HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորներ Սուքոյանն ու Պետրոսյանը վիճարկում են Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահ ընտրելու գործողությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն այս անգամ դատարանում վիճարկում են Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. մարտի 5-ի գործողությունները: Պատասխանողը հենց Բարձրագույն դատական խորհուրդն է:

Վերը նշված դատավորները մարտի 5-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել 2018թ. դեկտեմբերի 25-ին: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ավագյանին:

Առաջին անգամ չէ, որ դատավոր Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն իրավունքների պաշտպանության հայցով դիմում են դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի և Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, դիմել են վարչական դատարան: Դատավորները պահանջում են վերացնել (անվավեր ճանաչել) Բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018թ. օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշումը, որպես հետևանք «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» Հանրապետության նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրը:

Նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու դատավորների պահանջը նույն տարվա դեկտեմբերի 5-ին վարչական դատարանը մերժել է:

Նշենք, որ ԲԴԽ-ն օգոստոսի 6-ին դռնփակ նիստով քննարկել է Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակելու նպատակով Սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել թվով 12 դատավորների թեկնածությունները: Այդ ցանկում բացակայել են դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի անունները: Նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով նշանակել է ԲԴԽ-ի կողմից առաջարկված բոլոր թեկնածուներին, որպես Սնանկության դատարանի դատավորներ:

Սուքոյանն ու Պետրոսյանը պահանջել են նաև անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի նախագահ նշանակելու համար Գարիկ Ավագյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ» 23.11.2018թ. ԲԴԽ-51-Ո-142/2018 որոշումը: Վարչական դատարանը նոյեմբերի 29-ին գործի վարույթը կարճել է: Նշենք, որ գործը գտնվել է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում և դեպարտամենտի դեմ մյուս գործերով Սուքոյանն ու Կ. Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել Մհեր Պետրոսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter