
Ստեղծագործաբար փաթեթավորված թմրամիջոցներ, փոստը` որպես «առաքման ծառայություն». «Կանեփ-կակաչ» օպերացիայի արդյունքները
Հետք»-ի զրուցակիցն է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ Վարդգես Նաջարյանը:
-Պարոն Նաջարյան, 2018 թվականից առ այսօր ընդհանուր առմամբ ապօրինի շրջանառվող քա՞նի կիլոգրամ թմրանյութ է հայտնաբերվել Հայաստանում:
-Այս պահի դրությամբ դեռևս ամփոփված են 2018-ի առաջին 9 ամիսների տվյալները, և այդ տվյալների համաձայն՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 117 կգ 515,9 գ տարբեր տեսակի թմրամիջոց, 86,603 գ հոգեմետ նյութ, 434, 773 մլ պրեկուրսոր:
-Այս ցուցմանիշը նախորդ տարվա համեմատ նվազել, թե՞ աճել է:
-Նվազել է: 2017 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 141 կգ 135 գ թմամիջոց, 135,854 գրամ հոգեմետ նյութ և 1651.11 մլ պրեկուրսոր:
-Ամենաշատը ո՞ր երկրից են ներմուծել կամ փորձում ներմուծվել թմրանյութ:
-Այսպես ասած՝ «ծանր» թմրամիջոցները, օրինակ՝ հերոին, ափիոն, մեթամֆետամին, հիմնականում ներկրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ ինչպես օդային ճանապարհով են փորձում ներմուծել, այնպես էլ ցամաքային ճանապարհով: Իրանից ներկրվող թմրանյութերի մի մասը Հայաստանի սպառողների համար է բերվում, իսկ մյուս մասը փորձ է կատարվում երրորդ երկիր ուղարկել: Մեկ դեպքում ոստիկանության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ ոմն անձ զբաղվում է արտերկրից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցների ներմուծմամբ և իրացմամբ: 2018 թվականի հուլիսին տվյալ անձը բերման է ենթարկվել, նրա պայուսակում Նիդերլանդների թագավորությունից բերված ծրար է հայտնաբերվել, որի մեջ եղել է LSD տեսակի թմրանյութ: Պարզվել էր, որ Նիդերլանդներից Հայաստանի քաղաքացին է փոխանցել հայտնաբերված թմրամիջոցը: Փորձեր միշտ կատարվում են, բայց ոստիկանությունն ու իրավապահ մյուս այլ գերատեսչություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի դրանք խաթարվեն:
-Ո՞ր երկրներ են Հայաստանից փորձում թմրամիջոց ուղարկել:
-Օրինակ 2018թ.-ի հունվարին 6-րդ վարչության աշխատակիցները Մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության և ՀՀ քաղաքացիների, որոնք փորձում էին խորոված պատրաստելու սարքն առաքել Մեծ Բրիտանիա, իսկ սարքի մեջ թաքցված էր թմրամիջոց: Սարքում մաքսային զննությամբ հայտնաբերվել էր 7 կգ 600 գրամ քաշով մուգ շագանակագույն ափիոն տեսակի թմրամիջոց: Եղել են նաև Կանադա, Ավստրալիա ուղարկելու փորձեր:
-Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձինք հաճախ մտածում են դրանց շրջանառությունն առավել անվտանգ դարձնելու տարբեր ստեղծագործ ուղիներ:
-Այո, հետաքրքիր դեպքեր միշտ գրանցվում են: Օրինակ՝ այս տարի ունենք դեպք, երբ թմրանյութը քանդակի տեսքով էր հայտնաբերվել: Մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության էր ենթարկվել ԻԻՀ քաղաքացու անվամբ ուղարկվելիք առաքանին` թվով 4 քանդակ, որոնք կշռում էին ընդհանուր 13 կգ: Պարզվել էր, որ իրականում քանդակները մեթամֆետամին տեսակի թմրամիջոցից էին պատրաստված: Այսինքն՝ հնարք էին մտածել ու թմրանյութին քանդակի տեսք տվել: Դեպք է եղել, որ ավտոմեքենայի պահեստամասի երկաթյա դետալի մեջ է հայտնաբերվել: Այդ դեպքում ևս փորձ է արվել փոստային առաքման միջոցով տեղափոխել թմրամիջոցն ու այն հանելու համար կտրվել է մեքենայի երկաթյա դետալը: Մարդիկ փորձում են, փոստը որպես փոխանցման ծառայություն օգտագործելով, փոխանցել թմրամիջոցը:
-Հայտնաբերվել կամ Ձեր ուշադրության կենտրոնում գտնվում են արդյոք թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող մեծ հանցավոր խմբեր:
-Շատ մեծ հանցավոր խմբեր չեն հայտնաբերվել, և հույս ունենք, որ չեն լինի այդպիսիք:
-Ինչպիսի՞ իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում:
- Վերջին 9 ամսիների ընթացքում Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 59 դեպք: Սակայն քրեական գործերի հարուցման, դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ:
-Հիմնականում ինչպե՞ս է թմրանյութը հայտնվում քրեակատարողական հիմնարկում:
-Շատ անգամ՝ հանձնուքների միջոցով: Լինում են դեպքեր, երբ փորձում են նետել ներս, մարդիկ իրենց մարմինը ևս օգտագործում են` թմրամիջոցը քրեակատարողական հիմնարկ ապօրինի տեղափոխելու համար:
-Քա՞նի անձ է այս պահին հաշվառված որպես թմրանյութերից կախվածություն ունեցող, ով ստանում է բուժում, քա՞նի հոգի է բուժվել:
-ՀՀ-ում այս պահին մեթադոնային ծրագրով բուժում ստանում է թմրանյութերից կախվածություն ունեցող 504 անձ՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Մեր կողմից, իհարկե վերահսկողություն կա, որպեսզի հիվանդ անձինք ստանան այդ բուժումը, բայց թե կոնկրետ որքան անձ է բուժվել, նման տվյալների չեմ տիրապետում:
Արդեն տևական ժամանակ է՝ ոստիկանությունն իրականացնում է «Կանեփ-կակաչ» օպերացիան, որի շրջանակներում հայտնաբերվում և այրվում են կանեփի և կակաչի զանգվածները:
-Դա կանխարգելիչ միջոցառում է, որը պետք է արվի: Հիմնականում իրականացվում է օգոստոս ամսին, քանի որ օգոստոսն այդ բույսերի վեգետացիոն շրջանն է: Կանեփի և կակաչի զանգվածները հայտնաբերվում և այրվում են: Մենք ամեն տարի իրականացնում ենք միջոցառումը՝ փորձելով արմատախիլ անել դրանք, այդ պահին քաղվում, վերացվում է, բայց հաջորդ տարի տիրազուրկ տարածքներում նորից աճում է: Ինչ վերաբերում է տնամերձ տարածքներում հայտնաբերվող բույսերին, հայտնաբերվելուց հետո, ինչպես գիտեք, դեպքին համապատասխան ընթացք ՝է տրվում:
Այս տարի, օրինակ, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, ոչնչացվել է 48 տոննա կանեփ և 37 տոննա կակաչ: Ինչպիսի՞ն է հարաբերակցությունը տնամերձ և տիրազուրկ տարածքներից հայտնաբերված կանեփի և կակաչի քաշի միջև:
-Միանշանակ, հայտնաբերված բույսերի մոտ 95 տոկոսը տիրազուրկ տարածքներից է:
-Ասացիք, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, թմրանյութերի ապօրինի շրջանառության ավելի քիչ դեպքեր են հայտնաբերվել: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը վերջին հինգ տարվա կտրվածքով, և արդյոք քիչ դեպքերի հայտնաբերումը խոսո՞ւմ է թմրանյութերի ավելի քիչ շրջանառության մասին:
-2014, 2015, 2016 թվականներին հայտնաբերված դեպքերի թիվն ավելի մեծ է, քան վերջին երկու տարում, բայց շրջանառությունը կարող է ավելի շատ լինել: Գաղտնիք չէ, որ մեզ համար ապօրինի շրջանառությունը գերխնդիր է: Օր-օրի ամբողջ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառության շուկան մեծանում է, և մենք էլ, դառնալով աշխարհի մի մասնիկը, չենք կարող շրջանցել այդ ամենը: Համենայն դեպս, մենք օր ու գիշեր ամեն ինչ անում ենք, որպեսզի կանխենք թե՛ թմրամիջոցների մուտքը Հայաստան, թե՛ երկրի տարածքում դրա օգտագործումը, թե՛ արտահանումը Հայաստանից:
Մեկնաբանել