HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մյասնիկյանի համայնքապետը պնդում է, որ կայքի խմբագիրն իրենից գումար է պահանջել, խմբագրի պնդմամբ՝ համայնքապետն ատրճանակ է պահել իր վրա

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կայքերից մեկի խմբագիր ներկայացած անձն ահազանգել է այն մասին, որ հունվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղն ու գյուղապետարանը, սակայն գյուղապետը թույլ չի տվել, իր վրա ատրճանակ է պահել, վերցրել է վկայականը, ճմռթել, ձեռքով 6-7 անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ինչպես պարզեցինք, ոստիկանություն ահազանգողը «lratvutyun.am» կայքի խմբագիր Արման Սարգսյանն է: Վերջինս և Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բադասարյանը մեզ հետ զրույցում դեպքի վերաբերյալ միանգամայն տարբեր մեկնաբանություններ տվեցին:

Տիգրան Բադասարյանը հերյուրանք որակեց իր հասցեին ոստիկանությունում ասվածը, ասաց, որ հունվարի 3-ին իր հետ հանդիպած անձը՝ Արման Սարգսյանը, մինչև հանդիպելը մի քանի նամակներ է գրել իր հեռախոսահամարին, որոնք ինքը ներկայացրել է ոստիկանություն:

Ըստ Բաղդասարյանի՝ նամակներով Սարգսյանն իրենից գումար է պահանջել, ապա հունվարի 3-ին մոտ տասը անգամ զանգահարել իրեն, որ հանդիպի, սակայն ինքը ասել է, որ զբաղված է, հյուրեր ունի:

Ի վերջո համայնքապետն, ըստ իր խոսքի, համաձայնել է հանդիպել Սարգսյանի հետ պարզելու համար, թե ինչ է նա ցանկանում: Հանդիպման ժամանակ կայքի խմբագիրն, ըստ Բաղդասարյանի խոսքի, իրենից 20 հազար դրամ գումար է պահանջել՝ իր մասին նյութեր գրելու համար:

«Ասացի՝ ամոթ է, չե՞ս ամաչում, ջահել տղա ես, ինչի՞պիտի ես գումար տամ, ասաց՝ ձեր մասին նյութեր կգրեմ, պատասխանեցի, որ պետք չէ, դու ինձ չես ճանաչում, որ իմ մասին նյութեր գրես»,- պատմեց Տիգրան Բաղդասարյանն ու նշեց, որ իրենք միայնակ չեն եղել զրուցելիս, տեղի ունեցածի ականատես մարդիկ կան:

Տիգրան Բաղդասարյանի պնդմամբ՝ ինքը Սարգսյանի ուղղությամբ ատրճանակ չի պահել, առհասարակ ատրճանակ չունի, նրա դեմքին հարվածներ չի հասցրել, և իրենց հանդիպման ժամանակ նրա դեմքին վնասվածներ չեն եղել:

Կապ հաստատեցինք նաև Արման Սարգսյանի հետ: Վերջինս ոստիկանությունում դեռ բացատրություն չի տվել: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրան հրավիրել են բաժին հաղորդում և բացատրություն տալու, սակայն հայտնել է, որ տվյալ պահին չի կարող ներկայանալ:

Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մյասնիկյան համայնք այցի նպատակը եղել է հարցազրույց անցկացնելը:

«Անկեղծ՝ գնացել եմ հարցազրույցի հետ կապված, ցանկանում էի հարցազրույց վերցնել»,-ասաց Արման Սարգսյանը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ թեմայով էր հարցազրույցը՝ հասկանալու համար՝ արդյոք միջադեպի պատճառը համայնքապետի համար անցանկալի հարցեր տալն էր, ինչին ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, թե մի քանի հարցեր կային՝ կապված համայնքի ծրագրերի հետ:

«Հետո խնդիր առաջացավ, համայնքապետը չէր ցանկանում լուսաբանվեր, մի քիչ էլ խմած էր»,- ասաց Սարգսյանը:

Խնդրեցինք առավել մանրամասն ներկայացնել իրենց միջև տեղի ունեցած խոսակցությունը և Սարգսյանը նշեց, թե համայնքապետն իրեն վիրավորել է, ինչն ինքն անպատասխան չի թողել:

«Ես էլ ճիշտն ասած` ինքնասիրություն ունեմ, ինքնասիրության հետ կապված խնդիր առաջացավ, ինձ վիրավորեց, ես էլ մի քանի բան ասացի, դրա համար էլ խփեց»,- նշեց Սարգսյանը՝  ևս մեկ անգամ պնդելով, որ համայնքապետը իրեն նաև ատրճանակով է սպառնացել:

Մեր հարցին Սարգսյանի դեմքի վնասվածքները տեսանելի՞ են, վերջինս պատասխանեց, որ բերանից արյուն է եկել: Մեր ճշտող հարցին` շրթունքի շրջանում վնասվածք ունի՞ Սարգսյանը պատասխանեց, որ հիմա հետքեր չեն մնացել:

Անդրադառնալով համայնքապետից գումար պահանջելու հանգամանքին՝ Սարգսյանը նշեց, որ մեքենայի հետ կապված խնդիր է առաջացել, և գումարը համայնքապետից խնդրել է ետ վերադառնալու համար:

Նշենք, սակայն, որ Մյասնիկյանի համայնքապետի պնդմամբ՝  Սարգսյանն իրենից նամակով գումար է պահանջել մինչև համայնք գալը:

Նշենք նաև, որ Արման Սարգսյանը ոստիկանությունում բացատրություն է տալու հունվարի 8-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter