
Բացօթյա շուկա՝ ավտոճանապարհներին
Արդեն մի քանի տարի է՝ Նոր տարվան նախորդող 5-6 օրերի ընթացքում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի մի հատվածը վերածվում է մսի բացօթյա շուկայի: Մեքենաների հոսքի հարևանությամբ հակահիգիենիկ պայմաններում միս է վաճառվում: Օրվա վերջում մսի վրա փոշու հաստ շերտ է արդեն գոյանում: Տեսարանն այնքան «գրավիչ» է, որ երեկ Էջմիածնից վերադարձող զբոսաշրջիկների ավտոբուսը կանգնել էր այդ հատվածում և արտասահմանցի հյուրերը լուսանկարում էին:
Պատկան մարմինները քանի տարի է ուշադրություն չեն դարձնում այդ փաստի վրա: Որևէ մեկն ուշադրություն չի դարձնում նաև թափված աղբը, մսի կտորներն ու ոսկորները տարածքից հավաքելու վրա: Օրվա վերջում տարածքին «տիրություն» են անում թափառող շները: Իսկ մորթված անասունի արյան հետքերը դեռ մնում են նաև տոն օրերից հետո:
Այս օրերին նշված ավտոճանապարհը դառնում է խիստ վթարային: Ճանապարհային ոստիկանությունը ևս անգործության է մատնված: Մսի գնորդները կանգնում են նույնիսկ երկրորդ շարքում, ինչը դժվարացնում է երթևեկության կազմակերպումը:
Նույն իրավիճակն է նաև մարզի Ծիածան-Հովտամեջ ճանապարհահատվածին: Այստեղ անասուններին տեղում են մորթում, իսկ ոչ պիտանի ներքին օրգանները նետում հարևանությամբ գտնվող Քասախ գետը: Մի մասն էլ թողնում է տեղում:
Մեկնաբանել