HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովի պատասխանը

Մենք ամբողջությամբ կիսում ենք Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեի եւ հարակից մյուս շենքերի բնակիչների զայրույթն ու մտահոգությունը: Երեւանում իրականացվող անվերահսկելի, ապօրինի ու անճաշակ կառուցապատումը աղճատում է մեր քաղաքի ճարտարապետական տեսքը, ստեղծում պայթյունավտանգ սեյսմիկ իրավիճակ, ոտնահարում է երեւանցիների սահմանադրական իրավունքը` ապրելու իրենց առողջությանն ու բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում: 2009 թ. Երեւանի քաղաքապետի կեղծված ընտրություններից հետո ՀՀԿ ներկայացնող իրար փոփոխող քաղաքապետերը, չունենալով համաքաղաքացիների աջակցությունը, ի վիճակի չեն հասկանալ երեւանցուն կամ արդարացի կերպով լուծել քաղաքում առկա խնդիրները:

Նալբանդյան 106/1 հասցեում, ինչպես նաեւ քաղաքի բազմաթիվ այլ վայրերում իրականավող այսպես կոչված «կետային» կառուցապատման հետեւանքով ոչնչացվում են հանրային կանաչ գոտիները, աստիճանաբար մեր քաղաքը վերածելով բնակվելու համար ոչ պիտանի, մարդու առողջության համար խիստ վնասակար տարածքի:

Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովը մոտ օրերս հանրության քննարկմանը կներկայացնի ՀԱԿ-ի էկոլոգիական քաղաքականության հայեցակարգը, որտեղ արտահայտված է հանձնաժողովի գնահատականներն ու մոտեցումները Հայաստանի էկոլոգիական վիճակի, էկոլոգիական աղետը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ: Հանրությանը ներկայացվող էկոլոգիական քաղաքականության հայեցակարգում զգալի տեղ է զբաղեցնում Երեւանում անօրինական կառուցաատման հիմնախնդիրը եւ դրա լուծման ստրատեգիական ուղիները:

Որպես քաղաքական դիրքորոշում, մենք ընդունում ենք, որ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող որոշումների կայացման հարցերում հասարակությունը պետք է ունենա լիարժեք մասնակցություն եւ որոշիչ ձայնի իրավունք: Նալբանդյան 106/1 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար քաղաքային իշխանությունները պետք է ստանան այդ տարածքին անմիջականորեն հարակից շենքերի բնակչության համաձայնությունը, որը կարող էր ապահովվել հասարակական հարցման կամ տեղական հանրաքվեի միջոցով:

Մինչեւ հարցի վերջնական դրական լուծումը, Նալբանդյան 106/1 հասցեին հարակից բնակչության արդարացի պահանջը այլ էկոլոգիական հիմնախնդիրների հետ մեկտեղ լինելու է ՀԱԿ-ի քաղաքական օրակարգում եւ Կոնգրեսի Էկոլոգիական հանձնաժողովի կողմից բարձրացվելու է ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական մակարդակով:

Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter