HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏՄՊՊՀ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործողությունները որակել է գերիշխող դիրքի չարաշահում և հայտնվել դատարանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2018թ. նոյեմբերի 20-ին որոշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործողությունները և վարքագիծը որակել, որպես գերիշխող դիրքի չարաշահում: Օրենքի խախտման համար ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 30 միլիոն դրամի չափով: «Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2018թ. դեկտեմբերի 21-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՏՄՊՊՀ-ի որոշումը:

Նշենք, որ հանձնաժողովը «ԱՄ Գրուպե ՍՊԸ-ի 2018թ. մայիսի 29-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում որպես երրորդ անձ ներգրավել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին` հաշվի առնելով, որ «ԱՄ Գրուպ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 40 վագոնները գրավադրված են բանկում: Բանկը վարչական վարույթի շրջանակներում գրություն է ներկայացրել Հանձնաժողով` հայտնելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հրաժարվել է իր հետ կնքել բանկին գրավի իրավունքով պատկանող 40 վագոնների փոխադրման պայմանագիր:

Բանկը նշել է, որ, օգտվելով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գրավառուին վերապահված իրավունքից, ցանկանում է վերը նշված 40 վագոնները ուղղակի վաճառքով իրացնել, այդ իսկ պատճառով խնդրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը 40 վագոնները Գյումրի կայարանից փոխադրել Վրաստանի Ռուսթավի կայարան, որի համար հնարավոր սեղմ` 5-օրյա ժամկետում խնդրել է հայտնել փոխադրման պայմանները, տրամադրել փոխադրման պայմանագրի նախագիծը և փոխադարձ համաձայնությամբ պայմանները ճշտելուց հետո կնքել փոխադրման պայմանագիր և 40 վագոնները փոխադրել:

Ի պատասխան Բանկի գրության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացիական գործով ընդունված որոշման հիման վրա և համաձայն ԴԱՀԿ ծառայության կողմից 2017թ. կայացված որոշման, «ԱՄ Գրուպ» ընկերության գույքը և դրամական միջոցները արգելանքի տակ են գտնվում: «ԱՄ Գրուպ»-ի ղեկավարության կողմից չի մարվել 1,338,332 դրամի չափով պարտքը, որը ձևավորվել է մատուցված վճարովի ծառայությունների դիմաց: Բացի այդ, չի մարվել նաև 158,286,000 դրամ գումարի չափով պարտքը, որը ձևավորվել է որպես ենթակառուցվածքի օգտագործման դիմաց հավելագումար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել է, որ միայն վերոգրյալ հանգամանքների վերացումից հետո «ԱՄ Գրուպ» ընկերության ղեկավարությունը կարող է դիմել գործող կարգի համաձայն փոխադրման հայտի պատշաճ ձևավորման համար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նշել է, որ դատական ակտերով առկա սահմանափակումները Բանկի կողմից վերացնելուց և վագոնները տրանսպորտային վիճակի բերելուց հետո, պատրաստակամ է իրականացնել վագոնների փոխադրումը: ՓԲԸ-ն կից ներկայացրել է փոխադրման իրականացման կարգի տեխնիկական եզրակացությունը: Իսկ բանկը հայտնել է, որ 2018թ. հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վագոնները տրանսպորտային վիճակի բերելու համար թելադրել է դեռևս 2015թ. առաջադրված խտրական, չհիմնավորված բարձր գինը` 380,000 դրամ մեկ վագոնի համար:

«ԱՄ Գրուպ» ընկերությանը պատկանող 40 միավոր երկաթուղային բեռնատար դատարկ վագոնները 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքված գլխավոր վարկային պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների ապահովման համար գրավադրվել են «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՄ Գրուպ»-ը չի կատարել վերոնշյալ վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները, բանկը 2018թ. հուլիսի 27-ից սկսած դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ վագոնները Գյումրի կայարանից Վրաստանի Ռուսթավի կայարան փոխադրելու համար փոխադրման պայմանների մասին տեղեկանալու նպատակով:

Վարչական վարույթի արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր վարքագծով ծառայություն ձեռք բերել ցանկացող անձի` բանկի հետ հրաժարվել և խուսափել է կնքել պայմանագիր` բերելով տարբեր պատճառաբանություններ: Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր կնքել ցանկացող անձին` բանկին, պարտադրել է ոչ շահավետ տնտեսապես և տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ, մասնավորապես, պարտադրել է վագոնները բերել տրանսպորտային վիճակի՝ դրանք փոխադրելու համար: Դա էլ հիմք է հանդիսացել ՏՄՊՊՀ-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նկարագրված գործողությունները և վարքագիծը որակել որպես գերիշխող դիրքի չարաշահում, ինչն իրենից ներկայացնում է օրենքի խախտում:

Նշենք, որ վարչական դատարանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, որպես ապացույց, հետազոտման նպատակով պահանջել է ներկայացնել 20.11.2018թ. թիվ 171-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերն ամբողջությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter