HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորների դեմ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Բորիս Բորիսովիչ Վենդինի փաստաբան Գևորգ Դավթյանը Վճռաբեկ դատարանի դատավորների գործողությունները քննության առարկա դարձնելու խնդրանքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին իրազեկել է նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Բորիսովիչի հայրը 1992թ.-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևան քաղաքի Բաշինջաղյան հասցեում գտնվող բնակարաններից մեկը: Հայրը մահացել է 2006թ. դեկտեմբերին: Փաստաբան Գևորգ Դավթյանի փոխանցմամբ՝ հոր մահից հետո, իր քաղաքացիության հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ Բորիս Բորիսովիչ Վենդինը չի կարողացել գալ Հայաստան և օրենքով սահմանված կարգով ստանալ ժառանգությամբ իր հասանելիք բնակարանը: 2012թ. ամռանը հաստատվել է կրտսեր Վենդինի քաղաքացիությունը, ինչի հիմքով էլ նա կարողացել է ժամանել Հայաստան ժառանգության հիմքով բնակարանի գրանցումն իր անվամբ կատարելու համար: Սակայն պարզվել է, որ 2012թ. գարնանը հարևանն ապօրինի մուտք է գործել բնակարան:

Հայաստան գալուն պես այցելել է բնակարան և հավաստիացել, որ Ի. Զիրոյանը և նրա ընտանիքի անդամները ապօրինի մուտք են գործել բնակարան, տիրացել այնտեղ գտնվող գույքին և չեն ցանկացել ազատել իրենց կողմից ապօրինի զբաղեցրած բնակարանը: Դրանից հետո Վենդինը դատական կարգով պայքարել է իր իրավունքների համար: Սակայն, փաստաբանի փոխանցմամբ, հայցվոր Ի. Զիրոյանը կեղծ փաստաթղթի օգտագործման միջոցով ձեռք բերման վաղեմության հիմքով դատարաններում հասել է հաջողության և դեռևս 2013թ. վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա գրանցել իր սեփականության իրավունքը:

Վենդինն իր ներկայացուցչի միջոցով կարողացել է հայաստանյան դատական ատյաններում հաստատել այն փաստը, որ Ի. Զիրոյանը կեղծ փաստաթղթի օգտագործմամբ է հասել հաջողության: Գևորգ Դավթյանն ասում է, որ քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով փաստվել է, որ Զիրոյանը կեղծիքի և սուտ տեղեկությունների միջոցով է հաստատել ձեռք բերման վաղեմությամբ սեփականության ձեռք բերելու փաստը, քանի որ Ի. Զիրոյանը նշված բնակարանի նկատմամբ ձեռք բերման վաղեմության իրավունք չէր կարող ունենալ:

Քաղաքացիական գործով ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատված փաստ էին համարել այն, որ Զիրոյանը 10 տարի անընդմեջ բնակվել է վիճելի բնակարանում, տիրապետել է այն և ձեռք է բերել ձեռք բերման վաղեմության իրավունք: Նաև ապացույց էր հանդիսացել «Արմինե» համատիրության նախագահ Ռ. Բաղիշյանի կողմից Ի. Զիրոյանին 28.02.2013թ. տրված տեղեկանքն այն մասին, որ նա 2000թ.-ից բնակվում է նշված բնակարանում, հիմքը` հարևանների վկայությունները: Քրեական գործով հաստատվել է, որ այդ ապացույցը կեղծ է, այն օգտագործվել է քաղաքացիական գործով, ինչի համար ինչպես Ի. Զիրոյանը, այնպես էլ համատիրության նախագահը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել, սակայն վաղեմության հիմքով ազատվել են պատասխանատվությունից: Ավելին՝ ինչպես նշված քրեական գործով կայացված դատավճռով, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հիմնավորվել է, որ Իդա Զիրոյանը վիճելի բնակարանում մինչև 2012թ. չի բնակվել, չի տիրապետել, այն դատարակ է եղել, ինչը հիմնավորվել է նաև մի շարք այլ ապացույցներով։

Ի հայտ եկած նոր հանգամանքի հիմքով ներկայացվել է վճռաբեկ բողոքը՝ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2013թ. որոշումը բեկանելու և ամբողջությամբ քաղաքացիական հայցը մերժելու խնդրով: Գևորգ Դավթյանի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանն իր 12.12.2018թ. որոշմամբ, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, մերժել է բողոքի ընդունումը։ Անգամ այդ որոշման մեջ հստակ նշվել է նոր հանգամանքի մասին բողոքաբերի ակնհայտ փաստարկները, նոր հանգամանքը, սակայն, եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանը բավարարվել է մի քանի իրավանորմերի վկայակոչմամբ և մեկ նախադասությամբ, համաձայն որի՝ նշված հանգամանքը բավարար չէ՝ դիտելու նոր երևան եկած հանգամանք։

«Ինչ է ստացվում, որ անգամ քրեական գործով կայացված դատավճիռը, Վերաքննիչի որոշումը և անգամ քրեական գործով Վճռաբեկի որոշումը, որոնցով հաստատվել է հենց նույն քաղաքացիական գործով սեփականության ձեռք բերման վաղեմության հիմքերի կեղծ լինելը, հենց նույն քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրված ապացույցների կեղծ լինելու գնահատման հարցերը, բավարար չեն, որպեսզի բեկանվի հենց այդ նույն քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2013թ. որոշումը: Այն դեպքում, որ հենց այդ որոշման միակ հիմքը եղել է ձեռք բերման վաղեմությունը։ Կարծում եմ` սա ոչ այլ ինչ է, քան արդարադատության խոչընդոտում, ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացում, որն առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել կրտսեր Բորիս Վենդինի համար, ով  և հանդիսացել է նշված քրեական գործով միակ տուժողը։ Իսկ հետևանքներն առանձնապես ծանր են, քանզի տուժողը կորցրել է իրեն ժառանգության հիմքով հասանելիք բնակարանը»,- ասում է Գևորգ Դավթյանը։

Փաստաբանն իրավապահ մարմիններին ուղղված հաղորդման մեջ նշել է, որ Վճռաբեկ դատարանի բողոքի վարույթ ընդունումը մերժելու մասին որոշմամբ ակնհայտ է դառնում, որ դատական կազմը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և ակնհայտորեն կայացրել անհիմն որոշում` փաստացի անկատար թողնելով քրեական գործով օրինական ուժ ստացած դատական ակտերը, ինչի հիմքով կրտսեր Վենդինին հասցվել է առանձնապես ծանր վնաս։ Գ. Դավթյանը չի բացառում նաև այլ անհիմն գործողություններ, քանզի այդ գործով շահագրգռվածությունն ակնհայտ է։ Բացի այդ, միևնույն փաստարկներով, առկա նյութերով հեղինակազրկվել է նաև դատական համակարգը, արդարդատություն չի իրականացվել:

Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացրած դատական կազմի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանը ևս հիմքեր է նշել։

Նշված գործով Վճռաբեկ դատարանի կազմը բաղկացած է եղել հետևյալ դատավորներից՝ նախագահող Ռուզաննա Հակոբյան, զեկուցող՝ Ստեփան Միքայելյան, Սուրեն Անտոնյան, Վարդան Ավանեսյան, Արտակ Բարսեղյան, Մամիկոն Դրմեյան, Գոռ Հակոբյան, Տիգրան Պետրոսյան, Էդգար Սեդրակյան և Նախշուն Տավարացյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter