HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորյա նոթեր Իրանից

Երեւանի ամանորյա թոհուբուհից փոքր-ինչ կտրվելու համար այս տարի որոշեցինք ճանաչողական այցով Իրան մեկնել: Նախ` հարևան երկիր է և վիզայի անհրաժեշտություն չկա, երկրորդ` մեքենայով հնարավոր էր հասնել, երրորդ` բավականին էժան է (ամերիկյան պատժամիջոցներից հետո իրանական ազգային դրամն արժեզրկվել է, և ապրանքների կամ ծառայությունների գները բավականին ցածր են):

Վրաստանից բացի, Հայաստանի երկրորդ բաց սահմանն Իրանի հետ է, որին Հայաստանը բարեկամ երկիր է համարում: Ինչպիսին է այս հարևանը, որը փակ, խիստ պահպանողական ու առեղծվածային է թվում:

Նախապատրաստական փուլում առաջին անակնկալը, որ մեզ մատուցվեց, ՀՀ համարանիշով մեքենայի` Իրան մուտք գործելու բարդություններն էին: Իրանում ավտոմեքենաների արտադրություն կա, երկրի կառավարությունը խթանում է այն, և որպեսզի օտարերկրյա արտադրության մեքենաներ այնտեղ չվաճառեն, Իրանը խիստ կանոններ է սահմանել դրանց մուտքի համար: ՀՀ-ում Իրանի դեսպանության հետ կապ հաստատեցինք, որտեղից պարզաբանեցին, որ օտարերկրյա մեքենաների՝ ԻԻՀ մուտքի երեք տարբերակ կա․

  1. Իրանի քաղաքացի որևէ ծանոթ-բարեկամ կամ ընկեր մեզ համար պետք է երաշխավորագիր-չեկ տա: Այդ ծանոթն իր չեկով երաշխավորում է, որ մեքենայով երկրից մեր դուրս չգալու դեպքում կվճարի մեքենայի արժեքը: Ինչպես բացատրեցին դեսպանատնից, Իրանում մեքենայի արժեքը սահմանված է ըստ իրենց շուկայական գնային համակարգի, այսինքն` հսկիչ գին կա, որը հայաստանյան շուկայական գնից շատ ավելի բարձր է: Օրինակ՝ Հայաստանում 3000 դոլար արժեցող մեքենան Իրանում կգնահատվի 5000-6000: Եթե մենք մեր մեքենայով նախատեսված օրը երկրից դուրս չգանք, ապա մեզ երաշխավորող անձի հաշվեհամարից տվյալ մակնիշի համար սահմանված գումարը կբռնագանձվի:
  2. Երկրորդ տարբերակն այն է, որ մենք հենց սահմանին վճարենք մեքենայի համար հաշվարկված հսկիչ գումարը, ասել է, թե` դեպոզիտ թողնենք, որը մեզ ելքի ժամանակ կվերադարձվի:
  3. Երրորդ տարբերակը, ըստ դեսպանատան տեղեկատվության, հնարավոր էր իրականացնել Հայաստանում գործող «Մելլաթ բանկ»-ի միջոցով: Այսինքն` հայաստանյան բանկերից մեկում մեր հաշվեհամարին եղած գումարը կարող է սառեցվել մինչև մեր վերադարձը: Հասկանալի է, որ այդ նույն գումարը պետք է ունենալ հաշվեհամարի վրա, այլապես սա էլ ելք չէ: Նախապես ասեմ, որ այս տարբերակն ի սկզբանե կենսունակ չէր, որովհետև «Մելլաթ բանկ» մեր այցելության ժամանակ պարզվեց, որ ոչ բանկի սպասարկման բաժնի աշխատակիցները, ոչ էլ իրավաբանը որևէ տեղեկություն չունեն այդ մեխանիզմի մասին։

Որոշեցինք մեքենայով մինչև հայ-իրանական սահման հասնել, իսկ այնտեղից շարունակել ճանապարհը՝ ինչպես ստացվի:

Հայաստան-Իրան սահմանն առաջին անգամ էինք հատում: Երկար ճանապարհից հետո սպասված վայրը զուգարանն էր: Սահմանի անցակետի զուգարանի միայն կանանց մասն է գործում, որտեղ հիմա նաև տղամարդիկ են հաճախում: Բայց սարսափելին զուգարանի հակահիգիենիկ վիճակը չէր այնքան, որքան այն հանգամանքը, որ կանանց համար նախատեսված զուգարանների դռները թափանցիկ ապակիներով  էին, իսկ դռներն էլ չէին կողպվում:

Հավաքարարին հարցուփորձ անելով՝ պարզեցինք, որ տղամարդկանց զուգարանը չի գործում արդեն մեկ ամսից ավելի, և տղամարդիկ էլ ստիպված կանանց զուգարանից են օգտվում: Արդեն հասկանալի է, թե ինչ տեսարանների կարելի է հանդիպել, եթե պատահաբար կանանց կամ տղամարդկանց մուտքը զուգադիպի զուգարանում:

Սահմանի երկրորդ աչքի զարնող տեսարանը բեռներ քարշ տվող հայերն էին, որոնք ամանորյա առևտրի նախօրեին վերջին ապրանքներն էին բերում հարևան երկրից: Մարդիկ ոտքով են հատում երկու սահմանների անցակետերի միջև եղած մոտ 500-700 մ հեռավորությունը և բեռները քարշ տալով՝ հասցնում են իրանական անցակետից հայկականը, որտեղ կայանած են իրենց մեքենաները: Սահմանային սպիտակ գծի մոտ հայկական մաքսային ծառայության փոխադրամիջոցն է դիմավորում: Բայց մաքսային ծառայության փոխադրամիջոցը բացօթյա է, եւ առևտուր անողները ցրտից սրթսրթում են: Սակայն, դրանից էլ են գոհ, իրանական հատվածում դա էլ չկա:

2017 թվականի դեկտեմբերին՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումից հետո, հատկապես Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, ինչպես նաև հայաստանյան այլ մարզերի բնակիչները պարբերաբար անցնում են սահմանը, գնումներ կատարում Իրանի սահմանամերձ բնակավայրերից և նույն օրը վերադառնում Հայաստան:

Վերադարձող կանանց տեսքից հասկանալի է, որ պարտադիր գլխաշորով պետք է հատել սահմանը և մարմինը քողարկող հագուստ կրել: Երկար վերարկուն այս սեզոնին լավ լուծում է:

Իրանի անցակետում փակցված հայտարարությունները հայատառ են: Իրանից արտահանելու ոչ ենթակա և արգելվող իրերի ցուցակն էլ է հայերեն ձեռագիր գրված: Իրանցի սահմանապահները հայերեն են շփվում հայերի հետ, իսկ անգլերեն պատասխաններին դժվարությամբ են արձագանքում:

Անձնագրերը ստուգելուց հետո հայտնվում ես Իրանում` անցագրային ելքի մոտ հավաքված բազում տաքսիստների «ձեռքում»: Հայերեն մի քանի բառ ասելով` նրանք գրավում են առևտրականներին: Մեզ պատահած տաքսու վարորդը Կուլի քեռին էր, այդպես նա ներկայացավ և իր հնամաշ Peugeot-ով մեզ հասցրեց Թավրիզ: Սկզբում ջանքեր էր գործադրում հայերենի իր իմացությունը ցուցադրելու համար, բայց ճանապարհին պարզվեց, որ մի քանի բառից բացի ոչինչ չի հասկանում:

Ճանապարհը Ջուլֆա քաղաքով էր անցնում, իսկ մինչ Ջուլֆա ողջ ճանապարհը ադրբեջանական սահմանի երկայնքով էր՝ մինչև Իրան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի անցակետը: Մթնշաղին հասանք Թավրիզ` Ատրպատական նահանգի երբեմնի հայաշատ քաղաքը, որտեղ հաջորդ օրը հայկական համայնքը նշելու էր Ամանորը: Այդ մասին, սակայն, հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter