HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեհրանն ու հայ Ձմեռ պապը

Իրանի մայրաքաղաք Թեհրանը երկրորդ քաղաքն էր, որ ուղևորվեցինք: Թավրիզից Թեհրան հասնելու երեք տարբերակ կա` օդանավով, գնացքով և ավտոբուսով: Ընտրեցինք ավտոբուսը, որովհետև օդանավի տոմսը շուրջ 30 դոլար էր, գնացքը` 12 ժամում էր հասնում, իսկ ավտոբուսը` 8 ժամում հասնում էր և մատչելի էր: Ավելին, Թավրիզի կայարանից յուրաքանչյուր ժամի Թեհրան շարժվող ավտոբուս կա: Որոշեցինք երեկոյան մեկնել և առավոտյան հասնել Թեհրան:

Թավրիզցի հայերը խորհուրդ էին տվել անպայման հավաստիանալ, որ տվյալ ավտոբուսը կկայանի Թեհրանի Արգենտինայի կայարանում, որը քաղաքի առավել բանուկ և կենտրոնական հատվածում է, ոչ թե` Ազադի, որը քաղաքի սկզբնամասում է: Մենք էլ տոմսը գնելիս հարցրինք, թե արդյոք այդ ավտոբուսը հանգրվանելու է Արգենտինայի կայարանում, և հավաստիանալուց հետո միայն գնեցինք այն: Տոմսի արժեքը 5,5  դոլարին համարժեք ռիալ էր:

Հինգ տարբեր ընկերություններ են սպասարկում Թավրիզ-Թեհրան ուղղությունը, իսկ դրանց ներկայացուցիչները` գործակալները,  կայարան մտնողներին միանգամից փորձում են գրավել` հարմար տոմսեր առաջարկելով: Այդ գործակալներն ամեն ինչի պատրաստ են, միայն թե կարողանան իրացնել տոմսերը և «կոմիսոններ» աշխատեն: Մեզ էլ հրամցրին այդ տոմսերից, և վաղ առավոտյան հասնելիս պարզվեց, որ ավտոբուսի վերջին կայարանը Ազադի հրապարակն է, ոչ թե Արգենտինայինը: Մեզ նման խաբվողներ էլի կային, տարեց կնոջ և ձեռնափայտով հազիվհազ քայլող իրանցի տղամարդու ևս համոզել էին, որ հասնելու է իրենց ցանկացած կայարանը: Տիկնոջ և վարորդի բորբոքված խոսակցությունից հասկանալի էր միայն մի քանի բան, որ տիկինը պատրաստվում էր «փոլիս» կանչել, եթե նա չհասցնի իրենց Արգենտինայի կայարան:  

Վարորդը տոմսավաճառների հետ գրեթե առնչություն չունի, անգլերեն էլ չէր խոսում, հետևաբար` ապարդյուն էր նրա հետ անհասկանալի լեզվով հաշիվ մաքրելը: Տաքսին մեզ 2 դոլարին համարժեք իրանական ռիալով Ազադի կայարանից հասցրեց միանգամից հյուրանոց: Իսկ իրանցի տիկինն ու տղամարդը սպասում էին, որ վարորդն իրենց համար տաքսի կանչի, վճարի և ուղարկի Արգենտինայի կայարան:

Թավրիզցի հայերի խորհրդով մենք իջևանեցինք Nader հյուրանոցում, որի սեփականատերը հայ էր:  Չնայած, հետո ափսոսեցինք, որովհետև այն չափազանց անհամար էր: Բացի դրանից, սպասարկող անձնակազմը իրանցիներ էին, որոնք չփայլեցին իրենց սիրալիրությամբ կամ հյուրանոցներին հատուկ հյուրընկալությամբ: Գուցե հյուրանոցի աստղերն էին մեղավոր, որոնք ընդամենը երկուսն էին:

Թեհրանը հսկայական մեգապոլիս է` 8,6 մլն մշտական բնակչությամբ և ևս  3,5 մլն էլ ամեն օր ընդունում է` շրջակայքից` աշխատանքի նպատակով, որոնք երեկոյան վերադառնում են իրենց ապրելավայր:

Չնայած հիջաբներ և չադրաներ կրող կանանց ստվար առկայությանը, երիտասարդների մի զանգված էլ ժամանակակից հագուստ է կրում, կանայք չնայած պարտադրված գլխաշորով են, բայց շպարված են և հետևում են իրենց:

Հասարակական տրանսպորտում, հատկապես ավտոբուսներում, տղամարդիկ առաջնամասն են զբաղեցնում, կանայք` ավտոբուսի հետնամասը:

Սպասարկող անձնակազմը անգլերեն չի խոսում, դժվար է հասկացնել նրանց՝ ուր ես ուզում հասնել: Եվ արդեն Թավրիզից հասկացել էինք, որ տեղաշարժվելու համար մեզ հայ վարորդ է հարկավոր, որը կուղեկցի որոշ տեսարժան, ինչպես նաև՝ հայերի հետ առնչություն ունեցող վայրեր: Իսկ նրան գտնելու համար լավագույն վայրը Թեհրանի առաջնորդարանն էր` հյուրանոցից 10 րոպե հեռավորությամբ:

Իրանում, ի դեպ, երեք տարբեր թեմեր կան` Ատրպատականի (Թավրիզի), Թեհրանի և Սպահանի: Եվ կրթական կամ մշակութային հաստատությունները գերազանցապես գործում են թեմերի հովանու ներքո:

Թեհրանում հայերը բնակություն են հաստատել 18-րդ դարի 2-րդ կեսերից, երբ Իրանի թագավոր Քարիմ Խան Զանդի կարգադրությամբ Նոր Ջուղայից 10 հայ ընտանիք տեղափոխվել է Թեհրան: Այնուհետև տարբեր թագավորների օրոք Թավրիզից և Նոր Ջուղայից նոր հայ ընտանիքներ են տեղափոխվում: 19-րդ դարում հայերին սկսում են արտոնություններ տալ` երկրի առևտրական կյանքն ու արհեստները խթանելու նպատակով: Հայերը սկսում են նաև պաշտոններ զբաղեցնել: 20-րդ դարում արդեն նոր հայ ընտանիքներ են տեղափոխվում Թեհրան, որտեղ արդեն հայ հասարակական, մշակութային կյանքը զարգանում էր:

Այժմ Թեհրանի թեմն ունի 20 եկեղեցի և մատուռ: 1960 թվականին Թեհրանում 16 հայկական դպրոց է եղել` 5000 աշակերտով: 1980-ին դպրոցների թիվն աճել է` 30 դպրոց և 14 հազար աշակերտ: Դրանից հետո սկսել է նվազել: Թեհրանի առաջնորդարանի տվյալներով` այժմ Թեհրանում 14 դպրոց կա, 4 մանկապարտեզ և նախակրթարան: Դրանց գերակշիռ մասը Ազգային առաջնորդարանի հովանու ներքո է գործում, փոքր մասը` կաթոլիկ, ավետարանական համայնքների և Հ. Բ.Ը.Մ.-ի: Հայ աշակերտների թիվը մոտ 2500 է: Թեհրանի հայոց թեմում նաև 3 հայկական ծերանոց է գործում: Գործել է նաև գիշերօթիկ դպրոց, որն այժմ փակ է: 2001-ից գործում է նաև մարմնամտային խանգարումներով երեխաների օժանդակության կենտրոնը:

Թեհրանի առաջնորդարանը կից է Սուրբ Սարգիս եկեղեցուն: Առհասարակ Իրանում հայկական եկեղեցիները բարձր պարիսպների ետևում են, և պահակակետի հսկիչի թույլտվությունից հետո միայն կարելի է մուտք գործել: Իրանցիներն այդ օրերին հաճախակի են ելումուտ անում եկեղեցի, քանի որ այնտեղ տոնածառ կա, ու բակը զարդարված է ամանորյա «հանդերձանքով»: Լուսանկարվում են տոնածառի ու Ձմեռ պապի հետ:

 

Առաջնորդարանի դիվանապետն է մեզ դիմավորում և օգտակար խորհուրդներ տալիս` այցելելու Արարատ մարզահամալիր, հայկական Զեյթուն, Սասուն թաղամասեր և եկեղեցիներ:

Նաև որպես մեզ ուղեկից առաջարկում է համայնքում հայտնի հայ վարորդին` Վանիկին:

Պարզվում է` հայ համայնքում Վանիկին շատերը գիտեն: Արդեն 5-րդ տարին է` Վանիկը տաքսի է վարում: «Դեղին` կառավարական տաքսի է, 1500 մեքենա կա, մին ես եմ հայ»,- հպարտանում է Վանիկը: Այդ առթիվ ընկերության տնօրենն անձամբ զանգահարել և շնորհավորել է Վանիկի Ամանորը: Ասել է, թե` հարգում են իրեն:

Պատրաստակամ է. տաքսի վարելուց բացի, ով ինչ օգնության կարիք ունենա` Վանիկին կզանգի: Երբ հյուր է գալիս Սիրիայից, Եվրոպայից, Հայաստանից կամ այլ տեղից, պետք է դիմավորել, տեղավորել հյուրանոցում, տանել գնումների կամ տեսարժան վայրերը ցույց տալու, այդ ամենը Վանիկն արագ կազմակերպում է: Գիտի քաղաքում գնումների համար հարմար վայրերը, համով կերակուրներ մատուցող ռեստորանները, հարմար գներով քյաբաբ վաճառող սննդի կետերը, թռիչքների և ավտոբուսների տոմսերի գները, հյուրանոցների տեղերը, գիշերակացի տները և արժեքները:

Արագաշարժ է, գործին վարժ տիրապետում է, ինտերնետին և համապատասխան կայքերին քաջատեղյակ է: Արագ ճշտում է` ինչ պետք է և կազմակերպում օրվա երթուղին:

34 տարեկան է Վանիկ Կոթոյանը: Ծնունդով` Ուրմիայից: Ուրմիայում 9 տարի է ապրել, հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Թեհրան: Վանիկի պապը եղել է Ատրպատականի Սուրբ Թադևոս վանական համալիրի պահակը: Ասում է` Թադեի վանքի վերևի բլուրներից մեկում էլ թաղված է:

Տաքսիստ լինելուց բացի, Վանիկը Թեհրանի հայ Ձմեռ պապն է: Նոր տարվա կեսգիշերին նա հայ ընտանիքներում երեխաների Նոր տարին է շնորհավորում: Եվ այդպես արդեն 15 տարի: Հունվարի 1-ին նախորդող և հաջորդող օրերին էլ հայաբնակ վայրերում կամ Թեհրանի կենտրոնական փողոցներում Վանիկը Ձմեռ պապի հագուստով ման է գալիս և իր հետ նկարվելու համար 1 դոլարին համարժեք իրանական ռիալ է վերցնում:

Անցյալ տարի Վանիկը ամանորյա օրերին բավականին գումար է աշխատել: Այս տարի, ասում է, որ գործերն այդքան էլ լավ չեն, և Վանիկն այդ առիթով բարկացած է. իր մշտական տեղում աշխատելիս նկատել է, որ դիմացի մայթին գտնվող խանութը նույնպես Ձմեռ պապ է հրավիրել, ով բոլորի հետ անվճար նկարվել է` խանութի առևտուրը խթանելու համար:

Վանիկին նաև ամանորյա միջոցառումների են հրավիրում հայկական շրջանակներում: Առաջնորդարանին Ձմեռ պապ է պետք, Վանիկը կգնա, ամանորյա հանդես կա` Վանիկը ներկա է:

Պատմում է, որ չնայած իրանցիների Նոր տարին` Նովրուզը, մարտին է, բայց այս օրերին նրանք ակտիվորեն գնումներ են կատարում հայերի խանութներից, փորձում են շնորհավորանքներ հղել իրենց ծանոթ քրիստոնյաներին: Վանիկ Ձմեռ պապի հետ նկարվողներն էլ ավելի շատ իրանցիներ են, քան քրիստոնյաներ:

Տոնական օրերը, սակայն, արագ են վերջանում, և Ձմեռ պապը դառնում է տաքսիստ Վանիկ:

Երեք անգամ այցելել է Հայաստան, մեկ անգամ` Արցախ: «Ղուրբան եղնիմ Երևանին, լիքը ջուր»,- երևանյան իր այցելության մասին պատմելիս ասում է Վանիկը: Տպավորված է Հայաստանով: Մեծ ցանկություն ունի Հայաստանում ապրելու: Ասում է, որ իր մադամն (նկատի ունի` կնոջը-հեղ.) էլ է ուզում Հայաստան տեղափոխվել, բայց հասկանում է, որ մինչև հունի մեջ ընկնի, մի քանի տարի կանցնի: Իսկ այստեղ իրեն արդեն ճանաչում են, մշտական հաճախորդներ ու ծանոթություններ ունի, իր առօրյա ապրուստը կարողանում է հոգալ: Ի վերջո, բազմաթիվ հայ երեխաներ հաջորդ Ամանորին սպասելու են իրենց Ձմեռ պապին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter