HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմավիր-Երևան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսի ուղեվարձը թանկացել է

Արմավիր-Երևան ուղղությունը սպասարկող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Ուղևորները հունվարի 8-ից ստիպված են լինելու երթուղու համար վճարել 500 դրամ՝ նախկին 400 դրամի փոխարեն: Այս երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը:

Ինչպես «Հետք»-ին հայտնեցին կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից՝ հունվարի 8-ից ընկերությունը սկսել է սպասարկել այն սակագնով, որով շահել է մրցույթը: Նախարարության հաղորդմամբ՝ ընկերությունը ներմուծել է նոր, բարձրակարգ տրանսպորտային միջոցներ և այժմ ուղևորափոխադրումն իրականացնում է երկու տիպի մեքենաներով՝ «Գազել»-ներով և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսներով:

«Գազել» տեսակի տրանսպորտային միջոցները շարունակում են սպասարկել 400 դրամ ուղեվարձով, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի մեքենաների ուղեվարձը 100 դրամով թանկացել է՝ դառնալով 500 դրամ:

Նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչքանով է արդարացված գնի բարձրացումը:  

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին կառավարության շենքի դիմաց «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու տնօրինության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ գործադիրից պահանջելով կարգավորել Արմավիր-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների պայմանները, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս ուղղությունը սպասարկի միայն իրենց ընկերությունը, ինչպես արձանագրվել է մրցույթում։

«Գալակտիկա տրանս սերվիս»-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը այդ օրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այս ուղղությունը 60 տարի իրենք են սպասարկում, ունեն 22 միկրոավտոբուս և 4 ավտոբուս։ Խաչատրյանը դժգոհել էր ուղևորափոխադրման պայմաններից: Նրա փոխանցմամբ՝ ըստ հաղթած մրցույթի՝ այս երթուղին պետք է միայն իրենք սպասարկեին, սակայն տևական ժամանակ Կենտրոնական ավտոկայանի կողքին «Բոգո» անվանումով մեկը անօրինական ավտոկայան է ստեղծել և տասնյակ ավտոմեքենաներով այդ ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացնում, ինչի արդյունքում իրենք չեն կարողանում պատշաճ կերպով ծավալել իրենց գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter