնորեան, որը կարող է բերել չբերության, հղիների մոտ՝ ցիտոմեգալովիրուսը՝ պտղի մահվան, խլամիդիան՝ վիժումների և այլն:

Որպես Ալավերդիում առավել տարածված սեռավարակներ՝ գինեկոլոգն անվանում է սնկային հիվանդությունները, տրիխոմոնոզը և գարդներելոզը, սակայն, ինչպես մաշկավեներոլոգը նշում է՝ դրանց գրանցված դեպքերը քչացել են։

Ռ. Մաճկալյանը կնոջ վերարտադրողական առողջության մեկ այլ լուրջ խնդիր է համարում տնային պայմաններում հղիության ոչ ճիշտ ընդհատումը։ Նա պատմում է, որ երբեմն իրենից նույնիսկ անզգուշորեն ուղեգիր են խնդրում, որ հղիությունն ընդհատող դեղեր գնեն (դրանք մտնում են դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկի մեջ, հեղ,), սակայն իրենք մերժում են։

«Պայքար ենք տանում, որ կանխենք ինքնաբեր վիժումները տներում։ Երբ որ մի գործն անկիրթ է արվում, վատ հետևանքներ է ունենում,- ասում է նա՝  մեղադրելով նաև դեղատան աշխատակիցներին, ովքեր երբեմն կարող են վաճառել այդ դեղերը:

Գինեկոլոգը պատմում է, որ իրենց հիվանդանոցն անվճար տրամադրում է անցանկալի հղիության կանխարգելման համար նախատեսված դեղորայք, ներարգանդային պարույրներ, պահպանակներ և այլն, սակայն քչերն են դրանցից օգտվում։

Նախորդ բժշիկների պես, գինեկոլոգը ևս հաստատում է՝ մինչ օրս էլ մարդիկ իրազեկման շատ մեծ խնդիր ունեն: Սա, բժշկի կարծիքով, իսկապես լուրջ հարց է, քանի որ դեպքեր են եղել, երբ կինը վիժել է, սակայն նույնիսկ չի իմացել, որ հղի էր:

«Այսօր հայ կինը երբեք ու երբեք իրեն ընտանիքում առաջնային չի համարում։ Ընտանիքի բոլոր հոգսերն իր վրա է վերցնում, և այն, ինչ վերաբերում է իրեն, իր սեփական առողջությանը, մնում է թերի»,- եզրափակում է Ռ. Մաճկալյանը:

 

Մանկաբարձ-գինեկոլոգ. «Շատացել է չզարգացող հղիությունների թիվը»

Ալավերդու հիվանդանոցի մանկաբարձ- գինեկոլոգ Լյուդմիլա Մկրտումյանը հաստատում է գինեկոլոգի ասածները. չբերության թիվն ավելացել է, սակայն, նշում է, որ իրենց մոտ եղած վիճակագրությունը չի արտահայտում իրական պատկերը, քանի որ մարդիկ հաճախ իրենց էլ չեն դիմում, այլ միանգամից գնում են հատուկ մասնագիտացված կենտրոններ։

Բացի այդ, Լ. Մկրտումյանը նշում է, որ չբերությունն ախտորոշելու համար պարտադիր պետք է ուսումնասիրվեն դրա առաջացման պատճառները, իսկ իրենք այդ հնարավորությունները չունեն:

Չբերության աճին զուգահեռ, բժշկի խոսքով, նվազել են հղիության արհեստական ընդհատման դեպքերն ու ինքնաբեր (բնական ճանապարհով. հեղ.) վիժումները: Մասնավորապես՝ 2016թ համեմատ՝ 2018թ.-ին դրանք նվազել են 3,7 անգամ:

Ծնունդ և հղիության ընդհատում. Ալավերդի
Infogram

 

Թեև թերի վիժումների թիվը գնալով նվազում է, սակայն Լ. Մկրտումյանը մտահոգվում է, որ շատացել է չզարգացող հղիությունների թիվը:  Մասնավորապես, 2018թ. գրանցված վիժումների 25 դեպքից 14-ը եղել է չզարգացող հղիության, 11-ը՝ բնածին արատի պատճառով:

Լ. Մկրտումյանը վստահ է. որ չզարգացող հղիությունների հիմնական պատճառը սեռավարակներն են, սակայն իրենք չունեն բավարար միջոցներ դրանք լիովին հետազոտելու համար:

«Հղին գրանցվում է, մյուս անգամ գալիս է՝ պտղի սրտի բաբախ չկա։ Ի՞նչն է պատճառը։ Դժվար է ասել։ Եթե կինը գրիպ տանի, կարող ենք ասել, որ գրիպից է, չհետազոտվածների մոտ կարող ենք ասել՝ սեռավարակ է՝ ցիտոմեգալովիրուս, խլամիդիոզ և այլն, բայց ստույգ պատճառն ասել դժվար է»։

 

Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ մի շարք միջոցառումներ են իրականացնում Հայաստանում վերարտադրողական առողջության խնդիրների վերաբերյալ՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար նախատեսված անվճար բժշկական օգնության տեսքով:

Սակայն կոնկրետ Լոռու մարզում վերարտադրողական առողջության մասով ուսումնասիրություններ չեն կատարել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter