HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս տեղեկությունը հաստատեց Հատուկ քննչական ծառայությունը: 

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, պետք է քններ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատավորը երեկ բավարարեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի և Դատախազության միջնորդությունն ու ինքնաբացարկ հայտնեց: Նման պայմաններում գրավի միջնորդության քննությունը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի:

Ենթադրվում է, որ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու և կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները կքննվեն մեկ վարույթում:

Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը դատարան մուտքագրվել է 2018թ.-ի դեկտեմբերի վերջին, սակայն այդ գործի քննությունը հետաձգվել էր շուրջ տասը օրով, դրանից հետո էլ, փաստորեն, դատավորն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել է:

Քոչարյանի պաշտպաններն այս ընթացքում բարձրաձայնել են գրավի միջնորդության քննության ձգձգման մասին:

Նշենք, որ քննություն իրականացնող մարմնին գրավի միջնորդության քննության ձգձգումն, ըստ էության, ձեռնտու է, քանի որ եթե դատարանը նրա նկատմամբ գրավը թույլատրելի համարեր, ապա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության անհրաժեշտությունն ինքնին կվերանար:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն:

Հաշվարկելով Քոչարյանի` կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` ստացվում է, որ ամենաուշն այսօր քննություն իրականացնող մարմնի կողմից պետք է միջնորդություն ներկայացվեր Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով` վերը նշված միջնորդությունը ներկայացվել է երեկ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter