HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորյա հանգստի արժեքը Հայաստանում և արտերկրում

Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամանորյա օրերը Հայաստանի հանգստավայրերից մեկում անցկացնելու համար։ Որքա՞ն կարժենա հարևան երկրում՝ Վրաստանում հանգստանալը և, վերջիվերջո, ո՞վ կարող է իրեն թույլ տալ գնալ հանգստանալու։ «Հետք»-ի տվյալների լրագրության թիմը փորձել է գտնել այս հարցերի պատասխանները։  

Մեթոդոլոգիա

Նախ հասկանանք, թե ով է գնում հանգստանալու։ Գները հաշվարկված է զույգի համար (ընկերներ/ընկերուհիներ), որոնք կարող են զբաղեցնել նույն սենյակը։

Ու՞ր և ե՞րբ են գնում հանգստանալու։

Ամեն երկրում ընտրել ենք մայրաքաղաքները և չորսական հանգստավայր, որոնք հարմար են ձմեռային հանգստի համար։
Հայաստանում ընտրած վայրերն են՝ Երևան, Աղվերան, Ծաղկաձոր, Դիլիջան և Ջերմուկ։ Վրաստանում ընտրել ենք Թբիլիսին, Բորժոմին, Բակուրիանին, Գուդաուրին և Կազբեգին։

Ամեն վայրում ընտրել ենք 5, 4 և 3 աստղանի երեքական հյուրանոց։ Հյուրանոցների ընդհանուր թիվը 30 է։ Ընտրված հյուրանոցների մեջ կան և՛ միջազգային, և՛ տեղական բրենդներ։ Եթե վայրերից մեկում չի եղել 5 աստղանի հյուրանոց, ապա ընտրել ենք երկու 4 և մեկ 3 աստղանի հյուրանոց։ Գովազդից խուսափելու համար այս վերլուծությունում չենք նշում հյուրանոցների անունները։

Հյուրանոցներ ընտրելու համար օգտվել ենք Գուգլի https://www.google.com/travel/hotels և https://www.booking.com/ կայքերից։ Հայաստանի դեպքում զանգել ենք բոլոր հյուրանոցներին և հենց հյուրանոցներից ենք ճշտել գները։ Վրաստանի հյուրանոցների գները ճշտելիս օգտվել ենք այդ հյուրանոցների կայքերում տեղադրված ամրագրման գործիքներից։ Վերլուծության համար գների մեծ մասը ճշտել ենք դեկտեմբերի 24-ին ու 25-ին, և քանի որ հյուրանոցների մեծամասնությունում գործում է գների լողացող համակարգ, այս գները կարող են արդեն իսկ տարբեր լինել։ Միջին գինը ստացել ենք բանաձևով։

Հանգստյան օրերն ընտրել ենք դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, այսինքն՝ 4 օր և 3 գիշեր։ Ծառայություններից ընտրել ենք 3-անգամյա սնունդ (որոշ հյուրանոցներ առաջարկում են միայն նախաճաշ, բայց ունեն ռեստորաններ, որոնցում սնվելու գումարն առանձին է գանձվում) և միջին որակի ստանդարտ սենյակներ, այսինքն՝ չենք դիտարկել լյուքս դասի կամ այլ ավելի էլիտար տարբերակներ։

Գրաֆիկները ներկայացնում ենք ստորև։

Ինչպես տեսնում ենք, Վրաստանում երեքօրյա հանգստի միջին գինը 221 հազար դրամ է, ինչը 86 հազարով ավելի էժան է Հայաստանի գնից։

 

Պատկերը մի փոքր այլ է, երբ համեմատում ենք Թբիլիսիի և Երեւանի գները։ Մայրաքաղաքների դեպքում ընտրել ենք երկուական միևնույն միջազգային բրենդի հյուրանոցներ և մեկ տեղական հյուրանոց ու ստացել ենք հետևյալ արդյունքները.

Հայաստանում և Վրաստանում մեր ընտրած 5-ական քաղաքներում հանգստի միջին արժեքների համեմատությունը։

«Հետք»-ի տվյալների լրագրության թիմը նաև ուսումնասիրություն է արել պարզելու համար, թե ինչ փաթեթներ են առաջարկում տուրիստական գործակալությունները, ինչ գնային սահմաններում եւ ինչ ծառայություններ են են ներառում դրանք։

Մեթոդոլոգիա

Ուսումնասիրվել են 12 տուրիստական գործակալության առաջարկները։ Երեք ուղղությունների համար ընտրվել են  չորսաստղանի հյուրանոցներ՝ նախատեսված մեկ անձի համար։ Հարցումները կատարվել են թե´ հեռախոսազրույցների միջոցով, թե´ հետեւելով գործակալությունների «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տարածած առաջարկներին։

Այս տարի տուրիստական գործակալությունների՝ ամենից շատ առաջարկած փաթեթը դեպի Վրաստան է, որն առաջարկում է հյուրընկալություն Թբիլիսիում։ Թբիլիսիում մենք ընտրել ենք չորսօրյա փաթեթներ։

Փաթեթների մեջ ներառված են Երեւանից Թբիլիսի տեղափոխումը, ամանորյա գալա ընթրիքը, նախաճաշը, ինչպես նաեւ էքսկուրսիաներ քաղաքում։

Թբիլիսիում չորսօրյա ամանորյա փաթեթի համար միջինում վճարվում է մոտ 152 հազար դրամ։

Հաջորդ՝ ամենից շատ առաջարկվող տուրիստական փաթեթը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ է ՝ Շարժա, Դուբայ։ 8-9 օրվա համար նախատեսված փաթեթները հիմնականում ապահովում են ավիատոմս, դիմավորում, կեցության ապահովում, նախաճաշ, վիզայի տրամադրում, ինչպես նաեւ ներառում են ամանորյա գալա ընթրիք։ Ուղղության համար նախատեսված տուրփաթեթի միջին արժեքը մոտ 406 հազար դրամ է։

Այս տարի ակտուալ է նաեւ հանգիստը Եգիպտոսում, որտեղ Ամանորն անցկացնելու համար միջինում ծախսվում է մոտ 339 հազար դրամ։ Ի տարբերություն Դուբայի՝ այս երկիր մեկնելու համար նախապես վիզա ստանալ պետք չէ։

Մենք նաեւ ուսումնասիրել ենք գործակալությունների տրամադրած՝ Հայաստանի տուրիստական քաղաքներում հանգստի փաթեթները։ Դեպի Հայաստանի տուրիստական քաղաքներ տուրփաթեթների արժեքները տատանվում են։ Հայաստանի չորս տուրիստական քաղաքներում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում եւ Ջերմուկում ամանորյա հանգիստ անցկացնելու համար տուրիստական գործակալություններն առաջարկում են փաթեթներ՝ միջինը մոտ 250 հազար դրամի սահմաններում։ Այսինքն՝ Վրաստանի համեմատությամբ՝ Հայաստանում ամանորյա փաթեթներ ձեռք բերելու համար պետք է մոտ 100 հազար դրամ ավելի վճարել։ Այս փաթեթները ներառում են հիմնականում հյուրանոց տեղափոխումը, կեցությունը եւ դեկտեմբերի 31-ին նախատեսված գալա ընթրիքը։

Համեմատության գրաֆիկը ներկայացնում ենք ստորև։

Հ․Գ․ Ցավոք, պետք է նշենք, որ արժանացել ենք Հայաստանում որոշ հյուրանոցների աշխատակիցների կոպտությանը և անբարյացակամ վերաբերմունքին։ Հյուրանոցների անուններ չենք նշում, բայց հարկ ենք համարում մեր ընթերցողներին տեղեկացնել, որ ոմանք ասել են, թե մեր «ժամանակը չունեն» և ուղղակի անջատել են հեռախոսը, երբ վերլուծության համար զանգեր անելուց ներկայացել ենք որպես լրագրող։ Որոշ տուրօպերատորներ չեն պատասխանել մեր հարցերին, իսկ երբ արդեն ներկայացել ենք որպես հաճախորդ՝ այդ ժամանակ բոլոր հարցերին պատասխանել են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter