HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաստաբանը խնդրահարույց է համարում պետական հողերն ուղղակի վաճառքով օտարելու ՊՆ պրակտիկան

ՊՆ-ի կողմից պետական հող օտարելու գործարքի վերաբերյալ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսին գրել էինք, որ 2015 թ. ՊՆ-ն Երեւանի Մոլդովական փողոցի վրա գտնվող նախկին զորամասի ավտոպարկը (կես հեկտար տարածքով) 38 մլն դրամով վաճառել է Երեւանի բնակիչ Սայադ Սահակյանին:

Հոդվածից հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրգործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ դրա՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»: Հասկանալի է, որ քրեական գործը վերաբերում է ՊՆ պաշտոնատար անձի կամ անձանց:

Ինչպես տեղեկացել ենք ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանից, քրեական գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահաշվապահական համալիր փորձաքննություն:

Հոդվածում ՊՆ-ի գործարքի վերաբերյալ մի շարք կետեր էինք առանձնացրել: Մասնավորապես, տարօրինակ է եղել կես հեկտար մակերեսով խառը կառուցապատման հողն ընդամենը 38 մլն դրամով օտարելը, ինչը նշանակում է, որ հողի 1 քմ-ն ՊՆ-ն վաճառել է 8144 դրամով:

Կես հեկտար հողի կադաստրային արժեքը գնահատվել էր չնչին՝ 1,6 մլն դրամ, ինչի հիման վրա էլ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը մեզ հայտնել էր, թե օտարումը կատարվել է ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:

Մեր տեղեկություններով, սակայն, Երեւանի այս հատվածում խառը կառուցապատման հողի քմ-ն շուկայում արժե 50-70 դոլար (24.000-34.000 դրամ). այս դեպքում գործարքը կարժենար ոչ թե 38 մլն, այլ 112-157 մլն դրամ: Ըստ «Հետքի» տեղեկությունների՝ հենց հողի օտարման ցածր գինն է այժմ քրգործի առանցքում:     

Նշել էինք նաեւ, որ Մոլդովական 47/7 հասցեում գտնվող հողամասի կադաստրային գործում առկա չէ շինարարության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, սակայն այն արդեն կառուցապատված է. այստեղ  գործունեություն է ծավալում Սայադ Սահակյանի «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հիգիենիկ եւ տնտեսական պարագաների ներմուծմամբ եւ մեծածախ առեւտրով: Այդուհանդերձ, պարզվել է, որ կառուցապատողն ունեցել է շինարարության թույլտվություն, չնայած այդ փաստաթուղթը պիտի լիներ նաեւ կադաստրային գործում:

Առանձին ուշադրություն էինք հրավիրել նախարարության կողմից հողի օտարման եղանակին: ՊՆ-ն աճուրդ չէր հայտարարել, ինչը տրամաբանորեն պիտի աներ, փոխարենը պետական սեփականություն հանդիսացող հողն օտարել էր ուղղակի վաճառքի եղանակով: Չնայած Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածը նշում է, թե կոնկրետ ում կարելի է ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարել, ՊՆ-ի ու Ս. Սահակյանի գործարքը, ըստ էության, դուրս է եղել օրենսգրքի պահանջներից:

Մենք տեղեկացել ենք, որ գործարքի հիմքում դրվել է ոչ թե Հողային օրենսգիրքը, այլ կառավարության 2005 թ. 147-Ա որոշումը: Այդ որոշմամբ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը պաշտպանության նախարարին լիազորել է տնօրինել ՊՆ-ի տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձեւով:

Այս որոշումն ընդունվել է 2005-ի հունվարին, սակայն այդ ժամանակ եւս գործելիս են եղել օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգավորումները: Անկախ ամեն ինչից՝ կառավարության որոշումը չի կարող ավելի բարձր իրավական ուժ ունենալ, քան օրենսգիրքը, սակայն տպավորություն է, որ ՊՆ-ում այլ կարծիքի են եղել:   

Հիշեցնենք, որ 2005-ին ՊՆ-ն դիմել էր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով Մոլդովական փողոցում ՊՆ զորամասի զբաղեցրած հողատարածքի հանդեպ ձեւակերպել հողօգտագործման իր իրավունքը: Զախարյանն էլ տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել էր ՊՆ-ին: 2014-ին էլ կադաստրում ՊՆ-ն գրանցել է տվել այդ հողի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Արդեն 2015-ին նախարարության խնդրանքով Երեւանի ավագանին հատուկ նշանակության հողը դարձրել է բնակավայրերի հող, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դրա գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման:

Այսինքն՝ ՊՆ-ն քայլ առ քայլ գնացել է նրան, որ զորամասի տարածքը օտարի, ինչն էլ արել է 2015-ի աշնանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակը նախարարը Սեյրան Օհանյանն էր: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը մեզ հայտնել էր, թե հողն օտարվել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե հողը ՊՆ-ին պետք չէր, ինչու, օրինակ, չի հանձնվել Երեւան համայնքին, այլ օտարվել է, այն էլ՝ ուղղակի վաճառքով: Նա նաեւ շեշտում է, որ կառավարության 2005 թ. 147-Ա որոշումը հակասում է Հողային օրենսգրքին:

ՊՆ-ի կողմից եւ միջոցով պետական հողերն օտարելու պրակտիկայի մեջ փաստաբանը մեծ, խորքային խնդիր է տեսնում եւ ընդհանրապես այդ գործարքները համարում մութ ոլորտ: Նշում է, որ ինքն էլ ժամանակին ունեցել է նման գործ, երբ Երեւանի Իսակովի պողոտային կից հողերը հանրային գերակա շահի անվան տակ վերցվել են դրանց վարձակալներից, տրվել ՊՆ-ին, իսկ հետո նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, հողերն ուղղակի վաճառքով օտարել է, արդյունքում դրանք հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի հարազատների ձեռքում:  

Հիշեցնենք, որ ՊՆ-ն Երեւանի նախորդ իշխանության օրոք ոչ միայն փոխել է տվել Մոլդովական փողոցում գտնվող նախկին զորամասի 0,5 հա հողի նպատակային եւ գործառնական նշանակությունը, այլեւ նույնն արել է Նուբարաշենում գտնվող շուրջ 23 հա հողի հետ, որը նախկինում զորամասի է ծառայել: Այս հողը եւս դարձել է բնակավայրերի հող՝ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը մեր հարցմանն ի պատասխան ասել էր, թե նախարարությունն այդ 23 հա-ն չի օտարել, սակայն փորձը ցույց է տալիս, որ ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող եւ, մասնավորապես, նախկինում զորամասերի ծառայած հատուկ նշանակության հողերի նպատակային ու գործառնական նշանակության փոփոխությունը մեկ նպատակ ունի՝ հարմար գներով ծախել պետական սեփականությունը:    

Առաջին լուսանկարում՝ Մոլդովական 47/7 հասցեի կառուցապատված հողը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter