HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու Սեւյանի անվան մշակույթի պալատի ապագան աղետից 30 տարի անց էլ մշուշոտ է

Աղետի պատճառած «վերքերը» տարիների ընթացքում խորացրեցին մարդիկ՝ թալանելով, պոկել-տանելով ինչ հնարավոր է՝ որպես ժառանգություն սերունդներին թողնելով հսկայական կույր խոռոչներով մի շինություն եւ մի գեղեցիկ պատմություն՝ անցած փառքի ու հզորության մասին: Երկրաշարժը չէր խնայել նաեւ Լենինականի Սեւյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի հոյակերտ կառույցը, սակայն մի բացառությամբ՝ այն, ինչ չէր ենթարկվել տարերքի ավերիչ ուժին՝ ավարտին հասցրեցին մարդիկ: Բայց Սեւյանի ակումբն ավելի «բախտավոր» գտնվեց, քան ասենք «Շիրակ» հյուրանոցի շենքը, որին «մերկացրեցին» մինչեւ վերջին թելը, անգամ մահվան գնով: Գուցե մշակույթի պալատին վերջնական ավերումից փրկեց նաեւ հանգամանքը, որ Աղասի Շաբոյանի ղեկավարած պարի խմբերը շարունակեցին իրենց գործունեությունը բակային հատվածում տեղադրված տնակներում՝ հուսալով, որ մի օր կհիմնանորոգվի ակումբը:

Երկաթուղայինների մշակույթի պալատը, նախքան երկրաշարժը եւ երկրաշարժից հետո եւս 26 տարի, գտնվել է մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Դժվար է ասել, թե երբեւէ անցած տարիներին, նախարարությունում եղե՞լ է քննարկում շենքը վերջնական ավերումից փրկելու վերաբերյալ, սակայն փաստն այն է, որ աղետից այդքան տարիներ անց կառույցը մնաց կիսավեր ու վերածվեց աղբանոցի: 2014թ-ին, մշակույթի պալատը, Գյումրու ավագանու որոշմամբ, դարձավ համայնքային ենթակայության: Պատճառաբանությունն այն էր, որ կառավարությունում, եթե անգամ վերականգնման ծրագրեր էլ կազմվել են, ապա դրանք մնացել են թղթի վրա: Իսկ ի՞նչ է արել համայնքապետարանն անցած երեք տարիների ընթացքում մշակույթի պալատի վերականգման ուղղությամբ: Գործնական առումով՝ զրո քայլ, քանի որ շենքն ինչպես որ կա, դեռ այդ տեսքով շարունակում է պահպանվել: Սակայն ի տարբերություն մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանը նախագծերի առումով մեկ քայլ առաջ է գնացել:

Ներկայում խոսվում է Սեւյանի մշակույթի պալատի վերականգնման երեք նախագծերի մասին, որոնք 2019թ-ի հունվարին դրվելու են հանրային քննարկման: Նախագիծը, որն առաջարկվել է քաղաքային իշխանություններին մեկ տարի առաջ եւ բանակցություններն էլ շարունակվել մինչեւ այս տարվա փետրվար ամիսը, սերտ առնչություն ունի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանի անվան հետ: Այս ծրագի հետ կապված, որպես շահագրգիռ կողմ, նշվում էր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Կարինե Ավդալյանի անունը: Վերջինս, իր հարցազրույցներում, բազմիցս նշել է, որ ծրագիր կա Գյումրիում պրոֆեսիոնալ համերգային դահլիճ ունենալու, կան ֆինանսավորողներ եւ ծրագիրը սկսելն ընդամենը ժամանակի հարց է:

2018թ-ի փետրվարի 17-ին, վիտուոզ Միխայիլ Սիմոնյանը եւ Լեւոն Սարգսյանը ստորագրել էին համաձայնագիր Գյումրիում ժամանակակից մշակույթի կենտրոնի կառուցման վերաբերալ: Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը, մինչեւ այս տարվա մայիս ամիսը դեռ պնդում էր, որ նախագիծն իրագործվելու է, անգամ նշում էր ընտրված ճարտարապետի անունը՝ Արթուր Մեսչյան, ում հետ համագործակցությունը սկսելու հույս ունեին բանակցային բոլոր փուլերն ավարտելուց հետո:

Սեւյանի անվան մշակութային պալատի վերականգնման վերաբերյալ խոսակցություններն աշխուժացան այս տարվա ամռանը, սակայն փոխվել էր վերականգնման հայտ ներկայացրած կազմակերպության անունը: Հայտ ներկայացրել էին Երեւանում գործող հայտնի «Բալետ 20/21» հիմնադրամի ղեկավարները: «Լինելու է միջազգային պարարվեստի կենտրոն,-ասում է «Բալետ 20/21» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը,- այստեղ կսովորեն ժամանակակից եւ դասական պար, ժազ կսովորեն, հիփ հոփ կսովորեն: Դասատուները հրավիրվելու են արտասահմանից, կլինեն վճարովի դասընթացներ այլազգիների համար: Մենք անչափ կարեւորում ենք Գյումրին եւ Շիրակի մարզը, ուզում ենք դպրոց ստեղծել այստեղի տաղանդավոր, շնորհալի երեխաների համար: Մեր ծրագրերում կա ամառային դպրոց ունենալու գաղափարը, որ հնարավորություն կտա հայ երեխաներին շփվելու օտարերկրացի երեխաների հետ: Ծրագրերը շատ են, բայց դե առաջնայինը նախագծի հաստատումն է»:

Աշխատանքները ղեկավարելու է Մոնրեալից ճարտարապետ Ազատ Շիշմանյանը: Լիլիթ Պետրոսյանը նշում է, որ Շիշմանանի ճարտարապետական վերջին նախագիծն արտերկրում արժանացել է 30 մրցանակի եւ իրենք հույս ունեն, որ Սեւյանի մշակույթի պալատի վերականգնմանն էլ ճարտարապետը կմոտենա նույն պատասխանատվությամբ: Վերականգնվելու է երկու հարկ՝ մոտ 3200 քմ տարածք, ճարտարապետական լուծումով շենքի մեկ հատվածում կավելանա նաեւ 3-րդ հարկ: «Գաղափարը մակետի տեսքով արդեն իսկ ներկայացված է Գյումրու քաղաքապետին ու ճարտարապետին, սպասում ենք, որ առաջարկը հաստատվի, էդ դեպքում կկարողանանք 2019թ-ի գարնանը սկսել,-ասում է «Բալետ 20/21»-ի հիմնադիր, ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը,-մտածում էինք, որ կավարտենք երեք տարուց, բայց կարծում եմ, որ լիարժեք պատրաստ կլինի 2022թ-ին: Համոզված եմ, որ սա վերակառուցման լավագույն նախագծերից մեկն է լինելու Գյումրիում: Եթե հաստատվի նախագիծը, ապա մենք կունենանք պարի միջազգային մի կենտրոն, որտեղ հնարավորություն կունենանք զարգացնելու բալետը եւ ներկայանալ աշխարհին մեր արմատներով, մեր դպրոցով»:

Այս նախագծով վերականգնվելու է ոչ միայն կառույցն, այլեւ հարակից այգին, որտեղ դեռ տնակային տնտեսություններ կան: Ռուդոլֆ Խառատյանն հույս ունի, որ մինչեւ բուն շինարարական աշխատանքները սկսելն, այդ ընտանիքների բնակարանային հարցերը կլուծվեն: Իսկ թե իրականում ներկայացված երեք նախագծերից որ մեկին կտրվի նախապատվությունը, պարզ կդառնա հավանաբար առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում: Հստակ է միայն մի բան, որ նախագիծն էլ հաղթի, Սեւյանի անվան երկաթուղայիննների մշակույթի պալատը պահպանելու է բուն գործառույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter