HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմազավակ մայր Հասմիկ Վերանյանը դեղին հողե խոզից 2019-ին բարեկեցիկ կյանք է խնդրում իր ընտանիքի համար

Հուսիկ  Սարգսյանը  և Հասմիկ Վերանյանը 4 երեխա ունեն՝ Ֆլորան, Նորիկը, Սոֆին և Սոնան: Սոնան 3 տարեկան է: Մոր հորդորով՝ երեքամյա Սոնան նոր տարվա մասին երգ երգեց: Վերջինս էլ երգելուց հետո ասաց, որ Ձմեռ պապիից մանուշակագույն տիկնիկ է խնդրել:

Հասմիկը պատմեց, որ երեխաներից ամեն մեկը տարբեր կերպ է նշելու Նոր տարին․

«Նորիկն արդեն 14 տարեկան է և սիրում է ընկերների հետ դրսում անցկացնել Նոր տարին: Ֆլորան ժամը 12-ին իր երգերով է հանդես գալու: Դիսկեր է նկարահանում այդ օրը մեզ զարմացնելու համար: Մեր Սոֆին նույնպես պատրաստում է երաժշտական համար: Սոֆին երաժիշտ է և պարուհի: Սոնան ամեն ինչ անում է, քույրերի բոլոր երաժշտական կատարումներին մասնակցում է: Տան ամեն անցուդարձին Սոնան տեղյակ է, ինքը այդպես ծնվել է»։

Մինչ մենք զրուցում էինք, երեխաները զարդարեցին տոնածառը:

Սարգսյանների ընտանիքը Ամանորը նախկինում դիմավորել է հետաքրքիր ավանդույթներով: Դրանք ձևավորել է հայրը՝ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն Նորիկ Սարգսյանը և մայրը՝ բժշկուհի Ֆլորա Չերքեզյանը:

Հուսիկ Սարգսյանը քույրերի՝ Լոռայի և Լիրայի հետ պատմում են իրենց ընտանիքի տարեմուտյան ավանդույթները:

«Ժամը 12-ին մենք ընտանիքի անդամներով շնորհավորում էինք միմյանց: 12:05-ին մեր դռան զանգը տալիս էին մեր դիմացի հարևան ամուսիններ Ջուլիետան և Սամվելը: Նրանք շնորհավորում էին մեր Նոր տարին: Հետո հայրս՝ Նորիկ Սարգսյանը, գինով լի մի տակառիկ էր վերցնում, և Սամվելի հետ գնում էին շնորհավորելու մեր շենքի բոլոր հարևանների Նոր տարին: Նրանք նախ իջնում էին հարևան Ժաբոյի տուն, շնորհավորելուց հետո Ժաբոյին վերցնում, մտնում էին մաթեմատիկայի ուսուցիչ Հովհաննես Վարոսյանի տուն, վերջինիս էլ վերցնում, գնում էին շնորհավորելու Վոլտեր Թումանյանի ընտանիքի Նոր տարին և այդպես հերթով մտնում էին բոլոր հարևանների տները: Ամենավերջում այցելում էին այն ժամանակվա լեռնամետալուրգիական կոմբինատի պարտկազմակերպության քարտուղար Գառնիկ Իսրայելյանի տուն: Լուսադեմին՝ ժամը 5-ի սահմաններում, հայրս, շենքի բոլոր հարևաններին հավաքած, բերում էր մեր տուն: Հենց մեր շքամուտքում աղմուկ էր լինում, ասում էինք վերջ՝ պապան եկավ հարևանների հետ: Հայրս մեր տանը հարևան տղամարդկանց խմացնում էր այնպես, որ նրանք մեր տանից ճոճվելով էին դուրս գալիս»,- պատմեց Լոռան:

Լոռա Սարգսյանը Ալավերու բժշկական կենտրոնի գինեկոլոգներից է: Սարգսյանների ընտանիքում հունվարի 1-ին ավանդույթ է եղել նաև հոր դպրոցական ընկերներով միմյանց տուն այցելելը: «Այն ժամանակ մարդիկ աշխատելու հետ նաև քեֆ անել գիտեին: Հայրս իր հոգու ողջ շռայլությամբ նոր տարվա տոնը կիսում էր հարևանների, ընկերների և կոմբինատի աշխատողների հետ»,- հիշեց բժշկուհին:  

Հուսիկ Սարգսյանն ասում է, որ հիմա ամեն ինչ հեշտ չի տրվում մարդուն, Ալավերդու աշխատուժի մեծ մասը անաշխատանք է: Նա դժգոհեց, որ բացի դա, նախկին ավանդույթները չեն պահպանվում: «Ես շատ տպավորվում էի, երբ ամբողջ Սարգսյաններով՝ հարսներով և թոռներով,  Նոր տարուն հավաքվում էին մեր օջախում: Հիմա բոլորը, տուն-տեղ թողած, երկրից դուրս են եկել: Նախկին ընտանեկան ավանդույթները խախտվել են արտագաղթի պատճառով: Բացի այդ հարևանների մեջ սերնդափոխություն է կատարվել: Հիմա հարևանները իրենք էլ են պարփակված»,- ասում է Հուսիկը:

Լիրա Սարգսյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանում է աշխատում. «Հիշո՞ւմ եք, որ պապան դույլի մեջ կրույշոն էր սարքում: Ոգելից խմիչք էր լցնում, հյութ էր լցնում: Ինքը սարքում էր, հետո շերեփով լցնում էր բաժակները և հյուրասիրում մեզ: Մեր ընտանիքում կրյուշոնն էլ էր նոր տարվա ավանդույթ: Երբ երեխաները կմեծանան, նրանք մեր ընտանիքում կվերականգնեն հին ավանդույթները»,- ասաց Լիրան:  

«Նոր տարվա ժամը 12-ից առաջ բոլորս պետք է լողանայինք: Բաղնիքի մոտ հերթ էր»,- պատմեց  Հուսիկը:

«Մայրը Նոր տարուն լոբով յուրահատուկ սալաթ էր պատրաստում, մեր սեղանը զարդարում էր նաև ավելուկով  և մայրաքաղաքային սալաթներով: Նկատել եմ՝ հիմա լոբով և ավելուկով սալաթներ չեն դնում սեղանին: Գոճի էլ էինք դնում սեղանին: Նաև վրացական սացիվի էր մայրս սարքում: Փախլավան ու գաթան պարտադիր էին»,- պատմում է Լոռան։

Նա հիշեց նաև, որ հայրն ամեն տարի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, սկսում էր իրենց նկուղները մաքրել: Մի սովորույթ էլ կար ընտանիքում, տանը կոտրած կամ ճաքած սպասքը չէր թողնում անցնի հաջորդ տարի:

Նոր ավանդույթներից Լոռային դուր է գալիս միմյանց նվերներ տալը:

Հասմիկը պատմեց, որ Նոր տարվա տոնական սեղանի համար կաղամբով և թփով պասուս տոլմա, բլինչիկ և սկեսուրի բաղադրատոմսով խոզի բուդ է պատրաստելու, «բայց խոզին չնեղացնելու համար» տոնական սեղանին չի դնելու:

Հասմիկը ասում է, որ Նոր տարվա տոնական սեղանի թագուհին փախլավան և գաթան են:

Ուսուցչուհի Հասմիկը 2019թ.-ի խոզից ակնկալում է առաջին հերթին իր և ամուսնու համար աշխատանքով ապահովվածություն: Հուսիկ Սարգսյանը պղնձաձուլական գործարանի էլեկտրալիզի արտադրամասի պետի տեղակալն է:

«Խոզից բարեկեցիկ կյանք եմ ուզում իմ ընտանիքի համար: Հուսանք, որ 2019թ.-ը հաճելի տարի կլինի մեր ընտանիքի և Հայաստանի համար»,- ասաց Հասմիկ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter