HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

23-րդ Ամանորն եմ դիմավորելու բանտում, բայց Նոր Հայաստանում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Պատմական տարին մոտենում է ավարտին, որ չհասցրածներս հասցնենք Նոր Հայաստանի Նոր տարում: Կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ վերջապես ազատվեցինք նախկին ռեժիմից ոչ բռնի, Սիրո հեղափոխությամբ: Ռեժիմ, որը երկար տարիներ սպասարկում էր սոսկ փոքրաթիվ, իրեն ծառայող յուրային «էլիտայի» շահերը: Իսկ հասարակ ժողովուրդն՝ իր խնդիրներով մնում էր չլսված դատարաններում, փողոցում և այլուր: Հեղափոխությունից հետո նոր իշխանություններից մեծ են սպասելիքները, որ միասին կառուցենք իրավահավասար քաղաքացիների պետություն և վերջապես լուծվեն կուտակված խնդիրները:

Ինչպես Դուք, այնպես էլ՝ ես ամփոփում եմ անցնող տարին: Ամենակարևոր ձեռբերումս՝ իրավաբան դարձա Նոր Հայաստանի ծննդի հետ՝ այս տարվա մայիսին: Ամենամեծ կորուստը. այս լուրն իմանալուց հետո իմ ազատության լուրին սպասելով ամռանը հեռացավ հայրս:

Իմ սիրելի երգիծաբան Լեռ Կամսարի ծննդյան 135-ամյակի առթիվ տպագրեցի Լեռ Կամսարի «Բանտիս օրագրի» ռուսերեն տարբերակը՝ այդպիսով դառնալով Կամսարի գրքի առաջին թարգմանիչը:

Խրախուսանք ստացա բանտի պետից, լրագրողական 2 մրցույթների ու շախմատային մրցաշարի հաղթող դարձա, սկեսցի նոր գրքիս աշխատանքները, մի քանի անգամ լքեցի բանտի տարածքը, տեսա քաղաքը, մարդկանց, շարունակեցի իմ երկխոսությունը Ձեզ հետ, Մարդիկ՝ ստանալով Ձեր բազմաթիվ նամակներն ու մաղթանքները:

Իսկ դեկտեմբերի 20-ին դատական սխալների թեմայով դիպլոմային աշխատանքս գործնականում «պաշտպանեցի» դատարանի դահլիճում երեք դատավորի առաջ՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ: Արդյունքը եղավ դատական սխալի ճանաչումը 13 տարվա վաղեմության գործով, որով ինձ ապօրինի մեղադրել էին փախուստի նախապատրաստության մեջ:

23-րդ Ամանորն եմ դիմավորելու բանտում, բայց Նոր Հայաստանում՝ ազատության և արդարության սպասումով, Հրաշքի հավատով:

Սիրելի Մարդիկ, 22 տարի առաջ բազմաթիվ կեղծիքներով և նույն գործով մեղադրյալ Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինի հիման վրա ինձ անօրեն կերպով դատապարտեցին մահապատժի: 22 տարի կիսում եմ Իոսիֆի կորուստը, նրա ընտանիքի վիշտը, որի մասին իմ գրքերում գրել եմ: 22 տարի ոչ միայն ես, այլև ընտանիքս է ենթարկվում անօրեն պատժի: 22 տարի ես պահանջում եմ արդար դատաքննություն և ազատություն:

Չէի ցանկանա Ամանորի նախաշեմին անդրադառնալ այս թեմային, սակայն իմացա, որ իմ գործով տուժող ճանաչված Աղաջանով ընտանիքը փորձել է գումարով հաղորդում պատվիրել ու դարձյալ սևացնել ինձ՝ մտահոգվելով, թե հնարավոր է ինձ ազատեն: Լրագրող Ջուլիետա Ամիրխանյանը հրաժարվել է: Նա այն լրագրողն էր, որը լուսաբանել էր գործը դեռևս 22 տարի առաջ ու գտել, որ Արամ Հարությունյանը ցուցմունք առ ցուցմունք հմտորեն ինձ վրա է գցում Իոսիֆի սպանության մեղքը:

Աղաջանով ընտանիքը արդար դատաքննություն և ճշմարտության բացահայտում պահանջելու փոխարեն 22 տարի շարունակ կասկածելի մեթոդներով կարողացել է ազդել իշխանությունների վրա: Սա նրանց հաջողվել է մինչև հեղափոխությունը: Իսկ ես արդեն որպես իրավաբան առաջ եմ քաշում երկու կարևոր դրվագ, որոնք կան քրեական գործում, բայց մնացել են ստվերում.

1.Հենց դատավճռով, որը Աղաջանովները սիրում են ցիտել, Արամ Հարությունյանն իր բնակարանում դանակով բաց թափանցող վնասվածք է հասցրել իրենց որդու կոկորդին: Ցուցմունքներում նույն Արամն ասել է, թե այնքան կատաղած է եղել, չի հիշում մինչ այդ քանի անգամ է խփել նրան: Սակայն Աղաջանովները Արամին ո՛չ դատարանում, ո՛չ էլ հետո չեն հետապնդել, ավելին՝ հարցազրույցներից մեկում ասում են, որ նորմալ տպավորություն է իրենց վրա թողել Արամը: Հիմա հարց. ինչո՞ւ է տուժող կողմ համարվող ծնողը իր որդու կոկորդը կտրող, իրենց որդուն սպանող Արամին այդպես խնայում: Փոխարենը՝ ինձ, ով չի ընդունում անհեթեթ մեղադրանքը, հետապնդում է ստի միջոցով: Աղաջանովները 22 տարի տարածել են այն սուտը, թե, իբր, իրենց որդու դին մասնատել են: Սրա մասին ասել են տարբեր մարդիկ, ովքեր առնչվել են այս ընտանիքի հետ: Հիմա հարց. ինչու են սպանված տղայի ծնողներն իրենց լեզվով՝ խոսքով մասնատում սեփական որդու դին: Խնդիրն ավելի, քան պարզ է, որ որևէ մեկը չփորձի այս գործին մոտենալ, արդարություն պահանջել: Այս ստի միջոցով ոչ թե Արամին են փորձել ներկայացնել որպես հրեշ, այլ ինձ, իսկ Արամին, որն արդեն 7 տարի ազատության մեջ է, շարունակում են «փայփայել»:

  1. Ո՞րն է այս ընտանիքի՝ 22 տարի իշխանամերձ լինելու գաղտնիքը: Ըստ Արամի վերջին ցուցմունքի, իբր, պիտի պահանջեինք փոքր գումար՝ 20.000 դոլար, որը Միքայել Աղաջանովը անմիջապես կտար: Հարց. ինչպե՞ս կարող էր 1996-ին ամբիոնի վարիչն ունենալ 20.000 դոլար գումար: Հիմա, որպես իրավաբան եմ հասկանում, որ քննությունը պետք է սկսվեր հենց այստեղից, որպեսզի որևէ կերպ գոնե փորձեին ստուգել Արամի՝ օդից վերցրած ու որևէ քննադատության չդիմացող վարկածը:

Քրեական գործի նյութերի համաձայն, Արամի ոստիկան հորեղբայրն ու հայրը միաբովանդակ ցուցմունքներ են տվել, թե, իբր, Իոսիֆը սպանվել է ինչ-որ դիպլոմատի հետ կապված, որի մեջ սպիտակ փոշի է եղել: 1996-ի օգոստոսին, երբ Արամը փոխել է ցուցմունքը, նրա հայրն ու հորեղբայրը ևս փոխել են ցուցմունքները, սկսել խոսել ինչ-որ մարդկանց կողմից ձեռքից ձեռք փոխանցված դիպլոմատի մասին, որի մեջ ցելոֆանով սպիտակ փոշի է եղել, հավանաբար՝ թմրանյութ:

Այս վարկածը որևէ կերպ չի քննվել, որևէ հարց չի տրվել, թե ինչ մեքենայի, ինչ մարդկանց մասին է խոսքը, ինչ դիպլոմատի ու փաթեթով սպիտակ փոշու: Այս ուղղությամբ առհասարակ որևէ քայլ չի ձեռնարկվել քննիչի կողմից: Ավելին՝ Արամի հոր և հորեղբոր այս նույնաբովանդակ ցուցմունքներից հետո տուժողի օրինական ներկայացուցիչ բիոքիմիկ պրոֆեսորը հետ է կանգնել իր գրավոր պահանջից, որով գլխավոր դատախազությանը խնդրել էր բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնել, որով պնդել էր՝ բացահայտված չեն իր որդու սպանության մեջ մեղավոր բոլոր անձինք, որոնք, իր կարծիքով, շատ են ու բացահայտված չէ սպանության մոտիվը: Պրոֆեսոր Աղաջանովը ոչ միայն հետ է կանգնել գործը բացահայտելու իր օրինական պահանջից, այլև Արամի մասին կամ չի խոսել առհասարակ կամ՝ միայն դրական լույսի ներքո, թե խեղճ տղա էր ու իրենց վրա նորմալ տպավորություն թողեց: Արամի հոր և հորեղբոր ցուցմունքներն են, կարծում եմ, Արամին չհետապնդելու պատճառը, նրա 15 տարվա ազատազրկումը: Քննիչը, դատարանը, դատախազությունը պիտի գտնեին այս ամենի միջև կապը, սակայն արագ-արագ 1-2 նիստով ինձ մահապատժի են դատապարտում: Այս ֆոնին պետք էր ինչ-որ մեկին պատժել, որ գործը բացահայտված համարեին, իշխանամերձ, փողատեր տուժողներն էլ գոհ մնային դատարանից: Այդ հարմար քավության նոխազը ես էի:

Ի դեպ, երբ փաստաբանը բիոքիմիայի ամբիոնի վարիչ Աղաջանովին փորձել է ցույց տալ դատական սխալները, նա չի ցանկացել նայել, մերժել է նաև իմ առաջարկը՝ հնարավոր հանդիպման մասին: Ասել է, որ թույլ չի տա այս գործը վերաբացվի: Ասել է, որ ինքն է մնացել իրենց ազգից, ումի՞ց պիտի վրեժ լուծի Մհերը: Այսինքն՝ գիտակցում է, որ ի՞նքն է իր կասկածելի իշխանական կապերով ազդել դատարանի վրա ու մահապատժի պատվեր տվել: Մինչ օրս այս ընտանիքի հրահանգով են ինձ պահում բանտում:

Ես, իմ ընտանիքը, հազարավոր գիտակից, հպարտ քաղաքացիներ արդարություն և ազատություն ենք պահանջում: Հավատում եմ, որ մեր թավշյա հեղափոխությունից հետո այլևս գումարը, սուտը, ապօրինությունները, ճնշումները չեն ազդելու դատարանի ու իշխանության վրա:

Թող բարին կատարվի Աստծո կամքով

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ