Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է 102-րդ ռազմակայանի միջոցառումներին
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։
Ըստ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ելույթ ունենալով նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։
Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի դերը տարածաշրջանի կայունության պահպանման գործում և համոզմունք հայտնել, որ սերտ փոխգործակցությունը այսուհետ ևս ամուր և արգասաբեր կլինի։
Նույն օրը Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի առօրյա ծառայությանը, ուսումնական գործընթացին, զինտեխնիկայի պահպանման և զորանոցային պայմաններին։ Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել