HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ՌԱՀՀԿ տնօրենի` իշխանությանը ծառայելու մեջ միմյանց մեղադրելն ամենահետադիմականն է

Ներքաղաքական և ներհասարակական զարգացումների լույսի ներքո այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի թեման էր «Հայաստան. հանրային պահանջ և ներքաղաքական առաջարկներ»:

Հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:

Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադևոսյանն անդրադարձավ շահերի ու հետաքրքրությունների այն շրջանակին, որ ներկայացնում են օլիգարխիկ դասը, մանր ու միջին ձեռներեցները, երիտասարդության նորովի մտածող հատվածը, «անդեմ հասարակություն» կոչված շերտը և այլք: Նրանց մի մասը, ըստ Թադևոսյանի, գիտակցում է սեփական շահերը, սակայն չի տեսնում դրանց իրացման գործիքակազմը, մյուսները հակառակը' ունակ են ընդհանրական ու կազմակերպված ձև տալ իրենց տեսլականին:

«Հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրը շերտավորման գործընթացի խրախուսումն է, այսինքն' միատարր ազգայնական հանրույթից շերտավորված հասարակության անցնելու հրամայականը»,- ընդգծեց Աղասի Թադևոսյանը:

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ քաղաքական վերնախավը մեզանում երկար տարիներ գործում էր լոկալ և ազատ տարածքում' հասարակության ներուժը ծառայեցնելով իր խնդիրների լուծմանը: Սակայն վերջին շրջանում, ինչպես ողջ արաբական աշխարհում, ՀՀ-ում ևս հասարակությունը սկսեց բարձրաձայնել երկրի զարգացման մասին ունեցած պատկերացումները և իր պահանջներն առաջադրել քաղաքական ուժերին, մասնավորապես' ընդդիմությանը: Արդյունքում կարևորվեց արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման շուրջ բանավեճը:

«Ընդդիմադիր դաշտում խարիսխ ձգած ամենահետադիմական երևույթը, որ այսօր նկատելի է ընդդիմության տարբեր թևերի ներկայացուցիչների շրջանում, իշխանությանը ծառայելու, նրա պատվերները կատարելու մեջ միմյանց մեղադրելն է: Եվ ամենազարմանալին այն է, որ այդ դաշտում սկսել են գերիշխել բոլոր տեսակի երևույթների ավտորիտար ընկալումները»,- ասաց Մանվել Սարգսյանը' նշելով, որ երրորդ ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունը նույնպես ավտորիտար մոտեցումների արդյունք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter