HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Թավրիզն Ամանորին

Թավրիզում Ամանոր նշելու ավանդույթ է ձևավորվել: Տեղի հայ համայնքը հավաքվում է Ազգային առաջնորդարանի դահլիճում և Նոր տարին դիմավորում միասին: Իհարկե, կան նաև ընտանիքներ, որ միավորվում և իրար հետ են անցկացնում երեկոն: Մեզ նույնպես հրավիրում են այդ գիշեր իրենց հետ նշելու Ամանորը:

Թավրիզը Իրանի մեծությամբ 6-րդ քաղաքն է` 1,7 մլն բնակչությամբ: Այն Իրանի հյուսիսային նահանգի կարևոր տնտեսական կենտրոն է: Գերազանցապես բնակեցված է ադրբեջանցիներով:

Ատրպատական նահանգում հաշվարկում են մինչև 7000 հայերի: Դրա շուրջ կեսը Թավրիզում է ապրում: 

Դեկտեմբերի 31-ին Թավրիզի փողոցներում սովորական եռուզեռ էր: Ոչինչ չէր հուշի, որ հաջորդ օրն Ամանորն է, եթե որոշ հայերի խանութների ցուցափեղկերին զարդարված տոնածառ չլիներ: Իսկ հայկական թաղամասում, որը գտնվում է Թավրիզի կենտրոնից ոչ հեռու` Պարոն Ավագ (Բարոն Ավակ) փողոցի մերձակայքում, ամանորյա արդուզարդն առավել շատ է: Կարեն Սարգսյանի խանութը դրանցից մեկն է, որտեղ միայն ամանորյա իրեր` Ձմեռ պապեր, տոնածառի խաղալիքներ, տոնական այլ զարդարանքներ են վաճառվում:

Կարենին հանդիպեցինք Առաջնորդարանում: Նա պատրաստակամորեն մեզ ուղեկցեց Առաջնորդարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի: Չնայած եկեղեցին փակ էր այդ օրը, բայց բանալին Տեր Հայրը տվեց Կարենին, և այն Հայաստանից ժամանած հյուրերի համար բացվեց:

Եկեղեցու հարևանությամբ Թամարյան դպրոցն է, հայկական միակ գործող դպրոցը Թավրիզում: Թավրիզցի հայերը հպարտանում են, որ իրենք ամենահայ մնացած համայնքն են աշխարհում: Մինչ օրս մաքուր հայերենով են խոսում, և իրենց երեխաները հայկական դպրոց են հաճախում:

 Իզաբելը` Կարենի դուստրը, պատմում է, որ Թամարյան դպրոցը շատ մեծ է, բայց այն չի օգտագործվում ամբողջությամբ, որովհետև յուրաքանչյուր դասարանում քիչ թվով աշակերտներ են սովորում: 8-րդ դասարան ընդհանրապես չկա: Հայկական դպրոցում 9 տարի են սովորում, որից հետո` հայ երեխաներն իրենց ուսումնառությունը պետք է շարունակեն իրանական ավագ դպրոցներում:

Հայերի բաց տաղավարները հետզհետե փակվեցին Պարոն Ավագ փողոցում: Պետք է նախապատրաստվեն, որ դիմավորեն Նոր տարին:

Ավելի քան 200 թավրիզցի հայեր այդ օրը երեկոյան` 21:00-ից, դահլիճ էին ժամանում` դիմավորելու 2019-ը: Ոչինչ չէր հուշում, որ նորաձև հագնված կանայք այդ դահլիճից դուրս գալիս պետք է գլխաշոր կապեին, իսկ կիսաբաց մարմիններն, առաջնորդարանի պատերից դուրս, թաքցնեն վերարկուների տակ:

Սեղաններին ավանդական քյաբաբի հետ միասին միայն ոչ ալկոհոլային ըմպելիք էր հրամցված, բայց գրեթե յուրաքանչյուր սեղանին որևէ տեղից հայտնվում էր տնից բերված մի շիշ տնական գինի կամ օղի:

Իրանի զինված իրավապահներն Առաջնորդարանի շուրջն այդ գիշեր հսկում էին, որ հայերն իրենց տոնը խաղաղ անցկացնեն: Մուտքը իրանցիների կամ նույնիսկ նրանց հետ ամուսնացած հայ կանանց համար այդտեղ արգելված էր: Թավրիզի հայերն ամուսնանում եմ բացառապես հայերի հետ: Խառնամուսնություններն ընդունված չեն. հայկական համայնքից իրանցու հետ ամուսնացողը համայնքի կողմից մերժվում է: Հայաստանցի աղջիկների ամուսնություններն իրանցիների հետ խիստ դատապարտվում են այստեղ:

Ամանորյա այս հավաքը նաև օրիորդների և պարմանիների տեսակցության մի վայր է, որից հետո կարող է նոր ընտանիք ձևավորվել: Այդ պատճառով նրանք լավագույն սանրվածքն ու շպարն են ընտրում և նորաձև հագուստ կրում այդ օրը:

Թավրիզի հայերը մաղթանքներ գրեցին թղթերի վրա, որոնք պետք է փոքրիկ օդապարիկների և կրակի օգնությամբ ուղարկվեին երկինք: Ոչ բոլորը կարողացան օդ թռցնել, բայց մեկն, այդուհանդերձ, բարձրացավ վերև:

Մինչ 24:00-ն ուրախ երգ ու պարն էր զբաղեցնում հավաքվածներին, ընդ որում` հայերեն և պարսկերեն, իսկ վերջին 10 վայրկյանի հետհաշվարկին բուռն գրկախառնություններ ու համբույրներ հաջորդեցին: Բոլորն անխտիր շնորհավորում էին միմյանց: Ձմեռ պապը, նույն ինքը` Կարենը ու Ձյունանուշը անակնկալներ մատուցեցին հյուրերին: Իսկ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը բարեմաղթանքներ հղեց նահանգի հայությանն ու աշխարհին:

Լուսադեմին` 04:00-ի սահմաններում, տոնախմբությունն ավարտվեց: Տիկնայք պարուրվեցին իրենց գլխաշորերի և երկար վերարկուների մեջ և հեռացան: Հաջորդ օրն էլ նրանք այցելություններ կկատարեն իրենց հարազատ ընտանիքներ:

Պարոն Ավագ փողոցի տաղավարների մի մասը հունվարի մեկին բացվելու է, որովհետև իրանցիները սիրում են Նոր տարին խորհրդանշող զարդարանքներ գնել հայերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter