HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մատչելի բնակարան սպայական կազմի զինծառայողներին. ՊՆ-ի նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հեղինակել է նախագիծ, որով առաջարկում է պաշտպա­նության նախարարության, ոստիկանության, ազգային անվտան­գության և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սպայական կազմի զինծառա­յողներին ՀՀ տարածքում բազմա­բնակարան բնակելի շենքում բնակարան կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկա­վոր­ման ծրագիր: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական e-draft.am կայքում:

Վարկի պայմանները

Ըստ նախագծի՝ վարկերը տրամադրվելու են ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի մինչև 90 %-ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10 % մեծություն: Կանխավճարը տրամադրվելու է պետության կողմից: Վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` առավելագույնը 7 %, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 3 տոկոսային կետը:

Անմիջապես կառուցապատողից բազմա­բնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկառուին իրավունք կտրվի պետությունից հետ ստանալ իր վճարած եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարկը մարվելու է մայր գումարի հավասարաչափ մարումներով, որի դեպքում վարկառուն վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, իսկ տոկոսավճարներն անհավասարաչափ են՝ ընդհանուր վճարները գնալով նվազում են:

Ծրագրի շահառուները

Յուրաքանչյուր տարի  ծրագրի շա­հա­­ռու կարող են դառնալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող, համապա­տասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված`

  • Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400  զինծառայող,
  • ոստիկանության 40 զինծառայող,
  • ազգային անվտան­գության ծառայության 40 զինծառայող,
  • քրեակատա­րո­ղա­կան ծառայության 20 զինծառայող:

Նախկինում նմանատիպ ծրագրերին մասնակցած զինծառայողները չեն կարող կրկին դիմել, ինչպես նաև նշվում է, որ այս ծրագրից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28,5 միլիոն դրամը, ընդ որում՝ մինչև 55 քմ մակերեսը, 56-75 քմ մակերեսը ներառյալ՝ 22,5 միլիոն դրամը, 76 քմ և ավելի մակերեսը՝ 28,5 միլիոն դրամը: Ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցու­­­­ցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում: 

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը ևս հեղինակել էր նման նախագիծ, սակայն նախկինում պայմաններն այնքան էլ մատչելի չէին, ինչպես հիմա. եթե այն ժամանակ վարկի տարեկան առավելագույն տոկոսադրույքի շեմ էր սահմանվել 9 %, այժմ՝ 7% է առաջարկվում, նախկինում տրամադրվելու էր բնակարանի արժեքից 10 % կանխավճար, այժմ կանխավճարն ամբողջությամբ է տրամադրվում:

Հիշեցնենք, որ e-draft.am-ը նախարարությունների աշխատանքային նախագծերի հրապարակման միասնական հարթակն է, և նախագիծը կյանքի կոչվելու համար նախ պետք է գործադիրի, ապա օրենսդիրի հավանությանն արժանանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter