HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջարկվում է ավելի խիստ հարկել խաղային ոլորտը. որքան հարկ են վճարում շուկայի խաղացողներն այսօր

Հայաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2020 թվականի հունվարի 1-ից խստացնել խաղատների և բուքմեյքերական ընկերությունների հարկումը։ Նախարարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթում, որը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում, մի շարք այլ փոփոխությունների հետ առաջարկվում է նաև վերանայել շահումով խաղերի և տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները:

Նախատեսվող փոփոխությունները հետևյալն են՝ տոտալիզատորների, շահումով խաղերի (խաղային ապարատներ, սեղաններ) և ինտերնետ շահումով խաղերի գործունեության հարկում շահութահարկով՝ հարկման բազա համարելով վերջնական ֆինանսական արդյունքը և ԱԱՀ-ից ազատման արտոնություն։ Ինչպես նաև՝ տոտալիզատորների միջոցով ստացվող շահումների հարկում եկամտային հարկով։

«Առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ»,- նշված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծում:

Այսպիսով, ստացվում է, որ այս փոփոխությունների արդյունքում խաղատներ, վիճակախաղեր, շահումով խաղեր և ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող ընկերությունները պետք է ավելի շատ գումարներ վճարեն պետբյուջե։ Այսօր այս շուկայի խաղացողները հարկվում են հաստատագրված վճարներով։

Թե փոփոխությունների արդյունքում հավելյալ որքան գումար կմտնի պետբյուջե, ֆինանսների նախարարությունն առայժմ չի նշում։ Շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը վաղ համարեց կոնկրետ թվեր նշել, սակայն ասաց, որ խոսքը հավակնոտ գումարների մասին է։

Նշված ընկերություններն այսօր Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։

Ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ 31.12.2018թ. դրությամբ, Հայաստանի տարածքում լիցենզավորված է չորս խաղատուն։ Բոլորը գործում են Կոտայքի մարզում։ Մեկը Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Շանգրի Լա Երևան» խաղատունն է, որը շահագործում է «Օիրա քլաբ» ընկերությունը, մյուս երեքը գտնվում են Ծաղկաձորում։ Դրանք շահագործում են «Ռոյալ ինտերթեյնմենտ», «Սենատոր Սպորտ» և «Վալկան» ընկերությունները։  

Հայաստանում լիցենզավորված է նաև վիճակախաղեր կազմակերպող չորս ընկերություն։ Խոսքը նույն բուքմեյքերական ընկերությունների մասին է։ Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած ցանկից, վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո բեթինգ» (VivaroBet), «Գուդվին-բետ» (GoodWin), «Սաբարկո» (Adjarabet) և «Դիջիգեյմ» (TotoGaming) ընկերությունները։ Մինչև 2018 թվականի նոյեմբերը լիցենզիա է ունեցել նաև «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը» (Europefootball), որը ևս խոշոր հարկատուների ցանկում է։

Եվս երեք ընկերություն էլ այսօր կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։ Այս վերջին երեքը, ինչպես բազմիցս գրել ենք, թեև իրավական տեսանկյունից տարբեր ընկերություններ են, սակայն փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողներին։ «Վիվառո բեթինգ»-ին փոխկապակցված է «Վիվառո գրուպը», «Դիջիգեյմ»-ին է փոխկապակցված «Դիջիթեյն» ընկերությունը և երրորդ ընկերությունը, որը ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում Հայաստանում «Կաբարկոն» է՝ փոխկապակցված «Սաբարկո»-ին։  

Ստացվում է, որ չորս ընկերություն խաղատների գործունեությամբ է զբաղվում, յոթ ընկերություն էլ՝ ինտերնետ շահումով խաղեր ու վիճակախաղեր է կազմակերպում։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին նշված ընկերություններից միայն երկուսը չեն հայտնվել հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Այս ընկերություններից ամենախոշոր հարկատուն «Օիրա քլաբն» է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին նշված ընկերությունը պետբյուջե է վճարել շուրջ 3 մլրդ 582 մլն դրամի հարկեր։ Սակայն այս ընկերության հարկերի ծավալը պայմանավորված չէ միայն խաղատնային գործունեությամբ, քանի որ այն զբաղվում է նաև հյուրանոցային և այլ բիզնեսներով։ Այսինքն՝ հայտնի չէ, թե խաղատան գործունեության արդյունքում որքան հարկ է վճարել այս ընկերությունը։

Ավելի քան 861 մլն դրամի հարկեր է վճարել «Վիվառո գրուպը», մոտ 631 դրամ էլ՝ «Վիվառո բեթինգը»։ Առաջին եռյակում այս երեք ընկերություններն են։ Հաջորդում են «Դիջիգեյմ» (մոտ 456 մլն դրամ), «Դիջիթեյն» (մոտ 272  մլն դրամ), «Գուդվին-բետ» (252 մլն դրամ), «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ( մոտ 189 մլն դրամ), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» (175 մլն դրամ), «Սենատոր Սպորտ» (մոտ 127 մլն դրամ) և «Վալկան» ընկերությունները (մոտ 118 մլն դրամ)։ Գրեթե բոլոր ընկերությունների մասով հարկերի աճ է գրանցվել՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ։ Հարկերի ծավալներն առավել մանրամասն ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

Իսկ Adjarabet-ը ներկայացնող «Սաբարկո» և «Կաբարկո» ընկերությունները խոշորների ցանկում չկան, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրի հարկերի ծավալը 2018 թվականի առաջին ինն ամիսներին 98.4 մլն դրամից ցածր է եղել. խոշոր հարկատուների ցանկի ամենավերջին ընկերությունը այդքան հարկ է վճարել։

Ինֆոգրաֆիկայում «Դիջիգեյմ», «Դիջիթեյն» և «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ընկերությունների 2017թ. հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի ծավալը նշված չէ, քանի որ նշված ժամանակահատվածում այս ընկերությունները չեն հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, և, բնականաբար, նրանց վճարած հարկերի ծավալը չի հրապարակվել։

tax.png (178 KB)

Շեշտենք, որ նախորդ տարիների հարկերի դինամիկան ցույց է տալիս, որ տարեկան կտրվածքով նշված ընկերություններից մի քանիսի վճարած հարկերը էականորեն ավելի մեծ ծավալի են, քանի որ դրանց մեծ մասը վճարվել է չորրորդ եռամսյակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter