HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդառաջ 2019-ին. հեղա-փոփոխությունների պահանջ». հայտարարություն՝ քաղաքացիական խմբերի ձայնը լսելի դարձնելու մասին

Մի շարք կազմակերպություններ և անհատներ հեղափոխությանը հաջորդող անհրաժեշտ քայլերի մասին համատեղ հայտարարություն են տարածել՝ անվանելով այն «Ընդառաջ 2019-ին. հեղա-փոփոխությունների պահանջ»: Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«2018-ին հանրային առաջադիմական շահեր պաշտպանող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքացիական ինքնակազմակերպ խմբերը (այսուհետ՝ քաղաքացիական խմբերը) ներգրավվեցին Հայաստանի ժողովրդավարացման հեղափոխությանը ոչ միայն աջակցելով, այլև նախաձեռնելով ապակենտրոն գործողություններ, ներդնելով չափանիշներ ու նշաձողեր, համասահմանելով հեղափոխության արժեքներն ու սկզբունքները: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ քաղաքացիական խմբերի համերաշխությունը և ժողովրդական ստեղծագործ աջակցությունը վերաճեցին այն սպասված հեղափոխությանը, որը

  • կասեցրեց Հայաստանի անդառնալի ավտորիտարացումն ու կեղեքիչ տնտեսակարգի կարծրացման ընթացքը,
  • ամրագրեց Հայաստանում ժողովրդավարության և արդարության հաստատման անառարկելի պահանջը,
  • ձևակերպեց հանրային ռեսուրսների և բարիքի արդարացի բաշխման հանրային կարիքն ու պահանջը,
  • կարևորեց հանրային շահի և մարդու իրավունքների պաշտպանվածությունը,
  • արձանագրեց քաղաքացիների ազատ ստեղծարար կենսագործունեության և բազմազան խմբերի համերաշխ, բռնությունը բացառող համակեցության առաջնահերթությունը,
  • նշանավորեց ընդհանուր ապագայի տեսլականում և հանրային կյանքի որոշումներում քաղաքացիների ուղիղ և ապակենտրոն մասնակցությունը:

Հեղափոխությունից 7 ամիս անց տեղի ունեցած ԱԺ ընտրություններով վերահաստատվեց և ինստիտուցիոնալ տեսք ստացավ հեղափոխության հրամայականը՝ երկրում ժողովրդավարության և սոցիալական արդարության հաստատման նպատակով շոշափելի փոփոխություններ իրականացնելու կարիքն ու անհրաժեշտությունը:

Այժմ, երբ Հայաստանում ունենք վստահություն վայելող ընտրություններով ձևավորված խորհրդարան, որն առաջիկայում կհաստատի հեղափոխությունը շարունակելու պատասխանատվությունը վերցրած կառավարության կազմը, սկսվում է հեղափոխության նպատակների հստակեցման, միջոցների մշակման և իբրև քաղաքականություններ դրանց ներդրման ծանր աշխատանքի շրջանը:

Մենք՝ ներքոստորոգրյալ կազմակերպություններս, խմբերս և անհատներս, համարում ենք, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը և արդարության հաստատումը հնարավոր է հանրային կյանքի կազմակերպման քաղաքականություններում Հայաստանի բնակչության, մասնավորապես քաղաքացիական խմբերի (և հատկապես ազդակիր խմբերի ու անհատների) ուղղակի և անուղղակի ներգրավման դեպքում, որոնց ներգրավման պայմանների ստեղծումը համարում ենք նոր կառավարության և ԱԺ գործառույթը և առաջիկա անելիքը:

Հեղափոխության ընթացքում հայաստանցիները հանրային գործորդության՝ նախաձեռնող մասնակցության և դրա հանրային ազդեցության մասին գործնական դասեր քաղեցին: Գտնում ենք, որ նոր կառավարությունը և ԱԺ-ն պարտավոր են հոգածության արժանացնել այսպիսի գործորդությունը, նշանավորել և նպաստել դրա ներուժի հետագա զարգացմանը: Դրա հնարավորությունը տեսնում ենք քաղաքացիական խմբերի կարիքների և պահանջների ներկայացման ինստիտուցիոնալ հարթակների տրամադրման, քննադատություններին հասցեական անդրադարձի համակարգված մեխանիզմների ներդրման միջոցով:

Քաղաքացիական խմբերի ձայնը հետհեղափոխական կառավարությանը մինչ այժմ հասել է առավելապես վստահության ցանցերի միջոցով, որոնցով հաճախ կարևոր հանրային նշանակության խնդիրներ են լուծվել: Վստահության ցանցերը, սակայն ունեցել են նաև անցանկալի հանրային հետևանքներ, որոնցից է խնդրականացված հարցերում կառավարության որոշումների և քաղաքականությունների քննարկման առավելապես ոչ հրապարակային բնույթն ու դրա հետևանքով քաղաքացիական և հանրային ակտիվ դաշտի առերևույթ լռությունը: Որպես սրա կողմնակի հետևանք՝ վստահության ցանցերը ծառայում կամ դիտարկվում են իբրև հանրային քննադատության զսպման գործիք՝ իր հերթին դանդաղեցնելով հանրային կառուցողական քննադատության լեզվի մշակումն ու դրա կիրարկման հարթակների ձևավորումը: Գտնում ենք, որ սրա հետևանքով անխուսափելի կդառնա հետադիմական և ապակառուցողական ձայների ուժգնացումը՝ խոչընդոտելով հեղափոխական բարեփոխումների ցանկալի ընթացքին, ինչն անթույլատրելի ենք համարում: Վստահության ցանցերին ապավինելու երկրորդ անցանկալի հետևանքը կարող է լինել ՔՀԿ-ների ֆավորիտ շրջանակի ձևավորման, ինչպես նաև իրենց քննադատություններում առավել արմատական առաջադիմական քաղաքացիական խմբերի ձայների լռեցման հնարավոր վտանգների ի հայտ գալը:

Հետևաբար անհրաժեշտ ենք համարում վստահության ցանցերից անցում կատարել մասնակցայնության ինստիտուցիոնալացված մեխանիզմներին՝ ապահովագրելով և՛ քաղաքացիական ներգրավվածության շարունակականությունը հանրային կյանքի կազմակերպման որոշումներում, և՛ հանրային առաջադիմական շահեր ներկայացնող բոլոր ձայների լսելիությունը, և՛ կառուցողական քննադատության բարձրաձայնումը, և՛ դրանց հացեական լուծումներ գտնելու հնարավորությունը:

Ըստ այդմ, առանձնացնում ենք հրատապ լուծումներ (իրավաօրենսդրական բարեփոխումներ և նոր ինստիտուցիոնալ կառուցվածքներ) պահանջող, միաժամանակ հեռանկարային նշանակության քաղաքական հետևյալ առաջնահերթ ուղղությունները, որոնցում կարևորում ենք առաջադիմական քաղաքացիական խմբերի ուղիղ մասնակցությունը՝

  • նախահեղափոխական Հայաստանում գործող ռեժիմի քաղաքական գնահատականի մշակումն ու դրա իրավական ամագրումը, ինչպես նաև տնտեսական փոխհատուցման թափանցիկ, արդարացի գործիքների մշակումը անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումով,
  • հակակոռուպցիոն քաղաքականությունների թափանցիկ, հաշվետու համակարգի մշակում և ինստիտուցիոնալացում,
  • ազատ և արդար ընտրությունների շարունակականությունը երաշխավորող մեխանիզմների մշակում և ինստիտուտների ներդրում,
  • անխտիր բոլոր բնակիչների մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխիքներն ապահովող մեխանիզմների մշակում և ներդրում,
  • սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը երաշխավորող մեխանիզմների մշակում և ներդրում, համապատասխան ինստիտուտների վերակառուցում,
  • տնտեսական քաղաքականությունների մշակում և ներդրում՝ միտված սոցիալական արդարության հաստատմանը և պետության սուվերենության ապահովմանը,
  • իշխանության ապակենտրոնացմանը և հանրային ինքնակառավարմանը նպաստող քաղաքական համակարգերի նախագծում և ներդրում, նոր սահմանադրության մշակման միջոցով այս սկզբունքների ամրագրում:

Գտնում ենք, որ առաջադիմական ՔՀԿ-ների և քաղաքացիական խմբերի ուղիղ մասնակցությունը մեր ընդհանուր ապագան կանխորոշող վերոնշյալ քաղաքականությունների մշակման գործում՝ կառավարության և ԱԺ կից խորհրդատվական, քննադատական-վերլուծական հարթակների միջոցով, ինչպես նաև անուղղակի ազդեցությունը կրթական և հանրային մեդիա հարթակների միջոցով, կերաշխավորի քաղաքական մեծ բարեփոխումների հասցեականությունը և արդյունավետությունը, ինչն էլ հեղափոխության հաջողման անհրաժեշտ նախապայմանն է»:

Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ

«Թուխմանուկ» ՀԿ

Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

Համայնքային զարգացման նորարարական կենտրոն ՀԿ

Համայնքային Համախմբան և Աջակցության Կենտրոն

«Հարթակների փոխակերպման» իրավաստեղծ գործունեության հիմնադրամ

Հյուման ռայթս հաուս երևան իրավապաշտպան կազմակերպությունների միություն

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

«Սևազգեստ կանայք» Հայաստան խաղաղաշինական նախաձեռնություն

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Քալրֆուլ Հաուս» Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

ՕքսԵՋեն հիմնադրամ

«Ֆոր Ֆեմ/4 Ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ

Գայանե Այվազյան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմաբան

Գոռ Ենգոյան, ՆՓԱԿ կերպարվեստի բաժնի տնօրեն

Վարսեր Կարապետյան, փաստաբան

Կարեն Հարությունյան, ծրագրավորման ինժեներ

Նվարդ Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter