HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել առաջին ատյանի դատարանի որոշմամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր որոշել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Այս մասին «Հետք»-ին ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նշենք, որ գրավի միջնորդությունն առաջին ատյանի դատարան ներկայացրել էին Ղազարյանի պաշտպանները` չնշելով գրավի չափ: Արմեն Հարությունյանի խոսքով՝ գրավի չափը սահմանել է դատավորը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 13-ին, դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ և նրա նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի համարել: Այս որոշումը  պաշտպանների կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, և այս դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը դեմտեմբերի 28-ին մերժել էր բողոքը:

Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաչագան Ղազարյանն արդեն ազատ է. դատարանի կողմից սահմանած գրավի գումարը վճարվել է:

Նշենք որ Ղազարյանը երկրորդ անգամ է կալանավորվում, ապա գրավի դիմաց ազատ արձակվում:  Հունիսի 27-ին նա կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու որոշում:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1 272 900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218 000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter