HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պալանգա

Անտոնինա Մահարի

Նիրհում են լացող ուռենիները՝
Խոնարհուած առուակի ջրերին, 
Շտապով հոսում են շիթերը 
Շշնջում երջանիկ անցեալի մասին:
 
Անցեալի մասին խոհը հեռաւոր 
Նրանք քաշո՜ւմ-բերում են ինձ, 
Հիւանդոտ սրտով, միայնակ
Նետւում եմ դէպ երազ-օրեր…

Դա Բալթիկ ծովի ափին գտնուող հիասքանչ առողջարանային քաղաք է՝ գեղեցիկ զբօսայգիներով, փոքրիկ պուրակներով ու պարտէզներով: Ողջ քաղաքը թաւալւում է կանաչի մէջ: Իսկ որքա՜ն հրաշալի է օդը: Թւում է՝ աշխարհում աւելի լաւը չկայ…

Ահա կոմս Տիշկեւիչի այգին: Այգու հենց մէջտեղում բարձրանում է մի վեհասքանչ շինութիւն՝ գեղեցիկ ճարտարապետական կերտուածք՝ կոմս Տիշկեւիչի ամրոցը: Այստեղ ինչ-որ ժամանակ ապրել է ինքը՝ իշխանն իր ընտանիքով: Այս ամրոցում նրանք անց էին կացնում միայն ամառը, իսկ ձմռանն ապրում էին արտասահմանում, հիմնականում Փարիզում: Նրանց գեղեցկուհի դուստրը, որը վախճանուել էր 17 տարեկանում, թաղուած էր այս ամրոցի ներքնայարկում…

Որտե՞ղ էին այս սքանչելի դղեակի տէրերը: Իհարկէ, նրանք այլեւս Լիտուայում չէին: Նրանք սփռուել էին աշխարհի տարբեր վայրերում…

Զբօսայգին հիմնել է ինքը՝ կոմս Տիշկեւիչը: Այստեղ կարելի է գտնել բազմազան ծառատեսակներ եւ բոյսեր, որոնք նա բերել է արտասահմանից: Դրա համար էլ զբօսայգին շատ հարուստ է: Տէրը, երեւում է, ջանացել է:

Եւ այսպէս, կոմս Տիշկեւիչի դղեակից ճանապարհը ծով է տանում: Քեզ ուղեկցում է թռչունների համանուագը, իսկ զանազան ծաղիկների ու բոյսերի բոյրերն արբեցնում են: Յիրաւի, դու գտնւում ես դրախտում: Խաչմերուկում, որտեղից ճանապարհը բաժանւում է երեք մասի, անսպասելիօրէն յայտնւում ես իշխանուհի Բերուտայի գերեզմանի առջեւ: Ըստ աւանդութեան՝ 13րդ դարում, երբ լիտուացիները հեթանոս էին, կային աղջիկներ, ովքեր նուիրւում էին աստուածներին: Նրանք, ինչպէս միանձնուհիներ, չէին ամուսնանում, աղօթում էին անվերջ եւ պահպանում էին անշէջ հուրը…Այս աղջիկներից էր գեղեցկուհի Բերուտան: Նա ապրում էր Պալանգայում: Տեղը, որտեղ վառւում էր անմար կրակը, պահպանուել է մինչեւ մեր օրերը:

Մի անգամ մեր զօրեղ իշխան Քեստուտիսը` Թրակայ ամրոցի տէրը, իր թիկնախմբով որոշեց որս անել Պալանգայի մերձակայ անտառներում: Երբ ձին հեծած գնում էր անտառային արահետով, յանկարծ տեսաւ հէքեաթային գեղեցկութեամբ մի երիտասարդ աղջկայ: Նրա հագուստից իշխանը հասկացաւ, որ «վայդէլուտէ» է. այսպէս էին այն ժամանակ անուանում մենակեցուհիներին: Լիտուայի տիրակալ իշխան Քեստուտիսը, կուրացած աղջկայ գեղեցկութիւնից, անտեսելով ամէն ինչ՝ իր ազնուական ծագումը եւ «վայդէլուտէ»ի՝ սոսկ հասարակ, աղքատ աղջիկ լինելը, գրկեց նրան, նստեցրեց ձիու գաւակին եւ նոյն օրն իսկ հասցրեց իր Թրակայ ամրոցը: Այնտեղ իշխան Քեստուտիսն ամուսնացաւ գեղեցկուհի Բերուտայի հետ: Այդ ամուսնութիւնը Լիտուային տուեց նշանաւոր առաջնորդ-զօրավար Վիտաուտաս Մեծին: Նրա կառավարման օրօք Լիտուան հզօր տէրութիւն դարձաւ: Այս ամէնը պատմական իրողութիւն է:

Բերուտան խնդրեց, որ մահից յետոյ իրեն հողին յանձնեն Պալանգայում: Իշխանուհու կամքը կատարուեց: Եւ ահա մենք կանգնած ենք նրա շիրմի եւ ճաշակով կերտուած անդրիի առջեւ: Այստեղ՝ իշխանուհի Բերուտայի գերեզմանին, միշտ թարմ ծաղիկներ կան, որովհետեւ լիտուացի ժողովուրդը սիրում է նրան: Չէ՞ որ նա՛ է Լիտուայի համար ծնել Վիտաուտաս Մեծին:

Շիրմի կողքով մենք բարձրանում ենք Բերուտայի բլրակը: Որպիսի՜ հրաշալի վայր: Ինչ-որ ժամանակ այստեղ սիրում էր լինել մեր սիրելի բանաստեղծ Մայրոնիսը: Նրա անմահ բանաստեղծութիւններից շատերը գրուել են հենց այստեղ: Բերուտայի բլրակի վրայ մի փոքրիկ մատուռ կայ, որը նոյնպէս պատկանում էր կոմս Տիշկեւիչին: Իսկ շուրջը նստարաններ կան. կարելի է նստել, հանգստանալ, երազել եւ յիշել մեր ազնուազարմ եւ քաջարի նախնիներին…

Հանգստացանք…Ապա գնացինք ծով: Ահաւասիկ մեր հիասքանչ Բալթիականը: Այսօր այն խռովուած է: Բարձրացուած է սեւ դրօշակ. ուրեմն լողալն արգելուած է: Եթէ խեղդուես, ապա փրկարարական կայանը պատասխանատուութիւն չի կրի (մեր մէջ ասած՝ այն երբեք ոչ ոքի համար պատասխանատու չի էլ եղել…):

Ահա, նայեցէ՛ք ու հիացէ՛ք՝ ինչպէս են մուգ կանաչ ալիքներն աղմուկով մօտենում ափին եւ որոտով փշրւում: Մեր Մայրոնիսը գրել է.

 

Փրփուր ալիքները վազում են եւ սահում

Ծովի աւազուտ ափին…

Կարծես կը յափշտակեն հիմա մէկին

Եւ կը սուզեն ծովի մէջ՝

Հեռաւոր, լայնարձակ Ատլանտիկի…

 

Ալիքները սահում են ու սահում,

Ասես կանչում են անհաւասար մարտի.

Օ՜, ծո՛վ, ասա՛ ինձ.

Հնարաւո՞ր  է արդեօք՝ տակաւին ձգտի սխրանքի

Նա, ով արդէն ընկել է շատ անգամ…

 

Դու ասում ես ինձ՝ «այո»:

Ես հաւատում եմ քեզ եւ հնազանդւում:

Շնորհակալ եմ: Դու յարութիւն տուեցիր ինձ:

Ի նշան երախտագիտութեան՝ ձօնում եմ քեզ, ծո՛վ,

Իմ երգերը լաւագոյն1:

 

Այո, այսօր ծովն անչափ բարկացած է: Նա ալեկոծւում է եւ աղմկում: Կարծես իրականում տենչում է յափշտակել եւ իր կամ միգուցէ անծայրածիր Ատլանտիկի ջրերն ընկղմել ինչ-որ մէկին: Ուստիեւ, որպէսզի ազատենք փրկարարական կայանին աւելորդ անախորժութիւններից, աւելի լաւ է՝ այսօր հեռու մնանք ծովից…

Սակայն Բալթիկ ծովը լինում է եւ շատ հանգիստ ու ողորկ, ինչպէս հայելի: Իսկ ափը՝ ծածկուած ոսկեգոյն աւազով, կանչում է քեզ, արեւային, ջերմ օրերը շոյում եւ օրօրում են…

Ինչո՞ւ եմ ես այսքան շատ գրում Պալանգայի մասին: Որովհետեւ  տասը տարի անընդմէջ Պալանգայում հանգստացել է Գուրգէն Մահարին: Չէ՞ որ ամառները նա անց է կացրել այստեղ: Պալանգայում նա գրել է այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Այրուող այգեստաններ», «Ծաղկած փշալարեր» եւ այլն: Այստեղ գրուել են բազմաթիւ բանաստեղծութիւններ, յօդուածներ, պատմուածքներ: Ամէն տարի՝ Օգոստոսի 1ին, Պալանգայում Գուրգէն Մահարին տօնում էր իր ծննդեան օրը: Այստեղ նա հանգստանում էր, ստեղծագործում, երազում եւ այստեղ անցկացրեց իր վերջին ծանր օրը, ժամերը, վայրկեանները… Պալանգայում հանգաւ մեր անդադրում ստեղծագործող գրող եւ տառապեալ Գուրգէն Մահարին՝ անաւարտ թողնելով «Երիտասարդութիւնը», կիսատ թողնելով վերջին ծխախոտը2:

Այստեղ ես ուզում եմ պատմել լիտուական մի աւանդութիւն, որն այնպէ՜ս սիրում էր Գուրգէնը, եւ որը շատ յուզել էր նրա բանաստեղծական հոգին: Դրա համար էլ ուզում եմ, որ հայ ընթերցողը նոյնպէս ծանօթանայ այս աւանդութեանը:

Երբ ծովից իջնէք դէպի զբօսայգի, կը տեսնէք Եգլէի՝ օձերի թագուհու արձանը: Ըստ աւանդութեան՝ շատ-շատ տարիներ առաջ ապրում էին երեք քոյրեր: Կրտսերը շատ գեղեցիկ էր: Նրան կոչում էին Եգլէ: Նրանք ապրում էին իրենց ծնողների եւ եղբայրների հետ հենց ծովի ափին: Մի անգամ երեք քոյրերը գնացին ծով: Լողալուց յետոյ պատրաստուեցին տուն գնալ: Սակայն երբ կրտսերը՝ գեղեցկուհի Եգլէն, ցանկացաւ հագնուել, իր զգեստների մէջ յանկարծ տեսաւ մի հսկայական օձ: Աղջիկը սարսափած յետ ցատքեց: Իսկ օձը խօսեց մարդկային ձայնով. «Ինձնից մի՛ վախեցիր, գեղեցկուհի՛: Քո հագուստը ես կը տամ, միայն թէ խոստացիր, որ կ՚ամուսանաս ինձ հետ»: Քոյրերը սկսեցին ծիծաղել. «Ահա քեզ ամուսին, Եգլէ՛: Խօ՛սք տուր: Խօ՛սք տուր: Փոյթ չէ՜, թէ օձ է…»: Եգլէն  խոստացաւ ամուսնանալ այդ հրէշի հետ: Հենց որ արտաբերեց խոստման բառերը, օձն անմիջապէս դուրս սահեց աղջկայ հագուստի միջից: Ոսկէ թագ փայլփլեց նրա գլխին, եւ նա անհետացաւ ծովի ալիքների մէջ…

Ողջ ճանապարհին քոյրերը ծիծաղում էին՝ յիշելով տարօրինակ դէպքը եւ տարօրինակ  փեսացուին: Տանը, իհարկէ, նրանք պատմեցին այդ ամէնը: Անցաւ մէկ շաբաթ, միւսը… Բոլորն արդէն մոռացել էին ծովափի պատահարը: Սակայն մի անգամ՝ երեկոյեան կողմ, յանկարծ տեսան, որ ոսկեջրած կառքերով իրենց մօտ են գալիս օձերը: Եգլէն լրջօրէն վախեցաւ եւ թաքնուեց: Իսկ օձերը բախում են դարպասները, պահանջում են իրենց յանձնել հարսնացուին, այլապէս  սպառնում են ջարդել ամէն ինչ, կոտորել բոլորին…Ծնողներն ստիպուած էին նրանց տալ սիրասուն դուստր Եգլէին: Նա բոլորին հրաժեշտ տուեց, նստեց ոսկեջրած կառքը, եւ նրան տարան: Տանը մնացողները ողբացին դժբախտի համար՝ նրան երբեւէ տեսնելու յոյսը կտրած…

Երբ օձերի կառքերը մօտեցան ծովին, արդէն մթնել էր: Եգլէն վախից ո՛չ մեռած էր, ո՛չ ողջ: Անսպասելիօրէն փոթորկուեցին ալիքները, ծովն աղմկեց, ճայերը պտտուեցին ալիքների վրայ, եւ …ջրերից դուրս եկաւ գեղադէմ երիտասարդ  արքայազնը՝ ոսկեայ թագը գլխին.«Բարեւ, ի՛մ գեղեցկուհի: Որքա՜ն լաւ է, որ կատարեցիր քո խոստումը: Ես հենց այն օձն եմ, որին ամուսնութեան խոստում տուեցիր: Մի խօսքով, ես ծովերի թագաւորն եմ: Գնա՛նք իմ թագաւորութիւնը, կը լինես ծովերի թագուհի»: Եւ նա Եգլէին տարաւ ծովի յատակը: Այնտեղ աղջիկը տեսաւ հէքեաթային պալատներ՝ թաղուած չտեսնուած-չլսուած պերճանքների մէջ: Իսկ սպասաւորները խոնարհւում եւ ողջունում էին նրան.«Բարո՛վ եկար, ծովերի՛ թագուհի»: Եգլէն զարմացած դիտում էր շուրջը: Երա՞զ էր այդ ամէնը, հէքեա՞թ…Չէր կարողանում հասկանալ: Սակայն այդ ամէնն իրականութիւն էր: Հենց նոյն երեկոյեան նրանք հարսանիք արեցին, եւ Եգլէն դարձաւ ծովերի թագուհի…Նա շատ սիրեց իր ամուսնուն՝ ծովերի գեղեցիկ տիրակալին, եւ անսահման երջանիկ էր:

Անցան տարիներ: Եգլէի որդիները՝  Դուբը3 եւ Ուասիսը, դուստրը՝ Դրեբուլէն, մեծանում էին: Երեխաները յաճախ էին հարցնում երկրային կեանքի, տատի եւ պապի մասին: Եգլէն ամէն ինչ պատմում էր նրանց, իսկ ինքը յիշում էր, յիշում եւ մի օր էլ յանկարծ անդիմադրելի կարօտ զգաց: Նա շատ ցանկացաւ տեսնել հարազատներին: Սկսեց խնդրել ամուսնուն. «Թո՛ղ ինձ՝ մեր տուն գնամ: Միայն երեք օրով: Ես շատ եմ կարօտել»: Ծովերի արքան չէր ուզում բաց թողնել կնոջը, սակայն քանի որ նա շատ խնդրեց, նոյնիսկ լացեց, նա համաձայնեց՝ ասելով. «Լաւ: Միայն երեք օրով, ո՛չ աւելի: Իսկ երբ վերադառնաք ծով՝ ինձ մօտ, դու կը կանչես. «Ժիլուիտի Ժիլուիտէլի, եթէ դու ողջ ես, թող ծովի վրայ կաթէ փրփուր լինի, եթէ մեռած ես՝ արիւնոտ փրփուր»: Այդ ժամանակ ես կը գամ ձեզ դիմաւորելու: Միայն խնդրում եմ, ոչ ոքի մի՛ ասէք իմ անունը: Յիշեցէ՛ք այդ»: Միմեանց հրաժեշտ տուեցին, եւ Եգլէն զաւակների հետ ուղեւորուեց ծովափ՝ տուն:

Նրա ծնողները, եղբայրները, քոյրերը շատ ուրախացան՝ տեսնելով Եգլէին այդպէս գեղեցիկ, երջանիկ: Նրա յայտնուելն այդքան տարիներ անց մեծ ուրախութիւն էր իւրայինների համար: Սակայն եղբայրներն այլեւս չուզեցին բաց թողնել Եգլէին: Նրանք սկսեցին քննարկել՝ ինչպէս սպաննեն քրոջ ամուսնուն: Առաջին հերթին ձգտում էին իմանալ նրա անունը: Հարցրին զարմիկներին՝ Եգլէի զաւակներին: Վերջիններս չասացին հօր անունը նոյնիսկ այն ժամանակ, երբ մօրեղբայրներն սկսեցին ծեծել իրենց: Եգլէի եղբայրները սպառնացին Դրեբուլէին՝ քրոջ դստերը, ասացին, որ կը ծեծեն նաեւ նրան, եթէ չասի հօր անունը: Աղջիկը, վախից դողալով, ասաց…

Մութ գիշերին, երբ Եգլէն հանգիստ քնած էր հայրական տանը, նրա եղբայրները, թրերով ու կացիններով զինուած, գնացին ծովի ափը: Այնտեղ նրանք սկսեցին կանչել քրոջ ամուսնուն. «Ժիլուիտի Ժիլուիտէլի՜…»: Աղմկեցին ալիքները, եւ ջրի մակերեսին երեւաց կաթէ փրփուրը, իսկ վայրկեաններ անց ջրից դուրս եկաւ գեղեցիկ արքան: Նա գալիս էր դիմաւորելու կնոջն ու զաւակներին, բայց…Եգլէի անգութ եղբայրները անմիջապէս կացիններով ու թրերով կտոր-կտոր արեցին նրան: Ողջ ծովը կարմրեց արիւնից, եւ ալիքները կարծես սարսափից քարացան: Ճայերը սգաւորի նման հակեցին իրենց փոքրիկ գլուխները եւ տխրութեամբ սկսեցին պտոյտներ գործել ջրերի վրայ:

Ցաւօք, եղբայրներն այդ ամէնը չնկատեցին: Նրանք ուրախ էին, որ իրենց սիրելի քոյրն այլեւս ծով չի վերադառնայ…

Յաջորդ առաւօտեան Եգլէն պատրաստուեց, որ գնայ ծով՝ ամուսնու մօտ: Եղբայրները ոչինչ չասացին, կարծես ոչինչ չէր պատահել: Եգլէն հրաժեշտ տուեց եւ գնաց: Մօտեցաւ ծովին եւ կանչեց. «Ժիլուիտի Ժիլուիտէլի, եթէ դու ողջ ես, թող ծովի վրայ կաթէ փրփուր լինի, եթէ ողջ չես՝ արիւնոտ փրփուր»: Բարձրացաւ զարհուրելի քամի, փոթորիկ, ալիքները զայրացան, ծովը սեւացաւ, եւ…կարմիր փրփուրը ծածկեց ծովի մակերեւոյթը: Այնտեղից ձայն լսուեց. «Ա՜խ, Եգլէ, Եգլէ: Քո եղբայրները սպաննեցին ինձ: Մեր դուստր Դրեբուլէն մատնել է իմ անունը: Մնաք բարեաւ ընդմի՜շտ…»: Եւ ձայնը մարեց…Եգլէն սարսափից քար կտրեց: Նա երկար կանգնեց եւ տակաւին սպասում էր…Վերջապէս հասկացաւ, որ պատահել է զարհուրելին, անուղղելին: Որ իր եղբայրներն են սպաննել սիրելի ամուսնուն: Նա շուռ եկաւ դէպի զաւակները, յուսահատուած բռնեց գլուխը եւ աղիողորմ ձայնով արտաբերեց. «Ա՜խ, դու իմ դուստր Դրեբուլէ, ի՞նչ արեցիր դու…Ուրեմն դարձի՛ր ուռենի եւ դողդողա՛ տիւ ու գիշեր: Որ քամի՛ն մազերդ սանրի, եւ անձրե՛ւը լուանայ երեսդ…Իսկ դուք, ի՛մ որդիներ, այս պահից դարձէք ամուր ծառեր՝ կաղնի եւ կաղամախի: Աղմկեցէ՛ք յաւերժ՝ չվախենալով քամուց եւ անձրեւից: Իսկ ես՝ ձեր դժբախտ մայրը, կը դառնամ եղեւնի…»:

Այդ տեղում մինչ օրս կանգնած են ծառեր՝ եղեւնի՝ յաւերժ արտասուող, կաղնի եւ կաղամախի՝ ամուր, քամուց եւ փոթորկից չերկնչող, եւ նրանց ուռենի քոյրը՝ գիշերուզօր դողահար…

Հիմա մենք կանգնած ենք Եգլէի՝ օձերի թագուհու արձանի առջեւ եւ խորհում ենք հիասքանչ աւանդութեան մասին: Այո, Պալանգայում հետաքրքրական բաներ շատ կան: Պալանգան ինքը հէքեաթ է, առասպել:

Ահա նորից արձան՝ Եուրատէ եւ Կաստիտիս: Ըստ պատումի՝ ինչ-որ ժամանակ երիտասարդ ձկնորսը ձուկ էր որսում, եւ նրա թարփի մէջ ընկաւ գեղեցիկ ջրահարսը: Նա կանչեց ձկնորսին ծովի յատակը եւ…տարաւ…

Շատ լաւ բաներ կարելի է պատմել Պալանգայի մասին, բայց այդքանը հնարաւոր չէ գրել: Ով թէկուզ մէկ անգամ եղել է Պալանգայում, նա անպայման նորից կը վերադառնայ այնտեղ: Պարզապէս անկարող կը լինի չվերադառնալ: Պալանգան դիւթում է, կանչում, կախարդում, եւ ազատուել նրա գրկից՝ անհնար է:

Ահա այդպէս նա կախարդել էր եւ մեր սիրելի Գուրգէն Մահարիին, իսկ վերջինս ապշեցրեց Պալանգային, որն ամէն ամռան սպասում էր Գուրգէնին սիրով եւ անհամբերութեամբ: Հիմա էլ Պալանգան սպասում է, սակայն նա այլեւս չի կարող գնալ…«Ես ուզում եմ էլի ապրել, հասնել գարնանը, որպէսզի նորից մեկնեմ Պալանգա»,-միշտ ասում էր Գուրգէնը…

…Դու գնացիր եւ յաւերժ մնացիր այնտեղ: Քո անունը, քո հմայքը, քո ազնուական դիմագծերը Պալանգան երբեք չի մոռանայ: Իսկ անցորդները, մեր տնակի կողքով անցնելով, կ՚ասեն. «Ահա այստեղ ինչ-որ ժամանակ ապրել է հայ նշանաւոր գրող Գուրգէն Մահարին: Ահա եւ նստարանը, որին նստած՝ սիրում էր թերթեր կարդալ…»:

 

1Անտոնինա Մահարին լիտուացի նշանաւոր բանաստեղծ Մայրոնիսի այս բանաստեղծութիւնը լիտուերէնից թարգմանել է ռուսերէն եւ բանաստեղծութեան ներքեւում գրել՝ թարգմանութիւնը գեղարուեստական չէ: Ռուսերէնից հայերէն թարգմանելով՝ հայցում ենք ընթերցողի ներողամտութիւնը նոյն՝ ոչ գեղարուեստական (միայն բառացի) թարգմանութեան համար (ծանօթութ. թարգմանչի):

2Անտոնինա Մահարին գրել է նաեւ «Անաւարտ վիպակ, վերջին ծխախոտ» յուշը:

3Դուբ-ռուսերէն՝ կաղնի:

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ, ԵՐԵՒԱՆ, 1973

Ռուսերէնից թարգմանեց Մարօ Խաչատրեանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter