
Աքորիի թնջուկի հանգուցալուծումը չի երեւում
Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից դադարեցված ուսումնական պարապմունքները չեն վերսկսվում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շարունակում է չընդունել կառավարման խորհրդի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած տնօրենի թեկնածուների ընտրության արդյունքները՝ Անահիտ Մուսայելյանի տնօրեն ընտրվելու մասին: Ուսուցիչները շարունակում են պահանջել կառավարման խորհրդի արդար ընտրություններ:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրամանով դպրոցի տնօրեն նշանակված Անահիտ Մուսայելյանի՝ հունվարի 26-ին աշխատանքի ներկայանալուց հետո մի քանի օր առաջ վերսկսված ուսումնական պարապմունքները կրկին դադարեցվել են ուսուցիչների կողմից: Անահիտ Մուսայելյանը, արդեն 5 օր է, դատարկ դպրոցի պատերի ներսում է իրականացնում տնօրենի իր պարտականությունները:
Դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանը այսօր «Հետքին» տեղեկացրեց, որ Անահիտ Մուսայելյանի կողմից դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո ուսուցիչներն ամեն օր ներկայանում են դպրոց, 3 ժամ նստում են ուսուցչանոցում, սակայն ուսումնական պարապմունքները վերսկսելու համար չեն մտնել դասարաններ: Անահիտ Մուսայելյանի կողմից ուսուցիչների հետ հաշտության եզրեր գտնելու բանակցությունները վերջին 5 օրերին ձախողվել են:
Ուսուցիչները միասնական են և վճառական: Այսօր Անահիտ Մուսայելյանը իր աշխատասենյակ է հրավիրել դպրոցի տնօրենի երկու տեղակալներին և պահանջել է բացատրություն գրել իրենց պարտականությունները չկատարաելու պատճառների մասին: «Տիկին Մուսայելյանը մեզ ասաց, որ մեր աշխատանքնային պայմանագիրը չեղյալ է հայտարարում: Ես նրան ասել եմ, որ եթե անգամ ինձ ազատի աշխատանքից, մեկ է՝ ես լինելու եմ մանկավարժական կոլեկտիվի կողքին»,- ասաց ուսմասվար Սեդա Խլոպուզյանը: Ըստ վերջինիս՝ կոլեկտիվի կողմից չընդունվող տնօրենը սպառնացել է նկատողություններ հայտարարել նաև դասղեկներին:
Աքորիի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի հետ կապված «Հետքի» հարցմանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Ամեն օր մարզպետարանում օրն սկսում ենք Աքորիի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի քննարկումով: Մենք ամեն օր հեռախոսով քննարկումներ ենք անում նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Ինքներս էլ ենք փորձում գտնել լուծումը: Այս պահին մարզպետը իր գործառույթներում չունի հստակ իրավունք Անահիտ Մուսայելյանին աշխատանքից ազատելու համար: Կրթության պետական տեսչության հանձնաժողովը օրինական է ճանաչել դպրոցի կառավարման խորհրդի ընտրության դեկտեմբերի 20-ի արդյունքները: Մինչդեռ մի քանի օրից կլրանա աշակերտների բացակայության անթույլատրելի 160 ժամը»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Մարզպետը մտածում է, որ Անահիտ Մուսայելյանին իր կողմից տնօրենի պարտականությյուններից ազատելու դեպքում նա դատի կտա և կվերականգնվի իր աշխատանքում: Իսկ Անահիտ Մուսայելյանը ստեղծված իրավիճակից հետո, երբ իրեն կառավարման հանձնված դպրոցի ամբողջ մանկավարժական կոլեկտիվը, դպրոցի 350 ծնողներն ու աշակերտները պաշտոնապես չեն ընդունում իր պաշտոնավարումը, կամովին չի հրաժարվում Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատելու իր մեծ ցանկություններից:
Ստեղծված իրավիճակում Արթուր Նալբանդյանը գտնում է, որ ուսուցիչները իրենք կարող են դատի տալ կառավարման խորհրդի անօրինական ընտրության համար` այդ ընթացքում վերսկսելով ուսումնական պարապմունքները: Իսկ ուսուցիչները դատարան տալու համար արդարության երաշխիք չունեն մերօրյա դատարաններից:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել