HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյան. «Դեռևս գործում է հանցագործությունները գրանցումից թաքցնելու և քաղաքացիներից հայտարարություններ չընդունելու հանցավոր պրակտիկան»

Նախօրեին տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

2011 թ. ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նշվել է, որ հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 16572 դեպք: Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 0,8 տոկոսով, քրեական հետախուզության գծով` 2,8 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններով` 13,8 տոկոսով:

Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 4341 հանցագործության դեպք, կատարված լինելով նախորդ տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել և հաշվառման է վերցվել նախորդ տարվա ընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում առգրավվել է 20 կգ 28 գրամ մարիխուանա, 1 կգ 242 գ մետամֆետամին, 1 կգ 163 գրամ ափիոն, 90 կգ 136 գրամ հերոին եւ այլն: Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցների գրեթե 98,0%-ը Հայաստան են ներմուծվել հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ ափիոն, հերոին եւ այլն:

Շարունակվել է պայքարը մարդկանց ապօրինի փոխադրման՝ թրաֆիքինգի դեմ: 2011 թ. ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կանանց պոռնկության ներգրավելու եւ շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 10 դեպք:

Ոստիկանության օպերատիվ ծառայությունները հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործության 1112 դեպք (2010 թ.՝ 896):

2011թ. ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության 70 դեպք, որոնցից 54-ը՝ ոստիկանության ջանքերով:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 853 հետախուզվող, այդ թվում 20-ը՝ սպանության, 21-ը՝ ավազակության, 14-ը՝ կողոպուտի,127-ը՝ գողության, 102-ը՝ խարդախության, 77-ը՝ խուլիգանության, 4-ը` բռնաբարության համար եւ այլն։ Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող 183 հանցագործներ: Միեւնույն ժամանակ, ԱՊՀ եւ այլ պետություններում ձերբակալվել եւ ՀՀ են տեղափոխվել 61 հետախուզվող:

2011 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2319 պատահար (2010 թ.` 1974), որի հետեւանքով զոհվել է 327 (2010 թ.` 294) եւ մարմնական վնասվածքներ ստացել 3354 (2010 թ.` 2670) մարդ:

Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 886 ծառայողներ (2010 թ՝. 821), որոնցից 82-ը ազատվել են ոստիկանությունից (2010 թ.՝ 56), պաշտոնն իջեցվել է 18-ի, կոչումն իջեցվել է 6-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 27 ծառայողներ եւ այլն:

2011թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 86 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել են ոստիկանության 16 ծառայողներ:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթից հետո մասնակիցները ձեռնամուխ են եղել հաշվետու տարվա արդյունքների քննարկմանը:

Ոստիկանության պետն անդրադարձել է նիստի աշխատակարգի, ինչպես և համակարգի գործունեության սկզբունքներին:

Վլադիմիր Գասպարյանը առանձին-առանձին անդրադարձել է նաև բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների աշխատանքին, վերլուծել ձեռքբերումներումն ու թերացումները առանձին հանցատեսակների կանխարգելման և բացահայտման ոլորտում:

Մասնավորապես, ընդգծելով օպերատիվ  ծառայությունների գործունեության կարևորությունը, Վլադիմիր Գասպարյանը շեշտել է, որ դեռևս գործում է հանցագործությունները գրանցումից թաքցնելու և քաղաքացիներից հայտարարություններ չընդունելու հանցավոր պրակտիկան, ինչը խիստ բացասաբար է ազդում ոստիկանության գործունեության վրա և, որ առավել վտանգավոր ու անհանդուրժելի է, խախտում է հասարակության հավատը ոստիկանության հանդեպ:

Կարևորելով հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները` Վլադիմիր Գասպարյանը շեշտել է ոչ միայն կառուցվածքային փոփոխությունների, այլև սկզբունքների ու մոտեցումների արմատական բարեփոխման անհրաժեշտությունը:

Խոսքը, մասնավորապես, տեղամասային տեսուչների մասին է, որոնց աշխատանքային ոլորտը տարիներ շարունակ դիտվել է որպես երկրորդային օղակ, մինչդեռ հենց այդտեղ է կայանում իրական շփումը հասարակության հետ և այդտեղ է պետք հասնել հասարակություն-ոստիկանություն առարկայական փոխգործակցության, որի նշանակությունն անգնահատելի է հանցագործությունների կանխարգելման գործում:

Խոսելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների փոխգործակցված աշխատանքի անհրաժեշտության մասին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է տեղամասային տեսուչների և անչափահասների գործերով ծառայության համագործակցության կարևորությունը և նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվող քայլերը հուսադրող են ու պետք է շարունակական լինեն:

Վլադիմիր Գասպարյանը մանրամասն անդրադարձել է նաև համակարգում ընթացող բարեփոխումներին, կադրային փոփոխություններին, հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքներին, անձնակազմի հետ տարվող մասնագիտական պարապմունքներին և այդ ոլորտում առկա թերացումներին, ոստիկանական նոր կադրերի պատրաստման գործում կրթահամալիրի առաքելությունը: Իսկ ամենագլխավորը, ընդգծել է ոստիկանության պետը, եղել և մնում է հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ինչը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանության արդիականացման ծրագրի հաջողության իրական երաշխիքն է:

Կոլեգիայի նիստի ավարտին հրապարակվել են Վլադիմիր Գասպարյանի հրամանները. ծառայողական պարտականությունների մեջ թերանալու, ծառայական  գործունեությունը ոչ պատշաճ իրականացնելու և առավել ցածր արդյունքներ գրանցելու համար մի շարք ծառայողներ ենթարկվել են համապատասխան տույժերի, իսկ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր մակարդակով կատարելու համար: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Նոյեմբերյանի ոստիկանությունում ամեն ինչ անում են հանցագործներին հովանավորելու համար:ժամանակին չեն արձագանքում դիմում բողոքներին,արհեստակաորեն ձգձգում են տուժողին ոտնձգություն կատարողներից պաշտպանելու իրենց պարտականության կատարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter