HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ցոլակ Չադրյան. «Ես չեմ վախենում մրցակցությունից. մոնոպոլիան բիզնեսում հանգեցնում է լճացման»

55 հազար վարդ 5 հազար քմ տարածքի վրա «կարթնանան» ամենաուշը մարտ ամսին: Փոքր ջերմոցից դեպի մեծ երազանք արած քայլն այլեւս իրողություն է: «Հետք»-ը 2018-ին անդրադարձել էր գյումրեցի գործարար Ցոլակ Չադրյանի վարդերի փոքրիկ ջերմոցին եւ ապագայի ծրագրերին: Գործընկերոջ՝ Արտյոմ Խաչատրյանի հետ Ցոլակը պատրաստվում էր հիմնել Գյումրիում վարդերի առաջին մեծ ջերմոցը՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ: «Հիմա արդեն կարող եմ ասել, որ այն իրողություն է: Մենք հոկտեմբերին տնկեցինք առաջին սածիլները ու հույս ունենք գարնանային տոներին ընդառաջ մեր կանանց գեղեցիկ անակնկալ մատուցել»,- ասում է Ցոլակը՝ առաջարկելով շրջել ջերմոցի ընդարձակ տարածքում:

Tsolak Chaldryan.JPG (447 KB)

Ի տարբերություն փոքր ջերմոցի, որտեղ վարդերն աճում են հողի մեջ, մեծ ջերմոցում վարդերի սածիլների համար որպես հիմք կիրառվել են կոկոսի մանրաթելերը եւ բամբակ (вата): Նորածինների համար նախատեսված հսկայական ակվարիումի նմանվող ջերմոցում յուրաքանչյուր սածիլ սնվում է միայն իր համար նախատեսված խողովակից: «Մարդկային գործոնը հասցված է մինիմումի խնամքի շրջանում,- ասում է Արտյոմ Խաչատրյանը՝ ուղեկցելով ջերմոցի՝ համակարգչով կառավարվող տեխնիկական հատված,- սակայն դա չի նշանակում, թե ձեռքի աշխատանք չի արվում: Հիմա, երբ սպասում ենք բույսերի հասունացմանը, մեզ շատ աշխատողներ պետք չեն, սածիլները տնկելու ժամանակ ենք ունեցել վարձու աշխատողներ եւ մարտ ամսից հետո կունենանք արդեն կայուն աշխատատեղեր, երբ ջերմոցը սկսի ողջ հզորությամբ գործել»:

Rose Garden 3.JPG (488 KB)

Արտյոմ Խաչատրյանը նորեկ է ջերմոցային բիզնեսում, ասում է՝ շատ անհամբեր է, թե երբ է տեսնելու վերջնարդյունքը: Ցոլակն ավելի համբերատար է եւ ծիծաղելով նկատում է, որ շատերին նոր գործ սկսելիս հենց այդ համբերությունն է պակասում:

Rose Garden 4.JPG (337 KB)

«Կես տարի է միայն ներդրում ենք անում՝ շինարարության տեսքով, բույսերի ձեռք բերման, գազի սպառման դիմաց վճարելով եւ այլն: Դեռ երկու ամիս էլ պետք է սպասենք մինչեւ առաջին վարդերը հանենք շուկա, սակայն դա բնական պրոցես է,- ասում է Ցոլակը,- կարեւորը մեզ համար, որ էս ամբողջ ընթացքում բոլորը ոգեւորել են, աջակցել, որ սովորաբար դժվար է պատկերացնել: Այս ընթացքում մենք ձեռք բերեցինք շատ լավ գործընկեր՝ ի դեմս «Վարդ-ագրո»-ի հիմնադիր, տնօրեն Հովհաննես Քաղկցյանի, որ շատ լուրջ ներդրում ունեցավ էս ամեն ինչի մեջ: Ինքը մեզ շատ է օգնել եւ մինչեւ հիմա էլ աջակցում է՝ առանց հաշվի առնելու, որ նոր մրցակից է հայտնվում: Ինքս էլ պատրաստ եմ օգնել մեկ ուրիշին, ով կուզենա նմանատիպ բիզնեսով զբաղվել: Ես չեմ վախենում մրցակցությունից, առանց դրա զարգացում հնարավոր չէ, ընդհակառակը՝ կողմ եմ, որ մեր մարզում ջերմոցները շատանան»:

Rose Garden 7.JPG (6.17 MB)

Զրուցակցիս կարծիքով՝ միայն լուրջ մրցակցությունը ցանկացած բնագավառում երկիրը կտանի զարգացման, մոնոպոլիան լճացման է հանգեցնում: Ցոլակի համոզմամբ, եթե դու լուրջ գործարար ես, չպետք է ձգտես մոնոպոլացման քո ոլորտում, իհակե, դա հնարավորություն է տալիս կարճ ժամանակում մեծ գումարներ աշխատելու, սակայն խոչընդոտ է զարգացման ճանապարհին:

Rose Garden 8.JPG (234 KB)

«Ես ավելի ուրախ կլինեմ, եթե էլի մարդիկ ներդրումներ անեն այս ոլորտում Շիրակի մարզում, պետք չէ եղած գումարները պահել ներքնակի տակ,- Ցոլակը ծիծաղում է,- եւ պետք է ասեմ, որ բանկերն էլ բավական լավ պայմաններ են առաջարկում՝ մինչեւ 7-8 տոկոսով պատրաստակամ են մեծ գումարներ տրամադրել: Սակայն ջերմոցային տնտեսությունների զարգացման համար պետք է, որ կառավարությունը մտածի այլընտրանքային արեւային համակարգերի ներդրման մասին, ինչպես նաեւ կարգավորի ներկրման հարցը, որ հայ արտադրողը չտուժի»:

Rose Garden 9.JPG (250 KB)

Գազից կախվածությունը սպառնալիք է տնտեսվարողի համար, մտահոգվում է զրուցակիցս՝ նկատելով, որ գազի գնի թանկացման կամ կապույտ վառելիքի իսպառ բացակայության պարագայում ստիպված կլինեն պարզապես դադարեցնել գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter