HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:

Հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ. դեռևս 1988-1989 թթ. տեղի էին ունեցել պատանդառության և առևանգման առանձին դեպքեր, և հետագայում, հակամարտության լարման հետ պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սրվեց։ Ազգությամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել հատկապես 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողության ժամանակ:

«Մարդկանց առևանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից հետո նրանք հայտնվում էին ադրբեջանական բանտերում և կալանավայրերում, որտեղ ենթարկվում էին դաժան խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:

Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր գյուղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալեցին կամ գերեվարվեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնավոր բնույթ կրող խոշտանգումների հետևանքով»,- նշված է փաստաթղթում:

Հուշագրում նաև բազմաթիվ փաստեր են բերվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում և 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվելուց հետո ադրբեջանական կողմից հայ պատանդների և ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերյալ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ բարձրացնելով անհայտ կորածների հարցը և, միևնույն ժամանակ, հրաժարվելով դրա լուծման համար որևէ համագործակցությունից, Ադրբեջանն ակնհայտորեն քողարկված նպատակներ է հետապնդում:

Մասնավորապես, ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններն արդարացնելու նպատակով:

Այս արշավը հանրային կյանքի բոլոր ոլորտները ներառող պետական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է հայատյացության հրահրմանն ու հայերի դեմ հանցագործությունների խրախուսմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիզմն ու այլատյացությունը հաստատված է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter