Դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևային
Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում մշակույթի և ԶԼՄ-ների ոլորտը համակարգող փոխվարչապետ Բահարգյուլ Աբդիևայի հետ (Bahargül Abdyýewa): Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկեցին Հայաստանում Կարա-կույունլու թուրքմեն էմիր Ամիր Սաադի՝ Արգավանդում գտնվող դամբարանի գմբեթի վերականգնման և Խնձորեսկ գյուղում գտվող դամբարանի հնարավոր վերականգնման, ինչպես նաև՝ թուրքմենական կողմի համաձայնությամբ Թուրքմենբաշի քաղաքում գտնվող 1903թ. կառուցված հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի նախարարությունների միջև երկարաժամկետ մշակութային ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։ Նշվեց, որ մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից ելնելով, առաջիկայում պետք է վերականգնվի երկու երկրներում մշակույթի օրերի անցկացումը։
Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-թուրքմենական երկկողմ և բազմակողմ մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել