«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» 20 տարեկան է
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» 120 սան հանդես կգա համերգային ծրագրով, նկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությամբ: Այս տարի լրանում է կենտրոնի 20-ամյակը, և միջոցառումը նվիրվում է այդ հոբելյանին:
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ստեղծել է ՀՀ մշակույթի նախարարությունը' ի կատարումն կառավարության «Մշակույթը և հաշմանդամները» ծրագրի:
Կենտրոնի նպատակն է օժանդանել հանրապետության հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների հոգևոր և գեղագիտական դաստիարակությանը, տնայնագործական արհեստ-արվեստների մեջ հմտանալուն, մասնագիտական կողմնորոշման հարցերին։ Կենտրոնն ստեղծման առաջին իսկ օրվանից հաշմանդամ երեխաների համար նախատեսված օժանդակ հատուկ դպրոցներում և մանկատներում կազմակերպում է կրթական ծրագրեր։
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն» իր հովանու տակ է առել հաստատություններում սովորող շատ երեխաների՝ տեղաբաշխելով նրանց ըստ ցանկության և ընդունակությունների (երգեցողության, երաժշտության, պարարվեստի, կերպարվեստի, կիրառական արվեստի, տնայնագործական արհեստ-արվեստների, թատերական և ասմունքի բաժիններում):
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` ստեղծագործական կենտրոնում ուսուցումն անվճար է։ Թվով 650 երեխա ընդգրկված է կենտրոնի բաժիններում։ Կենտրոնը մշտապես կազմակերպում է կրթական ծրագրերում ընդգրկված երեխաների աշխատանքների ցուցահանդեսներ, բազմաբնույթ միջոցառումներ ու համերգներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել