HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վանաձորում վեներական հիվանդությունների մասին լռում են՝ չայցելելով բժշկի. վերարտադրողական առողջության խնդիրները Վանաձորում

Վանաձորում սեռավարակների եւ վեներական հիվանդություններ ունեցողների վերաբերյալ բժշկական հաստատություններում հստակ վիճակագրական տվյալներ չկան։ «Վանաձորի բժշկական կենտրոնում» վեներական հիվանդությունների ախտորոշիչ կենտրոն չկա, իսկ պոլիկլինիկաների լաբորատոր փարձաքննությունները ժամանակակից մեթոդներին չեն համապատասխանում եւ հիվանդության ամբողջական ուսումնասիրություն չի կատարում։

«Հետք»-ն ուսումնասիրում է Հայաստանում տարածված վերարտադրողական առողջության խնդիրները: Այս անգամ մենք եղել ենք Լոռու մարզում, մասնավորապես՝ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, որտեղ ևս բարձր է սեռավարակների, չբերության և չզարգացող հղությունների թիվը։ Երկու քաղաքների բժիշկների պնդմամբ՝ կա գիտելիքի պակաս և համապատասխան մասնագետին ճիշտ ժամանակին դիմելու բարդույթ:

Վեներական հիվանդությունների շատացման պատճառներից մեկն արտագնա աշխատանքն է

«Վանաձորի թիվ 3» պոլիկլինիակում հիմնականում հանդիպող վեներական հիվանդություններնեն տրիխոմոնոզը եւ գոնորեան։ Մաշկավեներաբան Ռոզա Կարապետյանն նշում է, որ հիմնականում այս հիվանդություններով դիմում են կանայք, քանի որ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում առաջացած խնդիրներին։Կանանց մոտ ի հայտ եկած ախտանիշների մասին էլ առաջինը տեղեկանում են գինեկոլոգները։ Վեներաբանն հստակ չի կարողանում նշել ՝ Վանաձորում սեռական հիվանդությունների ինչպիսի միտում է նկատվում, քանի որ չկա մի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն, որտեղ կհաշվառեն ու բուժում կստանան քաղաքի բոլոր հիվանդները։ «Հիվանդը կարող է մեկ այլ պոլիկլինիկա գնա, իհարկե, մենք մաշկաբաններով կապի մեջ ենք, մենք նաեւ տվյալներ ուղարկում ենք «Մաշկաբանական կենտրոն», բայց հաճախ հիվանդները գնում են մասնավոր հիվանդանոցներ, տեղափոխվում Երեւան, որտեղ ամեն ինչ արվում է գաղտնի»։

Վերջին հինգ տարիների ընթացքում պոլիկլինիկայում սիֆիլիսի դեպքեր չեն հայտնաբերվել, քանի որ սիֆիլիսի ախտորոշման համար լաբորատոր պայմաններ առկա չեն։


Infogram

Բժիշկը կարեւորում է մեկ հիվանդին հայտնաբերելուց հետո գտնել նաեւ զուգընկերոջը եւ համատեղ բուժում իրականացնել, քանի որ հիվանդությունը բուժումից հետ հետո կարող է նորից կրկնվել, եթե փոխանցողը չի բուժվել։

Ըստ բժիշկ Ռ. Կարապետյանի՝ եթե մարդը գիտակից լիներ եւ պաշտպանվեր, ժամանակին բժշկի այցելեր, այս հիվանդությունները վերացած կլինեին։ Հայաստանի համար, որպես հիվանդությունների նվազման միջոց, տեսնում է աշխատատեղերի ստեղծումը եւ սեռավարակների ու վեներական հիվանդություններով զբաղվող մարզային կենտրոնների կառոցումը։

Մարդիկ խուսափում են բժշկի դիմելուց՝ թաքցնելով հիվանդությունը

Վեներական հիվանդությունները կարող են ազդել վերարտադրողականության վրա, գոնորեայով, սիֆիլիսով հիվանդ մորից ծնվում է հիվանդ երեխա։

Վանաձորի «Թիվ 1 պոլիկլինիկայի» գինեկոլոգ Ալվարդ Մելքումյանն ասում է, որ մարդիկ իրենց հիվանդության մասին հաճախ լռում են կամ բժշկի գնում ծայրահեղ դեպքերում։ Երբեմն հիվանդությունները պարզվում են գինեկոլոգի մոտ հերթական հետազոտության ընթացքում. «Հիվանդներիցս մեկը հղիության ընթացքում այցելեց, պարզվեց սիֆիլիսով հիվանդ է, կրիտիկական փուլում էր, երեխան ծնվեց հիվանդություններով»,-ասում է բժիշկը, հետո հավելում, որ դեպքը մոտ յոթ տարի առաջ է եղել, իսկ վերջին տարիներին սիֆիլիսով հիվանդներ չի ունեցել։

Բժիշկը նշում է, որ այցելուներն «ամաչում են» նշել նաեւ, թե երբ են սեռական հարաբերություններ ունեցել զուգընկերոջ հետ, որը բուժման համար կարեւոր գործոններից է, քանի որ պետք է գտնել հիվանդության մյուս կրողին։ Այս պոլիկլինիկայում ամենից տարածված վեներական հիվանդությունը տրիխոմոնոզն է։

Հիվանդության տարածման պատճառներից մեկը գինեկոլոգը կապում է նրա հետ, որ տղամարդիկ չեն սիրում դիմել բժշկի եւ հիվանդությունը կրկնվում է։ «Տղամարդիկ հաճախ բժշկի չեն գնում, ասում են՝ մենք գանգատ չունենք, բայց ես ասում եմ, որ անպայման զուգընկերը եւս բժշկի այցելի։ Պետք չէ թաքցնել սեռավարակները, ամաչել բժշկի գնալուց»։

Ըստ բժիշկ-ուրոլոգ Արտակ Եդոյանի՝ արտագնա աշխատանքն ամենամեծ դերն ունի սեռավարակների փոխանցման եւ տարածման գործում։ «Տղամարդիկ գնում են անկանոն սեռական կյանքի, անկանոն պայմաններում են սեռական կյանք ունենում, հետո վերադառնում՝ իրենց հետ բերելով հիվանդություններ»։

Արտակ Եդոյանը նշում է, որ տղամարդիկ բժշկի գնալ չեն սիրում, վեներական հիվանդություններինէլ հաճախ ուշադրություն չեն դարձնում, հիմնականում զուգընկերոջ միջոցով է պարզ դառնում, որ նրանք վեներական հիվանդություններ ունեն։

Վեներական հիվանդությունները կարող են ստերջության պատճառ դառնալ։ «Տղամարդկանց մոտ անպտղության պատճառների 10-12 %-ը բաժին է ընկնում ինֆեկցիոն հիվանդություններին՝ խլամինդիա, ուրեապլազմա և միկոպլազմա եւ սրա հետ մեկտեղ սեռավարակները՝ տրիխոմոնոզը, գոնորեան։

Տղամարդկանց մոտ գանգատները հիմնականում միզելու ժամանակ են առաջ գալիս, պետք է ուղղակի ժամանակին դիմել բժշկի, չպետք է ինքնաբուժությամբ զբաղվել»։

Վանձորի բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Արամ Ավալյանն նշում է, որ իրենց հիվանդանոցում վեներական հիվանդություններվ դիմող հիվանդներ գրեթե չեն լինում, քանի որ չկա ախտորոշիչ կենտրոն։ Մենք կապ հաստատեցինք նաեւ բ/կ-ի մաշկաբանի հետ, ով եւս նշեց, որ վեներական հիվանդություններով չի զբաղվում։

 

Վանաձորում ծնելիության թիվը նվազել է

Վանաձորում ծննունդների թիվը տարեց տարի նվազում է։ 2018թ.-ին 2013թ-ի համեմատ ծնելիությունն իջել է մոտ 580 -ով։

Գլխավոր գինեկոլոգ  Արամ Ավալյանն ասում է, որ պատճառը հիվանդանոցային պայմաններն են եղել, իսկ վարանորոգումից հետո նորից սկսվել է թիվը աճել։

Վանաձորի Բ/Կ-ը այս տարվա նոյեմբերին է վերաբացվել։ Թեեւ հավելում է, որ ծնելիության մակարդակն ամբողջ Հայաստանով մեկ է իջել։


Infogram

Ըստ բժշկի՝ կանանց վերարտադրողական առողջության խնդիրներից է հղիության արհեստական ընդհատումները, որոնց մի մասն արվում է առանց բժշկի հսկողության եւ ոչ ճիշտ ժամկետներում։

Բժիշկը վստահ է՝ մարդիկ ինֆորմացիայի պակաս ունեն, ոչ մասնագետների խորհրդով կարող են գնել հղիության արհեստական ընդհատում առաջացնող դեղամիջոցներ, որոնք կարող են բարդությունների անգամ անպտղության պատճառ դառնալ։

«Հղիության դեղորայքային ընդհատումն օրենքի ուժ ունի եւ կնոջ նախընտրությունն է, սակայն պետք է լինի կնոջ եւ բժշկի փոխհամաձայնության արդյունքում»։

Բժիշկն նշում է, որ կարեւորը ժամկետի պահպանում է, այսինքն հղիության ընդհատումը մինչեւ պտղի 12 շաբաթական դառնալը։ «Ժամկետների մեջ արեք , ժամկետը անցնելուց հետո մի արեք։ 12 շաբաթն անցնելուց հետո մեր հիվանդանոցներում արհեստական ընդհատում չեն անում»,- հավելում է Արամ Ավալյանը։

Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ մի շարք միջոցառումներ են իրականացնում Հայաստանում վերարտադրողական առողջության խնդիրների վերաբերյալ՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար նախատեսված անվճար բժշկական օգնության տեսքով:

Սակայն կոնկրետ Լոռու մարզում վերարտադրողական առողջության մասով ուսումնասիրություններ չեն կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter